«ԱրմենՏել» ընկերությունը հավասարեցրել է սակագները` արդար մրցակցություն ապահովելու նպատակով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վարույթի շնորհիվ Հայաստանի հեռախոսակապի ոլորտում մրցակցությունն աստիճանաբար արդար է դառնում:

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերության` «ԱրմենՏել» ընկերության անբարեխիղճ մրցակցության դեմ ՏՄՊՊՀ-ին ներկայացրած վարչական բողոքից հետո «ԱրմենՏելն» անգամ չէր սպասել հանձնաժողովի որոշմանն ու անցյալ ուրբաթ օրվանից հավասարեցրել էր սակագները:

«Յուքոմ» ընկերությունը մասնավորապես դժգոհ էր, որ «ԱրմենՏել» ընկերության բջջային ցանցից «Յուքոմի» ֆիքսված ցանց զանգերը հաշվարկվում էին 1 րոպեի համար 99 դրամ (մոտ 27 սենթ), մինչդեռ հենց «ԱրմենՏելի» ֆիքսված ցանց` 29,99, 39 և 59 դրամ (մոտ 8, 10 և16 սենթ):

«Սահմանված սակագնի պատճառով քաղաքացիները խուսափում են օգտվել բջջային օպերատորի միջոցով «Յուքոմ» ֆիքսված ցանց զանգահարելուց, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է շուկայում համեմատաբար նոր մուտք գործած ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնումը»,- իր բողոքն էր պարզաբանել «Յուքոմը»:

Ֆիքսված հեռախոսակապի ոլորտում «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների թիվը կազմում է 99 տոկոս` ապահովելով ոլորտի հասույթի 98 տոկոսը: Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ են մատուցում նաև «Յուքոմ», «Քրոսնեթ» և «Արմինկո» ընկերությունները, որոնց բոլորի համար գործում էր վերոնշյալ 99 դրամ (մոտ 27 սենթ) սակագինը:

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների` բջջային ցանցից կատարվող զանգերի համամասնությամբ առաջատարը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է` 64 տոկոս, «ԱրմենՏելն» ունի 24 տոկոս մասնաբաժին, «Օրանժը»` 12 տոկոս:

«Քանի որ «ԱրմենՏել» ընկերությունը բջջային կապի ոլորտում գերիշխող դիրք չի զբաղեցնում, ընկերությունը մտադրություն չի ունեցել մրցակցությունը խախտելու և չի ենթադրել, որ նշված սակագինը (99 դրամ) կարող է նման խախտում դիտարկվել: Այնուամենայնիվ, քանի որ մրցակցի դժգոհությունը հանձնաժողովի դիտարկման առարկա է դարձել, «ԱրմենՏել» ընկերությունը որոշել է հավասարեցնել սակագները դեպի բոլոր ցանցեր»,- պարզաբանեց ընկերության փաստաբան Դավիթ Սանդուխչյանը ՏՄՊՊՀ այսօրվա նիստում: