«Հայաստանի համը». երիտասարդ ձեռներեցը ԱՄՆ-ում բիզնես փորձն ուսումնասիրելուց հետո հայրենի հողում պահածոների գործարան է հիմնում

«Հայաստանի համը». երիտասարդ ձեռներեցը ԱՄՆ-ում բիզնես փորձն ուսումնասիրելուց հետո հայրենի հողում պահածոների գործարան է հիմնում

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Կարմիր, մսոտ տաքդեղները վառարանից դուրս են գալիս արդեն խորովված վիճակում, որից հետո հայտնվելով հոսքագծի շուրջն աշխատող կանանց ձեռքերում մաքրվում են, լվացվում ու փոխանցվում հաջորդ հոսքագծում աշխատողներին: Տաքդեղին փոխարինում է սմբուկը:
Սարգիս Պողոսյան


«Խորոված ենք պատրաստում: Արդեն փակել ենք լեչո, աճիկա, ախորժակ... Բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ աշխատում ենք, մեզ մարդ ենք զգում»,- ասում է Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչ Ազնիվ Սարգսյանը, ով աշխատում է Եղեգնաձորի պահածոների գործարանում:

Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Եղեգնաձորի պահածոների գործարանը, որը պարապուրդի էր մատնվել Խորհրդային Միության փլուզումից հետո, այս տարվա հունիսից վերագործարկվել է` 200 աշխատատեղ ապահովելով մարզի բնակչության համար:

Եղեգնաձորցի Հայկանուշ Աղաբաբյանը երեք ամիս է` աշխատում է գործարանում: Ասում է` արդեն պահածոյացրել են հոնի, ծիրանի, դեղձի, մոշի կոմպոտներ և մուրաբաներ: Այս պահին էլ պատրաստվում են վարունգի մարինադի անհրաժեշտ պարագաները:

Գործարանի համասեփականատերերից, մասնագիտությամբ մարքեթոլոգ Սարգիս Պողոսյանը, ով Երևանի տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո մեկնել է ուսումը շարունակելու ԱՄՆ-ում, պատմում է, թե ինչպես որոշեց վերադառնալ ու ներդրում անել պարապուրդի մատնված գործարանում:

«Ավարտելուց հետո ԱՄՆ-ում սկսեցի աշխատել բենզալցակայանում, շինարարությունում, անգամ պիցցայի առաքիչ եմ աշխատել: Գրեթե մեկ տարի օրական 20 ժամ աշխատում էի: Հետո սկսեցի բիզնեսով զբաղվել գրեթե երկուսուկես տարի, որոշակի գումար տնտեսեցի ու 2007-ին վերադարձա»,- պատմում է եղեգնաձորցի 32-ամյա գործարարը:

Նա ներկայացնում է հաջողության հասնելու գործարարի իր բանաձևը. շուկայում իր դիրքը զբաղեցնելու և մրցակիցների հանդեպ որոշակի առավելությունների հասնելու համար պետք է ունենալ մրցակցային առավելություններ որևէ մի մասով, այլապես տվյալ արտադրանքը հաջողություն չի ունենա:

«Մենք օգտագործում ենք մեր մարզի յուրահատուկ համը: Ունենք պահածոների 63 տեսականի: Մեր առանձնահատկություններից է պահածոյացված տոլմայի վեց տեսականին՝ մսով, բրնձով, բրնձով ու ոսպով, խաղողի թփով, կաղամբով և պասուց: Պահածոների պիտանիության ժամկետը երկու տարի է»,- ասում է Պողոսյանը:

Գործարանն ունի մեծ քանակությամբ պահեստավորված խաղողի թուփ, ինչը նշանակում է, որ ձմռան ամիսներին կշարունակի աշխատել: Նա նշում է, որ հայկական տոլման մեծ պահանջարկ է վայելում Ռուսաստանում, և այն համարվում է իրենց բավական հաջող աշխատող արտադրանք:

«Ռուսական մեկ ցանցի պատվերով հնարավորություն ունենք, որ ամբողջ ձմեռ կոլեկտիվն աշխատի: Իսկ ընդհանրապես ռուսական շուկայում հայկական պահածոները 20-30 տոկոսով թանկ են վաճառվում Ռուսաստանում արտադրված պահածոներից միայն նրա համար, որ հայկական են: Արդեն ունենք ռուս գնորդ: Ռուսական շուկայում մեր բրենդը կլինի «Վկուս Արմենիի», ներքին շուկայում մենք դեռևս արտադրանք չունենք, սակայն արդեն ունեն պայմանագրեր, արտադրանքի մնացած մասը ամբողջովին կարտահանվի Ռուսաստան, Բուլղարիա, Բելառուս»,- ներկայացնում է Պողոսյանը:

Խնդիրները, ըստ նրա, առաջանում են ռուսական ռուբլու կուրսի տատանումների հետևանքով, ինչը թույլ չի տալիս գոնե տասը օրվա համար մոտավոր ծրագիր մշակել, հաշվարկներ անել: Այդուհանդերձ, կան նաև ծրագրեր, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի մուտք գործել նաև եվրոպական շուկա:

Գործարանը համագործակցում է «Էկոգլոբ» կազմակերպության հետ, որը միջազգային ճանաչում ունեցող օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության սերտիֆիկացման մարմին է և աջակցում է տեղական օրգանական շուկաների զարգացմանը` բացելով դռները դեպի միջազգային օրգանական սննդամթերքի շուկա:

Պողոսյանը նշում է. Վայոց ձորի մարզի հողերը այն հազվագյուտ հողերից են, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, և հենց այստեղ է հնարավոր էկոլոգիապես մաքուր գյուղմթերք արտադրել:

«Եթե հասնենք նրանք, որ մարզի հողերը սերտիֆիկացնեն, «Էկոգլոբը» մեզ լիցենզիա կտա, ինչը հեռանկարներ կբացի մեր առաջ: Լոլիկը, որ գյուղացին շուկայում վաճառում է 150 դրամով, վատագույն դեպքում՝ 30-40 դրամով վերամշակման հանձնում, կվաճառի 500-1000 դրամով: Արդեն ունենք նախագիծ, թե ինչպես կհամագործակցենք գյուղացիների հետ»,- բացատրում է Պողոսյանը:

Նա նշում է, որ մարզում գյուղական ընտանիքները 2000-3500 քմ սեփական հողատարածք ունեն: Գյուղացիներին կառաջարկվի համագործակցության երկու տարբերակ՝ գործարանը կօգնի դեղորայքով ու բուժանյութերով, որի տարբերությունը դուրս կգան վերջում՝ գյուղացուն վճարելու ժամանակ, կամ գյուղացին ինքը կդառնա իր հողի վրա աշխատող՝ 150 հազար դրամ աշխատավարձով:

«Պայմանագրի համաձայն կերաշխավորենք՝ տնից երկու հոգի կաշխատեն այդ հողի վրա: Այսինքն` ընտանիքը իր սեփականաշնորհած հողը կներդնի, աշխատելով նույն հողում, ամեն ամիս կայուն` 300 հազար դրամ աշխատավարձ ունենալով,-ներկայացնում է Պողոսյանը: - Ու սա դեռ սկիզբն է, մեր խնդիրը մեծ ու տարողունակ շուկա ունենալն է»: