Մի հոգս ավել. Երևանը և հարակից տարածքները սպասարկող ջրամատակարարող ընկերությունը փորձում է բարձրացնել ջրի սակագինը

Հուլիսից Երևանում և հարակից տարածքներում` թե´ սովորական, թե´ կորպորատիվ սպառողների համար ջրի սակագինը կբարձրանա ավելի քան 14 տոկոսով այն բանից հետո, երբ սակագնի փոփոխության խնդրանքով «Երևան ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Եթե սակագինը հաստատվի, ապա գնաճը հավելյալ բեռ կդառնա բնակիչների և ձեռնարկությունների համար, որոնք հաջորդ ամսից սկսած ստիպված են լինելու ավելի շատ վճարել նաև բնական գազի համար:

Ջրի 1 խորանարդ մետրը կարժենա շուրջ 206,9 դրամ (54 սենթ)` ներկայիս գնից 7 սենթով ավելի:

Երևան քաղաքը և հարակից 31 գյուղերը սպասարկող «Երևան ջուր» ՓԲԸ առևտրային տնօրեն Գագիկ Մարգարյանի խոսքով` այդ թանկացումը չի առնչվում ապրիլից սպասվող գազի սակագնի 37,5 տոկոսով բարձրացման հետ:

«Ջրի սակագնի բարձրացումը միշտ պայմանավորված է չորս գործոններով`Էլեկտրաէներգիա, սղաճ, դրամի ու եվրոյի փոխարժեք և վաճառված ջրի ծավալ: Քանի որ էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանալու, այդ 14,3 տոկոսը կազմվել է մյուս երեք գործոններով, քանի որ Հայաստանում պաշտոնական տվյալներով կա սղաճ, եվրոյի փոխարժեքը տատանվում է, ջրի սպառումը` նվազում»,- ասաց Մարգարյանը:

Ընկերության 2009 թ. ջրարտադրության ծավալները կազմել են 362,8 մլն խմ` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 2,5 տոկոսով: 2010 թ. համար կանխատեսվում է 345 մլն խմ ջրարտադրության ծավալ, այսինքն` 4,9 տոկոսով նվազում:

Մարգարյանի հաղորդած տվյալներով`18 խոշոր ընկերություններ, նախորդ տարվա համեմատությամբ, 4-5 մլն խմ-ով նվազեցրել են ջրի օգտագործումը, որը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով:

Մարգարյանի կարծիքով` սակագների բարձրացումը ջրի սպառման ծավալներն ավելի չի նվազեցնի, այլ, ամենայն հավանականությամբ, ձեռներեցները կբարձրացնեն իրենց արտադրանքի գինը: