Արագ արձագանքում. Հայաստանի օմբուդսմանի գրասենյակը վերաբացում է թեժ գիծը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և շուրջօրյա հերթապահություն իրականացնելու նպատակով վերաբացում է արագ արձագանքման ծառայությունը, որին արդեն այսօրվանից կարելի է միանալ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տրամադրած 116 կարճ հեռախոսահամարի միջոցով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սպասարկվող թեժ գիծը տրամադրելու է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում այցելելու է համապատասխան վայր, իսկ առանձին դեպքերում տեղեկատվությունը փոխանցելու է պատկան մարմնին կամ ճշգրտելու է տեղեկատ-վությունը:

«ԱրմենՏել» ընկերությունը 116 հեռախոսահամարը օմբուդսմանի գրասենյակին տրամադրել է անվճար, առանց ամսական բաժանորդավճարի, ինչպես նաև ընկերությունը հոգալու է հեռախոսահամարի տեղադրման և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը:

«Մեր աջակցության շնորհիվ երկրի քաղաքացիները կկարողանան անվճար զանգահարել 116 հեռախոսահամարին և թողնել հաղորդագրություն կամ ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ: Հուսով ենք, որ օմբուդսմանի և հասարակության ներկայացուցիչների միջև հաղորդակցման նոր եղանակը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը` հանուն Հայաստանի ապագայի»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Թեժ գծի բոլոր մուտքային զանգերն անվճար են հանրապետության բոլոր մարզերից և այն գործելու է նաև ոչ աշխատանքային՝ տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին: