Հօգուտ ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունների. արդյունաբերության ոլորտի մասնագետներն ասում են` տեղի ընկերությունները պետք է առաջընթաց ապահովեն

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում իրենց գործունեությունը ծավալած խոշոր ընկերությունները, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի մասնագետները տեղի նորաստեղծ ընկերություններին խրախուսելը կարևոր են համարում Հայաստանում համապատասխան ոլորտի զարգացման համար: Նրանք ասում են, որ երկարաժամկետ զարգացում հնարավոր չէ ապահովել օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունների միջոցով:

1990 թվականից ի վեր Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նոր դարաշրջան սկսվեց, երբ ծրագրավորող ամերիկյան մի շարք ընկերություններ հիմնեցին իրենց երևանյան մասնաճյուղերը: Իսկ 2000 թվականին ոլորտը երկրի տնտեսության համար հայտարարվել էր որպես գերակա ուղղություն:

Ներկայումս Հայաստանի ՏՏ ոլորտում նկատվում է արտասովոր աճ` տարեկան 25%: Ոլորտը պետական բյուջեից ֆինանսավորվում է տարեկան շուրջ 80 միլիոն դրամով (շուրջ 208.300 դոլար):

Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում մասնագիտացող 350 ձեռնարկություն կա (2009-ին գործում էր 175 ընկերություն), որոնց թողարկած արտադրանքի շուրջ 62%-ը արտահանվում է ավելի քան 20 երկրներ, այդ թվում` ԱՄՆ, Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրներ:

Հայաստանում ՏՏ և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով 2000-ին ստեղծված Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք առավելապես միտված են Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է, որ տարածաշրջանի համեմատությամբ Հայաստանն իր լուծումների առումով անգերազանցելի է, սակայն կիրառման առումով դեռևս զիջում է Ադրբեջանին, Վրաստանին:

Ըստ մասնագետի` ոլորտում առկա խնդիրներից է կառավարման մարմնի բացակայությունը, երիտասարդների ամբիցիաների և կրթության պակասը:

«Բիզնեսը հիմնականում ադմինիստրատիվ է, և չկա մրցակցային միջավայր, իսկ երբ չկա մրցակցային միջավայր, համապատասխանաբար քիչ ես կիրառում ուժերդ: Իսկ ոլորտի առաջընթացն ավելի շատ կախված է հասարակությունից, քան կառավաությունից: Երբ մարդիկ նպատակներ դնեն և հասկանան, որ իրենց նպատակներին հասնելիս պետք է համագործակցեն նաև այլոց հետ, այդ ժամանակ էլ կսկսեն ստեղծվել լուրջ ընկերություններ, որոնք մրցակցային դաշտ կունենան և մրցակցելով ոլորտում կապահովեն առաջընթաց»,- ասել է Վարդանյանը «ԱրմենիաՆաուին»:

(Երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին խոսել է նաև Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, որն այս ամսվա սկզբին երկրի կառավարության և ՏՏ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հրավերով երկու օրով Հայաստան էր այցելել:)

Հայաստանյան ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններից մեկի` «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասել է, որ ՏՏ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են նորաստեղծ ընկերություններ:

«Ոլորտի զարգացմանը չեն կարող նպաստել միայն օտարերկրյա կապիտալի վրա հիմնված խոշոր ընկերությունները: Մինչև տեղական կապիտալի հիման վրա չստեղծվեն նոր ընկերություններ, և դրանց համար չապահովվեն զարգացման միտումներ, ոլորտում չեն կարող լինել լուրջ զարգացումներ»,- ասում է Մուսայելյանը` հավելելով, որ «Սինոփսիս Արմենիան», Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ կազմակերպելով տարբեր միջոցառումներ, ինչպես, օրինակ` միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, խթանում է երիտասարդների գաղափարների իրագործմանը, քանի որ, ըստ նրա` երիտասարդների առաջարկած գաղափարները նորաստեղծ ընկերությունների առաջին նախադրյալներն են:

Ըստ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գիտակցում է, որ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, այդ իսկ պատճառով ընկերությունը 2011-ին այս բնագավառում իրականացվող ծրագրերի աջակցության նպատակով կատարել է ավելի քան 100 մլն դրամի (մոտ 260.000 դոլար) ներդրում: