«ԴիջիԹեք-2011». նոր մասնակիցներ, բիզնես կապեր և ռոբոտներ

Երևանում տեղի ունեցած տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունը` «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, ըստ կազմակերպիչների, ամենամեծն ու ամենահաջողվածն էր թե´ մասնակից ընկերությունների քանակով և թե´ ներկայացված ծառայություններով:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ հոկտեմբերի 7-9-ը «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում անցկացված 7-րդ «ԴիջիԹեք-2011» ցուցահանդեսին մասնակցեցին 115 ընկերություններ, որը 70 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

Ըստ կազմակերպիչների` «ԴիջիԹեքի» նպատակն է բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն ու ներդրումներ ներգրավելը:

«ԴիջիԹեք-2011»-ին մասնակցել են Վրաստանի, Ռուսաստանի, Սինգապուրի, Լեհաստանի և Թայվանի ընկերություններ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2005 թ. Հայաստանի կառավարությունը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը հռչակեց որպես գերակա ուղղություն:

«Այսօր Հայաստանում կա ՏՏ ոլորտի 300 ընկերություն, որոնք ունեն շուրջ 5500 աշխատակից, իսկ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում աշխատում է շուրջ 10.000 մարդ` այսպիսով ապահովելով տարեկան 200 միլիոն դոլարի ներդրում»,- ասել է վարչապետը:

Ցուցահանդեսին կից առաջին անգամ անցկացվեց նաև ՏՏ աշխատանքի տոնավաճառ, որտեղ 30-40 ընկերություններ ներկայացրեցին իրենց ընկերության թափուր աշխատատեղերը և կրթական ծրագրերը, որով տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողներին հնարավորություն ընձեռվեց տեղում ծանոթանալու գործատուին, գտնել աշխատանք կամ ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

Այցելուների ուշադրության կենտրոնում էին նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սաների ներկայացրած ռոբոտները, որոնք կարողանում են հաղթահարել խորդուբորդ տարածություն:

«Տարբեր ֆունկցիաներով ռոբոտներ կան, և, եթե հետագայում հետաքրքիր մտահղացումներ լինեն, ապա ավտոմատացման դեպքում սրանք կարող են գործարաններում կիրառվել»,- ասում են ռոբոտների հեղինակները:

Այս տարի առաջին անգամ առանձին տաղավարով ցուցահանդեսում ներկայացավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: