Եվրոն գահավիժում է. Հունաստանում ճգնաժամը կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ է ենթադրում Հայաստանի համար

Թեև Հայաստան ապրանքներ ներմուծողները և հայաստանցի զբոսաշրջիկները հնարավոր է ուրախանան Եվրամիության միակ արտարժույթի` եվրոյի անկմամբ, որը շարունակվում է Հունաստանում ստեղծված լուրջ սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառով, փորձագետներն ասում են, որ եվրոյի անկումը երկարաժամկետ պլանով կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա:


Հունաստանը, որը Եվրամիության 27 անդամ երկրներից է և գտնվում է եվրագոտում, ծանր պարտքերի պատճառով հայտնվել է ճգնաժամի մեջ և, չնայած հսկայական միջազգային աջակցությանը, շարունակում է սպառնալ ԵՄ-ի ֆինանսական կայունությանը: Հունաստանի արտաքին պետական պարտքը կազմում է 300 մլրդ եվրո (366 դոլար), իսկ ընդհանուր պարտքը հավասար է ՀՆԱ-ի 113%-ին:

Փորձագետներն ասում են, որ Հունաստանի ճգնաժամն անուղղակիորեն կարող է ազդել նաև եվրագոտուց դուրս գտնվող երկրների, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա:

Հայաստանում փետրվարի սկզբին մեկ եվրոն կարելի էր գնել 580 դրամով: Դեռևս մի քանի շաբաթ առաջ Երևանում` արտարժույթի փոխանակման կետերում եվրո կարելի էր գնել 545 դրամով: Այժմ մեկ եվրոյի փոխարժեքը կազմում է 465-475 դրամ:

Վերջին ամսվա ընթացքում եվրոյի շարունակական անկումը Հայաստանի տնտեսության վրա կարող է և´ բացասական, և´ դրական հետևանքներ ունենալ: Չնայած դրան` ըստ տնտեսագետների մեծ մասի, եվրոյի անկումը ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ Եվրամիությունը և Հայաստանն ունեն բավական սերտ տնտեսական հարաբերություններ, իսկ եվրագոտու խնդիրները կազդեն նաև այդ հարաբերությունների վրա:

Ըստ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ, տնտեսագետ Սևակ Հովհաննիսյանի` քանի որ եվրոյի փոխարժեքի տատանումները ոչ թե առաջնային գործոն են, այլ հետևանք եվրագոտում առկա խնդիրների, ապա եվրոյի անկումը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

2009 թվականի տվյալներով` դեպի Եվրամիության երկրներ են կատարվել Հայաստանի արտահանումների գրեթե կեսը` 45 տոկոսը, և ներմուծումների գրեթե մեկ երրորդը` 27 տոկոսը:

«Կարճաժամկետ պլանում եվրոյի անկումը կարող է ազդել ապրանքաշրջանառության վրա, քանի որ եվրոպական ապրանքները մեզ համար էժանացել են, իսկ մեր ապրանքները եվրոպացիների համար` թանկացել »,- ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ եվրոյի ցածր փոխարժեքից կարող են օգուտ քաղել ԵՄ-ից ապրանք ներմուծողները: (Միևնույն ժամանակ, եվրագոտու երկրներում նաև կաճի իրենց ապրանքների և ծառայությունների գնային մրցունակությունը:)

Տնտեսագետը կարծում է, որ երկարաժամկետ պլանում եվրոյի անկումը ավելի բացասաբար կազդի Հայաստանի վրա:

«2009 թվականին Հայաստանում օտարերկրյա ներդրումների 35 տոկոսը ԵՄ ընկերությունների կողմից է արվել: Փոխարժեքի անկման դեպքում Հայաստանում ծախսերը նրանց համար կթանկանան»,- ասում է Հովհաննիսյանը:

Ըստ նրա` եվրոյի անկումը ձեռնտու չէ նաև Հայաստան-ԵՄ միջկառավարական համագործակցության տեսանկյունից:

«ԵՄ-ը Հայաստանի խոշորագույն դոնորներից մեկն է: Եթե ԵՄ-ում ներքին խնդիրները մեծանան, ապա նրանք դրամական միջոցներն առաջնահերթ կուղղեն իրենց խնդիրների լուծմանը»,- ասում է տնտեսագետը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք եվրոյի անկումը չի՞ մեծացնի հայ զբոսաշրջիկների հոսքը դեպի եվրոպական երկրներ, Հովհաննիսյանն ասում է, որ այստեղ ամեն ինչ ավելի շատ կախված է Եվրոպայում գործող գներից, որոնք դեռ շարունակում են բարձր մնալ հայերի համար:

Երևանի «Geographic travel club» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Պետրոսյանն ասում է, որ դեպի եվրոպական երկրներ զբոսաշրջիկների հոսքը վերջին ամիսներին բավականին ավելացել է, սակայն, ըստ նրա, առաջնային պատճառը ոչ թե եվրոյի անկումն է, այլ ավիատոմսերի գների իջեցումը:
Ապրիլին Իսլանդիայի հրաբխի պատճառով մեծ ֆինանսական վնասներ կրած եվրոպական ավիաընկերությունները փորձում են հաղթահարել իրենց վնասները` նաև ավելի էժան ավիատոմսեր առաջարկելով իրենց հաճախորդներին: