Օդային մտահոգություններ. քաղավիացիայի նախկին պետը Հայաստանից ավիաընկերությունների հեռանալու մեջ մեղադրում է «բաց երկնքի» քաղաքականությունը

Օդային մտահոգություններ. քաղավիացիայի նախկին պետը Հայաստանից ավիաընկերությունների հեռանալու մեջ մեղադրում է «բաց երկնքի» քաղաքականությունը

Ֆոտոլուր

Ոլորտի փորձագետները երկրում ավիացիայի ազատականացմանն ուղղված «բաց երկնքի» քաղաքականությունը «բլեֆ» են համարում, ինչի հետևանքով դեպի Հայաստան իրենց թռիքներն են դադարեցնում միջազգային տարբեր ավիաընկերություններ, այդ թվում՝ «Լոթը», «Չեխական ավիաուղիները», «Էթիհադը»:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի դիտարկմամբ` Հայաստանը հայտնվել է «վասալային» վիճակում և ամբողջ շուկան տվել Ռուսաստանին:

«Հայաստանի օդային տարածքը միշտ բաց է եղել բոլոր ավիաընկերությունների համար, միակ փակ ժամանակը եղել է մինչև 1995-ը, երբ Թուրքիան միակողմանի շրջափակման էր ենթարկել ՀՀ ավիատարածքը: Երբ սկսվեց հայկական ավիաուղիների՝ «Արմավիայի» սնանկացման գործընթացը, դրանից հետո նոր ավիաընկերություն ստեղծվեց՝ «էյր Արմենիան», ու որոշվեց, որ երկինքը պետք է ազատականացնել՝ հաշվի չառնելով սեփական փոխադրողի շահերը: «էյր Արմենիան» անմիջապես սնանկացավ, քանի որ չդիմացավ դեմպինգային քաղաքականությանը, որ վարում էին ռուսական ընկերությունները»,- ասում է Պետրոսյանը, նշելով, որ Հայաստանը վերածվել է Բուրկինա Ֆասոյի մակարդակի երկրի:

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհրդարանում «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարել էր. Աբու Դաբիի չվերթի փոխարեն մի շարք ընկերություններ ավելացրել են չվերթերը, և ասել, թե բան չի փոխվել «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում, ճիշտ չէ:

«Մեկը պակասում է, մյուսն ավելանում է, նորմալ շուկայական գործընթաց է, և խորանալ պետք չէ»,- ասել էր նախարար Ճշմարիտյանը:

Մինչդեռ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը համոզված է` ոլորտն օտարներին տրամադրելով` անվտանգության խնդիր ենք ունենում:

«Եթե հանկարծ մենք էլ ընկնենք պատժամիջոցների տակ, ինչպես Ռուսաստանը, մենք այլևս չենք կարող թռչել, մեր սեփական ավիացիան չունենք»,- հավելում է Պետրոսյանը:

«Բաց երկնքի» քաղաքականության բացասական արդյունքը քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ կապում է գանձվող բարձր հարկերի հետ: Ներկայացնելով 2011-ին ԱՄՆ ՄԶԳ-ի իրականացրած հետազոտության արդյունքները` Գրիգորյանը նշում է, որ օդակայանի սահմանված հարկերը ուղևորների համար միջին չափի են, մինչդեռ պետության կողմից ուղևորների համար սահմանված հարկերը ամենաբարձրերի շարքում են:

«Օրինակ` երբ օդանավն իջնում է «Զվարթնոց» օդակայան, 2 ժամ կայանելու համար վճարում է 28 հազար 490 եվրո, համեմատության համար նշեմ, որ Ռիգայում մոտ 15 960 եվրո է կայանման գումարը: Գնային տարբերությունը շատ մեծ է, և դա էլ հիմնական պատճառն է, որ տոմսերը շատ թանկ են: Օրինակ՝ 10 հազար դրամ օդի հարկը Գյումրու օդակայանում հանել են, բայց այնտեղից թռիչքների ընդամենը 5 տոկոսն է կատարվում, 95 տոկոսը «Զվարթնոցից է»,- նշում է Գրիգորյանը:

Հայաստանի շատ քաղաքացիներ արտերկիր մեկնելիս նախընտրում են օգտվել Վրաստանի օդակայանից: 2005 թ.-ից Վրաստանում հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությունը կրկնապատկել է ուղևորների թիվը:

«Վրաստանում էժան ավիաընկերությունների (low cost) մուտքը մեծ փոփոխություններ բերեց, և Վրաստանում հիմա շատացել են եվրոպացի տուրիստները»,- ասում է Գրիգորյանը:

Շահեն Պետրոսյանն էլ նշում է. Հայաստանը պետք է ունենա իր ազգային փոխադրամիջոցը` բաժնետոմսերի 50 տոկոսը փաթեթով, որպեսզի լծակներ ունենա մասնավորին վերահսկելու, ինչպես, օրինակ` Air France-ում կամ British airlines-ում է:

«1990-ականներին մենք նման պարիտետ ունեինք Ռուսաստանի հետ, մենք բավարար ուժ ու կամք ունեինք հավասար դիրքերում հանդես գալու համար: Արդյունքում` մենք ունեինք 3 ավիաընկերություն՝ «Հայկական ավիաուղիները», «Արաքս ավիաուղիները» և մեկ բեռնատար ընկերություն՝ «Երավիան»: Նրանք բոլորն էլ շահույթով էին աշխատում»,- ասում է Պետրոսյանը: