Համաշխարհային փոթորիկ-2. տնտեսագետի կարծիքով` ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է ավելի ծանր հարված հասցնել Հայաստանին

Տնտեսագետ Գրիգոր Հայրապետյանը կարծում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է ավելի վատ վիճակում հայտնվել, քան հայտնվել էր մի քանի տարի առաջ առաջինի դեպքում, երբ ՀՆԱ-ի կայուն աճը միանգամից կանգ առավ, և գրանցվեց կտրուկ անկում:

Տնտեսագետն ասում է, որ ճգնաժամի երկրորդ ալիքը ողջ աշխարհում ինքնին ավելի խոր կլինի, քանի որ ներկայումս համաշխարհային տնտեսությունը շատ ավելի թույլ է, քան առաջինի ժամանակ էր:

Չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայրապետյանը հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է տրանսֆերտներից (տարեկան 2-2,5 մլրդ դոլար), իսկ աշխարհում ֆինանսական վիճակի վատթարացմանը զուգահեռ դրանց թիվը ևս կկրճատվի և կհանգեցնի մի շարք սոցիալական խնդիրների սրմանը:

«Առաջինը` եվրոյով տրանսֆերտների կրճատում կլինի, հետո` դոլարային»,- ասաց Հայրապետյանը` պայմանավորելով դա նրանով, որ այժմ ֆինանսական ճգնաժամի օջախը կարող է լինել Եվրոպան, որից հետո ճգնաժամը կարող է տարածվել
ԱՄՆ-ում:

Տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին խոսակցություններն ավելի են թեժանում եվրոպական մի շարք երկրներում առկա բարդ տնտեսական վիճակի ֆոնին:

Մինչ տնտեսագետները մտահոգվում են, որ Հայաստանիս ներկայիս տնտեսությունը (որը դիվերսիֆիկացված չէ, չի հաջողվում հարկել ստվերային տնտեսությունը, ներմուծումը գերակշռում է արտահանմանը, կոռուպցիոն խնդիրները չեն լուծվում) չի կարողանա դիմագրավել ճգնաժամի երկրորդ ալիքին, կառավարությունը հայտարարել է հաջորդ տարվա պետական բյուջեի եկամտային մասը 101 միլիարդ դրամով համալրելու մասին: Որոշ տնտեսագետներ մտավախություն ունեն, որ այդ լրացուցիչ միջոցների հավաքումը «կջարդվի» փոքր ու միջին բիզնեսի վրա, քանի որ կառավարությանը մինչ օրս չի հաջողվել պատշաճ կերպով հարկել խոշոր բիզնես ունեցողներին: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ լրացուցիչ միջոցների հավաքումը իրատեսական է, և դա կարելի է իրագործել հարկային բազայի ընդլայնման և վարչարարության ուժեղացման շնորհիվ:

Հայրապետյանը կարծում է, որ կոռուպցիայի և ստվերի կրճատումը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը, սակայն նրա խոսքով` տնտեսական ճգնաժամին դիմագրավելու հարցում դրանց ազդեցությունը վճռորոշ չի լինի:

«Եթե մենք «լավ» տարիներին չկարողացանք կրճատել կոռուպցիան և ստվերը, ապա այս պայմաններում դա առավել ևս հնարավոր չէ»,- ասում է տնտեսագետը` հավելելով, որ ճգնաժամին դիմագրավելու ելքեր առաջարկելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ զարգացող կամ զարգացած տնտեսություն:

«ԱրմենիաՆաուի» հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում ևս սոցիալական խնդիրների սրմանը զուգահեռ սկսվեն Նյու Յորքում և աշխարհի մի շարք այլ խոշոր ֆինանսական կենտրոններում սկսված «Գրավի´ր Ուոլ սթրիթը» շարժման (այս ակցիայի մասնակիցները բողոքում են ֆինանսական ինստիտուտների չարաշահումների, տնտեսական ծանր իրավիճակի, գործազրկության բարձր մակարդակի և սոցիալական անհավասարության դեմ) նման շարժումներ, տնտեսագետը պատասխանեց. «Այդ շարժումները սկսվել են խոշոր ֆինանսական կենտրոններում, իսկ Հայաստանը խոշոր ֆինանսական կենտրոն չէ, որպեսզի այդ կարգի շարժում առաջանա: Սակայն եթե տնտեսական վիճակը շարունակի չբարելավվել, ապա, այո´, Հայաստանում ևս հնարավոր է սոցիալական ընդվզում առաջանա»:

Հավելենք, որ նախօրեին Համաշխարհային բանկի աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատան նշել էր, որ ճգնաժամի երկրորդ ալիքը Հայաստանին շոկի չի ենթարկի, քանի որ Հայաստանը մեծ ծավալի առևտուր չունի ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանի և Իտալիայի հետ, Հայաստանի բանկային համակարգը սերտ կապ չունի այդ երկրների բանկային համակարգերի հետ, բացի այդ, Հայաստանը եվրոյի գոտում չի գտնվում: