Մտորելով ճգնաժամային 2009-ի շուրջ. հետազոտական կենտրոնը ներկայացնում է ճգնաժամային տնտեսության տարվա վերլուծությունը

Հայաստանի առաջատար հետազոտական կենտրոններից մեկի վերլուծության համաձայն`2009 թ. Հայաստանի տնտեսությունը գրանցել է ամենամեծ անկումը ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների շարքում:

Ըստ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի վերլուծության` վերոնշյալ երեք տարածաշրջաններում Հայաստանից ավելի վատ արդյունք են գրանցել միայն երեք նախկին խորհրդային հանրապետությունները` Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք ներկայումս Եվրամիության անդամ երկրներ են:

Կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն ասում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին, քանի որ այդ աննախադեպ ճգնաժամին պատրաստ չեն եղել ո´չ երկրների կառավարությունները, ո´չ էլ մասնավոր հատվածը:

Համաձայն այդ վերլուծության` Հայաստանում ճգնաժամին նպաստել է մետաղի գների անկումը՝ չնայած 2009 թվականի տվյալներով հանրապետության մետաղագործական ոլորտը 7,6 տոկոս աճ է գրանցել:

«Ճգնաժամը երևան հանեց տնտեսությունների խոցելիությունները, իսկ դրա խորքային պատճառը ֆինանսական ու իրական հատվածների միջև գլոբալ անհամաչափությունն է, ինչպես նաև անհամամասնությունը հենց ֆինանսական հատվածի ներսում, միջազգային առևտրում»,- ասում է Հերգնյանը:

2009 թվականը Հայաստանը փակեց 14,4 տոկոս տնտեսական անկումով, ինչը համապատասխանում էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումներին: Այս տարվա սկզբից տնտեսության դանդաղ, բայց հաստատուն աճ է կանխատեսվում:

Տնտեսական անկման բարձր մակարդակի համար ընդդիմությունն իշխանություններին մեղադրեց ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով հակաճգնաժամային քայլեր չձեռնարկելու մեջ: Մասնավորապես, Հայ հեղափոխական դաշնակցությունը կարծիքով` պետք էր կրճատել սոցիալական ծախսերը` արտաքին աղբյուրներից վարկեր վերցնելու փոխարեն:

2010 թվականի համար կառավարությունը նախատեսել է 1,2 տոկոս տնտեսական աճ, որը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ, զգուշավոր կանխատեսում է, քանի որ այն հնարավոր է ավելի բարձր լինի: ԱՄՀ-ն ավելի լավատես է եղել ու կանխատեսել է մինչև 2 տոկոս աճ:

Ըստ Հերգնյանի` իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ տնտեսության անկումն առավել խորն է, ընթացիկ հաշվի (արտահանման և ներմուծման տարբերությունը) դեֆիցիտ է գրանցվել, ինչը ճգնաժամը տարածելու հիմնական պատճառն է դարձել:

«Հայաստանի պայմաններում ամենալուրջ անհամամասնությունը, որը հանգեցրել է անկման, տնտեսության դեֆորմացված կառուցվածքն էր, մասնավորապես այն, որ շինարարությունն անհամեմատ մեծ տեսակարար կշիռ ուներ տնտեսության կառուցվածքում, որը մի քանի անգամ գերազանցում է տվյալ ցուցանիշը մնացած երկրների համեմատ»,- ասում է Հերգնյանը:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը դրական է համարում անցյալ տարի մարտի 3-ին կառավարության` դոլարի «լողացող» փոխարժեքին անցնելու որոշումը, սակայն կարծում է, որ դա ուշացած քայլ էր:

Հերգնյանի գնահատմամբ` ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարությունը համարժեք չարձագանքեց ճգնաժամին, քանի որ գերակշռում էր այն մոտեցումը, թե ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, քանի որ Հայաստանի տնտեսությունը լավ ինտեգրված չէ միջազգային շուկային:

«Տրանսֆերտներով սնվող շինարարությունը չի կարող կայուն լինել: Արտահանումների խթանումը պետք է գերակայություն դարձնել»,- ասում է Հերգնյանը, ով կարծում է, որ կառավարությունը պետք է ուժեղացնի իր վերլուծական կարողությունները և մշակի ճգնաժամը հաղթահարելու ռազմավարական մոդել: