«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` Հայաստանի թենիսի ֆեդերացիայի 2011 թվականի գլխավոր հովանավոր

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, համագործակցելով Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) հետ, դարձել է ՀԹՖ-ի 2011 թ. գլխավոր հովանավորը և կհատկացնի 40 մլն դրամ:

Համագործակցության արդյունքում Հայաստանի թենիսի կանանց և տղամարդկանց հավաքականները հաջողությամբ հանդես են եկել տարբեր միջազգային մրցաշարերում, ինչպես նաև Եգիպտոսում և Մակեդոնիայում անցկացված աշխարհի ֆեդերացիայի գավաթի թիմային առաջնություններում:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասում է, որ սպորտի գործընկեր լինելու իրենց պատրաստակամության հիմքում ընկած է այն, որ մեծ թենիսով զբաղվողները պետք է վստահ լինեն, որ կարող են Հայաստանը հաջողությամբ ներկայացնել միջազգային ասպարեզներում:

«Հնարավորությունների իրական սահմանը որոշելու միակ ճանապարհը այդ սահմանից մեկ քայլ առաջ դնելու վճռականությունն է, և մեր մարզիկները պետք է համարձակ լինեն և ընտրեն գուցե ավելի բարդ, բայց դեպի հաղթանակ տանող ճանապարհը: Այդ նպատակն է հետապնդում նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հետ մեր համագործակցությունը»,- ասում է Յիրիկյանը:

Հուլիսին Հայաստանում մեկնարկող միջազգային չորս մրցաշարերի համար առաջին անգամ սահմանվել է նաև մրցանակային ֆոնդ, և մրցաշարերից մեկում խաղարկվելու է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գավաթը, որի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 9 մլն դրամ: