Ոչ մի հայտ «Բջնին» գնելու համար. Սուքիասյանի գործարանի աճուրդը հետաձգվել է գնորդի բացակայության պաճառով

Այս շաբաթ նշանակված «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի աճուրդը չկայացավ, որովհետև գնորդներ այդպես էլ չհայտնվեցին:

Դեկտեմբերի 17-ին նշանակված աճուրդը առաջինը պետք է լիներ այն բանից հետո, երբ ընկերությունը սնանկ հայտարարվեց: Գնորդների համար վերջնաժամկետ էր սահմանված մինչև դեկտեմբերի 16-ը: Սակայն գործարար աշխարհից որևէ մեկը հայտ չներկայացրեց`գործարանը գնելու համար, ինչի պատճառով էլ աճուրդը հետաձգվեց:

Ըստ ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանի` «Բջնի հանքային ջրերի գործարանը» գնահատվել է 5 միլիարդ 184 միլիոն դրամ (մոտ 13 միլիոն 600 հազար դոլար)։

«Բջնին» պատկանում էր խոշոր գործարար և նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, որը 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ սատարում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Բջնին» սնանկ հայտարարվեց, որից հետո ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ գործարանի նկատմամբ հետապնդումները կապված են Տեր-Պետրոսյանին` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ախոյանին, սատարելու հետ:

Մարտիմեկյան դեպքերից հետո Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նա մեղադրվում էր Երևանում տեղ գտած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Այս տարվա սեպտեմբերի 2-ին Սուքիասյանն ինքնակամ հանձնվեց իրավապահներին: Նախաքննության մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա խափանման միջոց կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին:

Իշխանությունները բռնագրավեցին «Բջնի հանքային ջրերի» գործարանը` մեղադրելով «ՍԻԼ» կոնցեռնին պետությունից հարկերը թաքցնելու մեջ: Չարենցավանի «Բջնի» գործարանի վրա 4 միլիարդ դրամի (մոտ 11 մլն դոլար) տուգանք դրվեց: Սուքիասյանը հերքեց մեղադրանքները, չվճարեց տուգանքը, և 2008 թ. հոկտեմբերին գործարանը փակվեց` գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց:

(Անցյալ տարվա հոկտեմբերին Չարենցավանում գտնվող գործարանում աշխատում էր 483 մարդ: «Բջնին» 2008-ին յուրաքանչյուր ամիս 60-70 մլն դրամ` մոտ 157 000-180 000 դոլար, հարկ էր մուծում պետությանը:)

2009 թ. փետրվարին «Բջնին» առաջին անգամ աճուրդի հանվեց: 4 մլրդ դրամով (10 միլիոն 300 հազար դոլար) այն վաճառվեց Հանրապետական կուսակցության պատգամավոր և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

«Մեկ տարի հետո բոլորիդ կհրավիրեմ «Բջնի» գործարան, և կտեսնեք գործարանի հնարավորությունները և այն, թե ինչպես են կատարվում պետության հետ ունեցած պարտավորությունները»,- հայտարարել էր Ռուբեն Հայրապետյանը:

Սակայն աճուրդից 40 օր անց` 2009-ի ապրիլի 2-ին, Հայրապետյանը հրաժարվեց «Բջնիից»: 2009 թ. հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Որպես արդար փոխհատուցում` նրանք խնդրում են պարտավորեցնել ՀՀ-ին տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Գործարանի հաջորդ աճուրդի օրվա մասին ծանուցումը կտպագրվի տեղական մամուլում:

Ըստ ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանի` գործարանն ամբողջությամբ և մեկ լոտով աճուրդի հանելու նպատակն այն է, որ գործարանը հետագայում չփոշիանա:

ՀՀ օրենքի համաձայն`յուրաքանչյուր չկայացած աճուրդի ժամանակ արձանագրվում է գործարանի գնի 20 տոկոս իջեցում:

«Օրենքը սահմանափակում չունի, սակայն եթե շուկայական գնի շատ մեծ փոփոխություն լինի, կառավարիչը պարտավոր է կանգնեցնել աճուրդները»,- ասել է Չիտչյանը:

Անցյալ շաբաթ «ՍԻԼ» կոնցեռնը հայտարարություն տարածեց իրեն պատկանող SIL GROUP ապրանքանշանի ապօրինի օգտագործման վերաբերյալ:

«Ընկերությունը պատասխանատվություն չի կրում «Բջնի հանքային ջրերի գործարանի» սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող և տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի համար, քանի որ այն դուրս է մեր կազմակերպչական և որակական (նաև լաբորատոր) հսկողությունից»,- ասվում է հայտարարությունում:

«Գործարանում ֆիլտրերը նոր են փոխվել, և որակի հետ կապված որևէ խնդիր չկա, անգամ ավելի լավ որակ են ապահովում»,- ասել է Արսեն Չիտչյանը: