Ցանցային խնդիրներ. նոր տարում Հայաստանում ինտերնետի սակագները նվազել են, ծառայության որակը` ընկել

Հունվարի 1-ից անցյալ տարվա համեմատ ինտերնետից օգտվողները մատուցվող ծառայությունների դիմաց վճարում են իջեցված սակագներով, քանի որ Հայաստան մտնող մեծածախ ինտերնետի գները նվազել են: Օրինակ` ինտերնետ ծառայություն մատուցող web.am կազմակերպությունը 1,5 ամսվա ծառայությունը մատուցում է նախկին մեկ ամսվա գներով (12 000-36 00 դրամ/32-96 դոլար):

Սակայն հունվարի 1-ից ինտերնետի արագությունն առնվազն երկու անգամ ավելի դանդաղ և անորակ է նախորդ տարվա համեմատ, անգամ «Հայաստանի չափանիշներով»: Այս խնդրին որոշ ինտերնետ սպառողներ և գրասենյակներ արդեն իսկ բախվել են (բացառություն չէ նաև «ԱրմենիաՆաուի» գրասենյակը):

Մեծածախ ինտերնետի գները նվազել են համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման, ըստ որի, ինտերնետի շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» (ապրանքանիշը` «Բիլայն») և «Ֆայբերնետ քոմյունիքեյշն» ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «IP» տարանցման ծառայությունների համար սահմանվել է առավելագույն սակագին` ամսական 174 000 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն (մոտ 460 դոլար):

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի գնահատմամբ` այս իջեցումը կարող է բացասաբար ազդել ինտերնետի որակի վրա:

«Մինչև այժմ մեծածախ ինտերնետ վաճառողները գնում էին ցածր գնի և ցածր որակի ինտերնետ, որը նրանց համար ապահովում էր բարձր շահույթ: Հիմա, երբ Հայաստանի ներսում մեծածախ գներն իջել են, վտանգը, որ այդ ընկերությունները շահույթ ապահովելու համար դրսից ավելի ցածր գնով համապատասխանաբար այսօրվա եղածից ավելի ցածր որակի ինտերնետ կգնեն, մեծանում է»,- նշում է Վարդանյանը:

Վարդանյանի դիտարկումը կարծես հաստատում է «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը` մեկնաբանելով ՀԾԿՀ որոշումը:

«Սահմանված առավելագույն գինը շատ մոտ է սահմանի վրա ձեռք բերվող ինտերնետի ինքնարժեքին, ինչը բացասաբար է անդրադառնում ներդրումների ծավալի վրա»,- ասում է նա` նկատի ունենալով ներդրումները ինտերնետ շուկայում ենթակառուցվածքների բարելավման համար:

Որակի վատթարացումից խուսափելու համար, ըստ Վարդանյանի, ՀԾԿՀ-ն չպետք է սահմանափակվի վերոնշյալ որոշմամբ, այլ պետք է ավելի խիստ լինի.

«Անհրաժեշտ է, որ երկրում մատուցվող ինտերնետի համար որակի (ազդանշանի կայունություն, որոշակի արագության առկայություն) պահանջներ սահմանված լինեն, հստակ նկարագրված լինի, թե որակական ինչ պահանջների պետք է համապատասխանի մատուցվող ինտերնետը,- ասում է Վարդանյանը: - Հանձնաժողովը պետք է պարտադրի, որ ինտերնետ մատուցող բոլոր ընկերություններն իրենց պայմանագրի մեջ նշեն որակական չափանիշները, ինչը հնարավորություն կտա սպառողին այդ պայմանների բացակայության դեպքում ապացուցելու մատուցվող ծառայությունների անորակությունը»:

Նման մի մտահղացմամբ ՀԾԿՀ է դիմել Հանրային խորհրդի ձեռնարկատիրության ու սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը:

Հղում անելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքին` Սադոյանը ՀԾԿՀ-ից պահանջում է GSM, 3G, 3G+ ցանցերում գերիշխող դիրք զբաղեցնող «ԱրմենՏել» և «Ղ-տելեկոմ» (ապրանքանիշը` «ՎիվաՍել-ՄՏՍ) ընկերություններին պարտադրել հստակ ամրագրված որակ ու գին ապահովել:

2009-ի վերջին ամփոփելով ՏՏ ոլորտը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ անցյալ տարի ինտերնետային ծառայությունների գները կրկնակի իջել են, իսկ ինտերնետից օգտվողների թիվը` կրկնապատկվել:

«Մենք տարին (2009-ը) սկսել ենք 75 000 բաժանորդներով, այս պահի դրությամբ ունենք 150 000 բաժանորդ։ Ընդ որում, GPRS բաժանորդների թիվն արդեն իսկ կազմում է 700 000,- նշել է վարչապետը,- իսկ գների նվազման միտումը կշարունակվի նաև 2010 թվականին»։

Ոլորտում դրական որոշ տեղաշարժեր են արձանագրում նաև մասնագետները` մատնանաշելով մեծածախ ու մանրածախ ինտերնետ մատուցող ընկերությունների շրջանում մրցակցությունը, որը ներկա փուլում, սակայն, ավելի շատ վատացրել է ինտերնետի որակը:

Անցած տարեվերջին երրորդ բջջային օպերատորի մուտքը շուկա ու նրա կողմից ինտերնետ ծառայությունների ցածր սակագների առաջարկը ստիպեց ոլորտի մյուս խաղացողներին վերանայել և ավելի բարենպաստ դարձնել նաև իրենց առաջարկները:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի բնորոշմամբ` այս մրցակցությունն ավելացրեց ինտերնետից օգտվողների թիվն ու, բնականաբար, որոշակիորեն ազդեց որակի վրա:

«Բիլայնի 2009-ի վերջին արված հատուկ առաջարկը «ՀայԼայն» ինտերնետ փաթեթի համար մեծ թվով ինտերնետի բաժանորդներ ավելացրեց, ինչը չէր կարող չազդել որակի վրա: Բաժանորդների մեծ թվի համար պրովայդերների ենթակառուցվածքները դեռ չեն բավարարում»,- նշում է Մարտիրոսյանը: