Սպասելով ալիքին. Հայաստանը պատրա՞ստ է ավելի շատ տնտեսական մարտահրավերներիԵրկուշաբթի Ջերմուկում (Վայոց ձորի մարզ) տեղի ունեցած գյուղական համայնքների առաջին համաժողովի ընթացքում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին իր ելույթում նշել է, որ ՀԲ վարկային պորտֆելի մոտ 60 տոկոսից ավելին տեղակայված է Հայաստանի գյուղական վայրերում, և Հայաստանի տնտեսությունը դեմ առ դեմ կանգնած է եվրագոտու ճգնաժամից առաջացած խառնաշփոթի առջև: Նա ասել է, որ վիճակն ավելի է վատանում սննդամթերքի գների աճի պատճառով, և մասնավորապես Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ: Հապիին բավական կոշտ կերպով արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ասելով, թե դեռ որևէ մեկը չի բնորոշել, որ ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն Հայաստանում առկա է: «Ձեր ելույթից այս մարդիկ կարող է մտածեն, թե ճգնաժամը եկել, չոքել է մեր դռանը»,- ասել է նախագահը: Հայաստանն այն երկրների թվում էր, որի տնտեսությունը մեծապես տուժեց ճգնաժամի առաջին ալիքից` 2009-ին արձանագրելով 14,4 տոկոս անկում: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը թեև ասում է, որ չի կարող հստակ կանխատեսումներ անել` արդյոք Հայաստանի տնտեսությունը կդիմանա՞ ճգնաժամի երկրորդ ալիքին, թե՞ ոչ, սակայն նաև նշում է, որ Հայաստանի տնտեսությունն ապաքինման փուլում է և չի կարող միանգամից ոտքի կանգնել: Մանասերյանի խոսքով` այս գարնանը տնտեսության դիվերսիֆիկացման վերաբերյալ նախագահ Սարգսյանի հանձնարարականները մինչ օրս չեն իրականացել: «2008-ին թվում էր` պատրաստ էինք ճգնաժամին, ինքնավստահություն կար, որը, սակայն, արդարացված չէր: Նախագահի շատ առաջադրանքներ, կարծես, կառավարության մոտ տեղ չեն հասել: Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ այն առումով, որ ունենք մոնոպոլիաներ, որոնք գնային քաղաքականություն են թելադրում»,- ասաց տնտեսագետը` շեշտելով, որ գնաճի դեմ պայքարը պետք է կարգավորի ոչ միայն Կենտրոնական բանկը, այլ նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և պետեկամուտների կոմիտեն: Մանասերյանի խոսքով` մեծ պայքար պետք է ծավալվի նաև ստվերայնության դեմ: |
|