«ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի ընդհանուր երկարությունն անցնում է 2770 կմ-ից

«ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է օպտիկամանրաթելային ցանցի աշխարհագրությունը և օպտիկամանրաթելային մայրուղիներում ներդրել DWDM (Dense Wave Division Multiplexing) տեխնոլոգիան` գոյություն ունեցող ցանցերն արդիականացնելու և ընդլայնելու, թողունակությունն էապես ավելացնելու նպատակով:

Նոր գերարագ մայրուղին անցնում է Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև հարավային և ապահովում ամբողջ հանրապետությունով անցնող պահուստային տրանսպորտային ցանցը:

«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով` ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումն արագագործ ցանցի կառուցմանն ուղղված «ԱրմենՏել» ընկերության հերթական քայլն է և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամենահեռավոր բնակավայրերը:

«Շարժական և ֆիքսված լայնաշերտ ինտերնետի մեր ծառայությունների նկատմամբ պահանջարկն աճում է, և, հաշվի առնելով, որ այդ միտումը կպահպանվի, մենք նախապես պատրաստվում ենք ապահովել Հայաստանի միասնական օպերատորի բաժանորդներին կապի և ինտերնետ-հասանելիության ամենաարդիական և որակյալ ծառայություններով»,- ասել է Կլիմկոն:

2011-ի երրորդ եռամսյակի վերջին «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ ավարտել է DWDM տեխնոլոգիայով մայրուղային ցանցի կառուցումը:

DWDM տեխնոլոգիայի էական առավելությունն այն է, որ յուրաքանչյուր կապուղու արագությունն ու պրոտոկոլն անկախ են: Այս տեխնոլոգիայով գործող ցանցերը կարող են տվյալներ փոխանցել 100 Գբ/վրկ արագությամբ:

Ընդհանուր առմամբ 2011-ի երկրորդ կիսամյակում «ԱրմենՏել» ընկերությունը ներդրել է ավելի քան 100 կմ օպտիկամանրաթելային մալուխ, ինչպես նաև կազմակերպել է ԼՂՀ մայրուղային օպտիկամանրաթելային ցանցին ուղիղ միացումը:

Այսպիսով «ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը 2770 կմ-ից ավելի է, որից 326-ը` Երևանում: