Հաղթահարելով ճգնաժամը. կառավարության հաշվետվության համաձայն` Հայաստանում կենսամակարդակը բարձրացել է

Ըստ այս շաբաթ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության` 2010 թ. առաջին 5 ամիսներին տնտեսության աննախադեպ աճ է նկատվել: Տեղական հեռուստաընկերությունները շարունակ խոսում են այն մասին, որ իրավիճակը երկրում բարելավվել է, ճգնաժամը մնացել է հետևում, և այդ ամենը`շնորհիվ կառավարության ճիշտ քաղաքականության:

Անկախ տնտեսագետները հայտարարում են, որ ՀՆԱ-ի աճը ոչ թե կառավարության տնտեսական քաղաքականության արդյունք է, այլ պայմանավորված է հանքարդյունաբերության արտադրանքի համաշխարհային շուկայում իրավիճակի բարելավմամբ:

Այս մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները` Հայաստանում մետաղի արդյունաբերության ֆիզիկական ծավալը 2008-2010 թթ. աճել է 9,7%-ով:

Հինգ ամիսների ընթացքում ամենամեծ աճը գրանցվել է արտահանման ոլորտում` 64,5%, սակայն արտահանման գերակշռող մասը կազմում է հանքարդյունաբերության արտադրանքը: Ընդ որում, Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի նախկին տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը նշել է, որ ստվերային հատվածի ամենամեծ բաժինը գտնվում է հենց հանքարդյունաբերության ոլորտում:

Մակրոտնտեսական ցուցանիշները, իրոք, աճել են. հունվար-մայիս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՆԱ-ն աճել է 8,8 %-ով: Սակայն տեղի տնտեսագետներն ու միջազգային փորձագետները պնդում են, որ Հայաստանի տնտեսության թույլ կողմը մնում է խոշոր բիզնեսի վրա հենվելը, որը թույլ չի տալիս զարգանալ փոքր ու միջին բիզնեսին: Կառավարությունն ընդունում է այս փաստը և խոստանում խթանել փոքր ու միջին բիզնեսը, սակայն գործը հայտարարություններից այն կողմ չի անցնում:

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին 344 խոշոր հարկ վճարողների արտադրանքի իրացումից եկամտի ընդհանուր գումարը 11,5 %-ով ավելի էր, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում (604,6 մլրդ դրամ կամ 1,5 մլրդ դոլարից մի փոքր ավելի):

Հարկերից ստացված ընդհանուր գումարն աճել է 13,6 %-ով: Սա նշանակում է, որ խոշոր բիզնեսը բարգավաճում է: Հատկապես, ապրանքների արտահանման և մանրածախ առևտրի ոլորտում: Անցյալ տարի 136 խոշոր մանրածախ առևտրային ձեռնարկություններ ապահովել են երկրի բոլոր խանութների ընդհանուր շրջանառության 52%-ից ավելին: Իսկ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին փոքր խանութների թիվը, 2009 թ. միջին տարեկան ցուցանիշի համեմատությամբ կրճատվել է 1,7 հազար օբյեկտով:

Ընդ որում, գնաճը շարունակվում է, ինչը նշանակում է, որ բնակչության կենսամակարդակը նվազում է:
2010 թ. հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 7,6 տոկոսով, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ ինդեքսն աճել է 4,2 %-ով և մայիսին արդեն կազմել է 5,3%: «Բնակվարձ, գազ և էլեկտրաէներգիա» խմբի սակագների աճը կազմել է 13,8%: Ընթացիկ տարվա հունվար-մայիսին պարենային ապրանքների գներն աճել են 5,5%-ով, հագուստի և կոշիկի` 11,4%-ով, բուժսպասարկման և դեղամիջոցների` 8,8%-ով:

Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով` բնակչության մեկ շնչին ընկնող նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմել է ընդամենը 20457,1 դրամ (53 դոլար):