Նոր ռազմավարություն. «ԱրմենՏել» ընկերությունը փոխում է մոտեցումը ինտերնետի նկատմամբ

«ԱրմենՏել» ընկերությունը որդեգրում է զարգացման նոր ռազմավարություն` անցում կատարելով «ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով» հասկացությունից «ինտերնետ մարդու համար» հասկացությանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընկերությունը վերջին 1-2 տարում ցանցային ենթակառուցվածքում ներդրել է շուրջ 30 մլն դոլար` արագությունների պրոգրեսիվ աճի նպատակով, որի արդյունքում ընկերությունը կկարողանա ապահովել մինչև 60 Մբիթ/վրկ ինտերնետի արագություն:

«Ինտերնետ մարդու համար» նոր ռազմավարության շրջանակում մեր առաջին քայլը դարձավ VDSL տեխնոլոգիայի ցուցադրումը, որի հիման վրա, պարզապես օգտագործելով ֆիքսված հեռախոսակապի գծերը, ներբեռնման միջին արագությունը կազմեց 60 Մբ/վրկ, իսկ վերբեռնմանը` 12 Մբ/վրկ: Մեր տեսանկյունից «ինտերնետ մարդու համար» գաղափարը սպառողական արտադրանք է, որի չափանիշները և որակը կախված չեն տեխնոլոգիաներից, այլ հիմնված են պահանջարկի վրա»,- ասում է Կլիմկոն:

Թեև Կլիմկոն ասում է, որ առայժմ ընկերությունը չունի նման արագության կարիք ունեցող բավարար թվով բաժանորդներ, սակայն հույս է հայտնում, որ առաջիկա 2 տարիների ընթացքում ընկերության բոլոր բաժանորդները ADSL-ից կանցնեն VDSL տեխնոլոգիայի: