ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահը կանխատեսում է, որ դրամի արժևորումը կշարունակվի, սակայն տնտեսական աճը «հուսալի չէ»

Վերջին երկու շաբաթում դրամի նկատվող արժևորումը (1 դոլարի փոխարժեքը 400-ից իջել է մոտ 375-78 դրամ) դեռ կշարունակվի, քանի որ այս տարվա հինգ ամսում 64 տոկոսով աճել են արտահանման ծավալները, աճել են նաև մասնավոր տրանսֆերտները, սակայն ամենամեծ գործոնը, ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, «ինչ-որ անձանց ցանկությունն է»:

«Արտարժույթի կամ գների փոփոխությունը մեր երկրում անկանխատեսելի է, քանի որ չեն գործում տնտեսական օրինաչափություններ կամ գործոններ»,- ասում է Ասատրյանը, որը 1994-1998 թթ. եղել է ԿԲ նախագահ:

Ըստ նրա` ամեն ինչ որոշվում է «փակ սենյակներում և առանձին անհատների կամքով», և այդ որոշումների վրա «որևէ ազդեցություն չեն ունենում անգամ տնտեսական քաղաքականությունը մշակող բարձրաստիճան պաշտոնյաները»:

«Ես ասել եմ նախկինում` եթե ես էլ պաշտոնյա լինեի, գուցե որևէ բան չկարողանայի փոխել, քանի որ որոշում կայացնողները ԿԲ ղեկավարները կամ նախարարները չեն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ասատրյանը:

Նախկին պաշտոնյան վստահ է, որ հենց այդ օլիգարխիկ համակարգի պատճառով է, որ «երբ միջազգային շուկայում իջնում են ապրանքների գները, Հայաստանում, միևնույն է, դրանք բարձրանում են»:

«Վերջին մեկ տարում բենզինը Հայաստանում թանկացել է մոտ 34 տոկոսով, մինչդեռ միջազգային շուկայում դրանք գրեթե չեն փոփոխվել, պարենային ապրանքները միջազգային շուկայում իջել են 5-10 տոկոսով, Հայաստանում` բարձրացել մոտ 20 տոկոսով»,- ասում է Ասատրյանը:

Վերջին չորս ամսում արձանագրված 7,2% տնտեսական աճը` նախորդ տարվա մոտ 14 տոկոս աննախադեպ տնտեսական անկման ֆոնին, կառավարության անդամներին ճգնաժամի հաղթահարման հույսեր է ներշնչում, մինչդեռ Ասատրյանն ասում է, որ այդ աճն ուրախալի է, սակայն «փխրուն է և հուսալի չէ»:

«Դա հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում մետաղի, մասնավորապես` պղնձի գների աննախադեպ աճով`7000 դոլար մեկ տոննայի դիմաց (2009-ի 3000 դոլար էր), սակայն միայն մետաղի արտահանմամբ տնտեսական աճը չի կարող հուսալի լինել»,- ասում է Ասատրյանը: