Ճգնաժամի հաղթահարման ճանապարհ. Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները հուսադրող են, ԱՄՀ-ն լավատեսորեն է տրամադրված

Այս տարի Հայաստանում տնտեսական աճի ավելի լավատեսական սցենար է կանխատեսվում, որը պայմանավորված է անցյալ տարվա տնտեսական ճգնաժամի հաղթահարման ակնկալվածից ավելի բարձր տեմպերով:


Հինգշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ իր կառավարության հակաճգնաժամային ծրագիրը դրական արդյունք է տալիս` օգնելով հաղթահարելու անցյալ տարի երկրի ունեցած ամենածանր տնտեսական ճգնաժամը:

2001 թ.-ից Հայաստանում երկնիշ տնտեսական աճ էր գրանցվել, որն ավարտվեց անցյալ տարի, երբ համաշխարհային ճգնաժամի խորացման պայմաններում երկրի տնտեսությունը 14,4% անկում գրանցեց: Անցյալ տարվա վերջին կառավարությունը 2010 թ. համար 1,2% համեստ աճ կանխատեսեց: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տարեկան հաշվարկով արձանագրված 7,2% աճը հիմք է տալիս ակնկալելու ավելի բարձր աճ ամբողջ տարվա համար:

«Մենք պետք է հետևողական շարունակենք մեր աշխատանքներն այս ուղղությամբ և ավելի շատ պետք է արդեն կենտրոնանանք 2011 թ. տնտեսական աճի վրա` ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել»,- ասել է Սարգսյանը կառավարությանը` խոստանալով թափանցիկություն կառավարության որոշումներում և հետևողական հաշվետվություն հասարակությանը:

Հայաստանի իշխանությունների լավատեսությանն արձագանքել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որը Հայաստանին վարկեր տրամադրող միջազգային խոշոր դոնոր կազմակերպություններից է:

Ճգնաժամի հաղթահարման Հայաստանի ցույց տված այս տարվա տեմպերը ստիպել են ԱՄՀ-ին վերանայել տարվա կտրվածքով երկրի տնտեսական աճի մասին կանխատեսումները:
Հայաստան այցելած պաշտոնյան այս շաբաթ ասել է, որ հնարավոր է 2010 թվականին երկրում արձանագրվի 4%:տնտեսական աճ:

«Թեև տնտեսական պայմանները դեռևս լավ չեն, սակայն Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Հայաստանի ֆինանսական հատվածն ամուր է, պետական ֆինանսները լավ են կառավարվում, իսկ արտաքին փոխանցումների ծավալը վերականգնվում է», - ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը` չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:

«Այդուհանդերձ, թեև ճգնաժամն անցել է, ի հայտ են եկել կարևոր միջնաժամկետ մարտահրավերներ. խթանել աճը` միևնույն ժամանակ նվազեցնելով աղքատությունը, կրճատել պարտքերը և պահպանել ֆինանսական կայունությունը»,- հավելել է Լյուիսը` մայիսի 6-19-ը իր երևանյան այցն ամփոփող հայտարարությունում:

Նախագահ Սարգսյանը, ինչպես հայտնում են նախագահի մամլո գրասենյակից, նույնպես հույս է հայտնել, որ «2010 թվականը բավականին աշխույժ տարի է լինելու Հայաստանում տնտեսական վերականգնման առումով»: ՀՀ նախագահը նաև հավելել է. «Միևնույն ժամանակ` այս տարի մենք պետք է կարողանանք առավել ակտիվ աշխատել բարեփոխումների շարունակման ուղղությամբ»:

Ըստ Լյուիսի` ԱՄՀ-ն Երևանում աշխատանքային մակարդակով ՀՀ կառավարության հետ ձեռք է բերել նոր պայմանավորվածությունների շուրջ համաձայնություն։ Նախատեսվում է, որ ԱՄՀ տնօրենների խորհրդի հաստատմանը ծրագրերի հայտը կներկայացվի հունիսի վերջին: Ծրագրերի շրջանակում Հայաստանին հատկացվելիք ֆինանսավորումը կկազմի 392 մլն դոլար, որը կընդգրկի մինչև 2013 թ. հունիսը։ Լյուիսը նշել է, որ ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից հունիսի վերջին ծրագիրը հաստատելուց հետո Հայաստանն անմիջապես հնարավորություն կունենա այդ միջոցներից ստանալ շուրջ 52 մլն դոլար: