Եվրափոթորիկի նախազգուշացում. Հայաստանը զգուշանում է «եվրոպական կատակլիզմներից» 2012-ի բյուջեի կատարման հարցում

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանը կարող է կատարել գալիք տարվա պլանավորած բյուջեն, սակայն չի բացառում, որ գործընթացը կարող են խոչընդոտել եվրոպական երկրներից եկող կատակլիզմները:

Սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հայտարարեց 2012 թ. 101 մլրդ դրամի (շուրջ 262 մլն դոլար) լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքելու մասին: Այդ հարկերի կեսից ավելին կառավարությունում նախատեսում են հավաքել տնտեսական աճի արդյունքում, որը կառավարության հաշվարկով մյուս տարի կլինի 4,2 տոկոս: Այսինքն` կառավարությունում ակնկալում են, որ գալիք տարվա տնտեսական աճը իր բարենպաստ ազդեցությունը կթողնի ընկերությունների վրա, որոնց եկամուտները, շահույթը կավելանան, ուստի և նրանք ավելի շատ հարկեր կվճարեն:

Երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Գաբրիելյանն ասել է, որ խնդիրն իրագործելի է, եթե ոչ մի «կատակլիզմային» սցենարներ ի հայտ չգան Հայաստանի վերահսկողությունից դուրս: «Եթե լինեն եվրոպական երկրներից եկող կատակլիզմներ, եթե գյուղատնտեսությունը էական կլիմայական պայմանների փոփոխության դեպքում ունենա կատաստրոֆիկ փոփոխություններ, բնականաբար, կարող են լինել որոշակի խնդիրներ: Այլ հավասար պայմաններում բյուջեն իրատեսական է, և եկամուտները կհավաքագրվեն ինչպես նախատեսված է»,- ասել է ֆինանսների նախարարը:

Եվրագոտու տնտեսության վիճակի մասին մտահոգություններն ավելի են սրվել մի քանի եվրոպական երկրներից, ի թիվս որոնց` Հունաստանից և Իտալիայից ստացված լուրերից, որոնց համաձայն` այդ երկրները քաղաքական ճգնաժամի հետ մեկտեղ կանգնած են լուրջ տնտեսական դժվարությունների առջև: Տնտեսական մտահոգությունների ֆոնին` վերջին մի քանի օրերին երկու երկրներում էլ փոխվել են վարչապետները: Իտալիայում երկար տարիներ կառավարելուց հետո հրաժարական տվեց երկրի խարիզմատիկ և հակասական վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այդուհանդերձ, եվրոպական հանրության փորձագետներից ոմանց կարծիքով` մեծ է հավանականությունը, որ պարտքերի բեռի տակ կքած երկրներին` Հունաստանին և Իտալիային, հավանաբար նաև Իսպանիային ու Պորտուգալիային, կարող են դուրս հանել եվրագոտուց` որպես միությունը փրկելու փորձ:

Նման զարգացումը կարող է ցնցումներ առաջացնել ողջ աշխարհում և կհարվածի նույնիսկ այնպիսի փոքր խաղացողների, ինչպիսին Հայաստանն է, որի համար Եվրամիությունը հույժ կարևոր առևտրային գործընկեր է:

Հայաստանն արդեն տուժել է, երբ արևմտյան տնտեսությունները 2008 թ. խոր ճգնաժամի մեջ էին: Հարավային Կովկասի երկրների ՀՆԱ-ն 2009 թ. նվազել է 14 տոկոսով, իսկ գունավոր մետաղների համաշխարհային գները և արտերկրից հայերի դրամական փոխանցումները կտրուկ նվազել են: Այդ պահից Հայաստանի տնտեսության վերականգնումը դանդաղել է: