Ճգնաժամ 2009. համաշխարհային խնդիրները հասնում են Հայաստան

Անցնող տարին փորձությունների տարի դարձավ Հայաստանի տնտեսության համար` հանգեցնելով տնտեսական աննախադեպ ու անսպասելի անկման վերջին 10 տարիներին շարունակվող տնտեսական աճի ֆոնին:

Հայաստանն անմասն չմնաց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, որն ի հայտ բերեց տնտեսության թույլ կողմերը, որոնց մասին ոմանք զգուշացնում էին, սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց դրան` հիմնականում կենտրոնացած լինելով անկայուն աղբյուրներով (այսինքն` հանքարդյունաբերություն, շինարարություն) ապահովվող աճի` վտանգավոր հավասարակշռության վրա:

2009-ի 11 ամիսներին գրանցվեց 16 տոկոս տնտեսական անկում` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ինչը հնարավորություն է տալիս կանխատեսել ավելի քան 15 տոկոս տնտեսական անկում ողջ տարվա համար:

90-ականներին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, ֆինանսիստ Բագրատ Ասատրյանը նշում է, որ տնտեսական անկումն ավելի մեծ կլինի, եթե համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) վերածվի դոլարի:

«Անցյալ տարի դոլարային տեսքով ՀՆԱ-ն կազմում էր 12 մլրդ, այս տարի այն կլինի մոտավորապես 8 մլրդ, ինչը նշանակում է, որ տնտեսական անկումը կլինի ավելի քան 30 տոկոս»,- ասում է Ասատրյանը:

Տնտեսությունը կաթվածահար արած տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար Հայաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր մշակեց, որի էությունը, ինչպես բացատրում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հետևյալն է.

«Էապես ավելացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը, բարելավել միջավայրը փոքր և միջին բիզնեսի համար, օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, որոնք ունեն համաշխարհային կոնյունկտուրայի բացասական ազդեցությամբ պայմանավորված ժամանակավոր դժվարություններ»։

Ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը նաև արտասահմանյան վարկեր վերցրեց, որը հանգեցրեց Հայաստանի արտաքին պարտքի եռապատկմանը, քանի որ երկրի պետական պարտքը նախկին 13 տոկոսից այս տարի դարձավ 37 տոկոս (այժմ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 3,6 մլրդ դոլար):

Ընդ որում, Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի գնահատմամբ` 2011-ին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսին, ինչը լուրջ անհանգստության տեղիք է տալիս, և որոշ տնտեսագետներ մտավախություն ունեն, որ դրանով կսասանվի երկրի հեղինակությունը:

2009-ին տնտեսական անկման հիմնական պատճառ դարձավ երկրի տնտեսության կախվածությունը որոշակի ոլորտներից, այն է` հանքարդյունաբերությունից (ճգնաժամի հետևանքով դադարեցին գործել երկու խոշոր ու մի շարք փոքր հանքարդյունաբերական գործարաններ) և շինարարությունից (2009-ի հունվար-նոյեմբերին 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության ծավալները կրճատվել են 38,4 տոկոսով):

Ու չնայած տնտեսությունը դիվերսիֆիկացնելու կառավարության փորձերին` այս երկու ոլորտները նույնպես ուշադրության արժանացան: Կառավարությունը գարնանը որոշեց երաշխավորել շինարարությունն ավելի քան 50 մլն դոլարով, իսկ տնտեսությունը կայունացնելու համար ներգրաված վարկերից ֆինանսավորեց հանքարդյունաբերության ոլորտը:

Ասատրյանի գնահատմամբ, սակայն, հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում կառավարության ձեռնարկած քայլերն արդյունք չտվեցին, քանի որ երկրում առկա են համակարգային խնդիրներ:

«Համակարգային խնդիրներից են իրականում գոյություն ունեցող օլիգոպոլ համակարգն ու կոռուպցիան: Օլիգարխիայի էությունն այն է, որ չպետք է թողնեն տնտեսությունը նորմալ զարգանա, իսկ կոռուպցիան ուղղակի սպանում է տնտեսությունը»,- նշեց Ասատրյանը:

Ի հետևանք` 2009-ին ամենաակնհայտ անկումն արձանագրվեց սոցիալական ապահովության ոլորտում, որտեղ աղքատների թիվն ավելացել է 90 000-ով, այսինքն` 3 տոկոսով ավելի` նախորդ տարվա համեմատությամբ, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը` ավելի քան 11 տոկոսով:

2008-ի վերջին ու 2009-ի առաջին երկու ամիսներին դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակում էր կայուն մնալ` ի հակադրություն միջազգային միտումների, երբ դոլարն արժևորվում էր: Հայաստանի կենտրոնական բանկն անցավ լողացող փոխարժեքի միայն մարտի 3-ին` այսպես որակված «սև երեքշաբթի» օրը, երբ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 300-ից հասավ 360-ի:

ԱՄՀ հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Նինկե Օմեսը նաև դեկտեմբերի սկզբին անդրադարձավ այս խնդրին. ԱՄՀ պաշտոնյայի խոսքով` դեռևս հունվարից ինքը հորդորում էր հրաժարվել ֆիքսված փոխարժեքից, որը Հայաստանին 700 մլն դոլար արտաքին պահուստների կորուստ արժեցավ:

Դոլարի արժևորմամբ պայմանավորված արտահանման սպասվող աճ նույնպես չգրանցվեց: Թեև կառավարությունը պարզեցրեց արտահանման գործընթացները, նոյեմբերից վերացվեց 2007-ից գործող Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի, խեցգետնի և պանրի արտահանման արգելքը, սակայն 2009-ի 11 ամիսներին արտահանումը նվազեց 37,4 տոկոսով` կազմելով 624 մլն դոլար: