Հեռահաղորդակցության բանակցություններ. ֆրանսիական ընկերությունը ձեռնամուխ է եղել հայաստանյան ցանցը վաճառելուն

Հեռահաղորդակցության բանակցություններ. ֆրանսիական ընկերությունը ձեռնամուխ է եղել հայաստանյան ցանցը վաճառելուն

Ֆոտոլուր

Հայաստանի տնտեսության ամենամրցակցային՝ հեռահաղորդակցության ոլորտում դիրքային անսպասելի փոփոխություններ են տեղի ունենալու, եթե կայանա արդեն երկու օր ուշադրության կենտրոնում հայտնված գործարքը, և «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը գնի ֆրանսիական «Օրանժ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Վաճառքի վերաբերյալ բանակցությունները արդեն սկսվել են, սակայն դեռ գործարքի չափի կամ ժամկետների մասին տեղեկություններ չկան: Այդուհանդերձ, երբ առքուվաճառքը կայանա, ոլորտի ընկերությունների թիվը մեկով կպակասի, ու կմնան «ԱրմենՏելը»` Beeline ապրանքանիշով և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

«Եթե միավորման, կլանման դեպքն արձանագրվի, «Յուքոմի» մատուցած ծառայությունները ավելի բազմազան կդառնան, քան այսօր առաջարկում են մյուս օպերատորները: Այն կսկսի մրցակցել «ԱրմենՏելի» հետ լարային հեռախոսակապի ծառայություններում, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ՝ բջջային կապի: «Յուքոմը» նաև ամենամեծ թվով ծառայությունները մատուցող ընկերությունը կդառնա՝ մալուխային հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված և բջջային հեռախոսակապ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Օրանժի» վաճառքը պայմանավորվում է մի քանի տարի շարունակ վնասով աշխատելով, ինչպես նաև ներկայումս անհրաժեշտ ներդրումներ կատարելու համար միջոցների բացակայությամբ: Սակայն, ըստ Խաչատրյանի, դժվարություններով հանդերձ ընկերությունը կարողացել է կայանալ ու անգամ վերջին տարիներին Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջին 20 ընկերությունների շարքում լինել:

«Ընկերությունը կարողացել էր հասնել բավական լուրջ դիրքերի: Մրցակցային սուր պայմաններում, անգամ վնասով աշխատելով, «Օրանժը» կարողացել էր իր բիզնեսը կայացնել: Իսկ հիմա Հայաստանը կորցնելու է ֆրանսիական հետագա ներդրումների հնարավորությունը»,- նշում է տնտեսագետը:

«Օրանժի» հայաստանյան մասնաճյուղը Հայաստանում բջջային կապի ծառայություններ սկսել է մատուցել 2009-ի նոյեմբերից՝ դառնալով հանրապետությունում երրորդ բջջային օպերատորը։ Եվրոպական երկրներում բազմաթիվ մասնաճյուղեր ունենալու շնորհիվ ընկերությունը նաև ռոումինգի մատչելի պայմաններ էր առաջարկում իր բաժանորդներին:

«Հիմա հայաստանցիները կզրկվեն նաև այդ հնարավորությունից»,- ասում է Խաչատրյանը՝ գործարքի ևս մեկ բացասական կողմ նշելով՝ ֆրանսիական բիզնեսի չափաբաժնի նվազելը Հայաստանում:

«Ֆրանսիան Հայաստանի երկրորդ ներդրումային գործընկերն է, ստացվում է, որ մի խոշոր ներդրող այլևս գումարներ չունի Հայաստան բերելու: Դեռևս անգամ տեղեկություններ չկան` կկարողանա՞ «Օրանժ» ընկերությունը իր վնասները փակել ու առանց կորուստների դուրս գալ շուկայից»,- հավելում է Խաչատրյանը՝ ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքի վրա, որ ավելի փոքր՝ «Յուքոմ» ընկերությունը փորձում է գնել իրենից ավելի մեծ՝ «Օրանժ Հայաստանը»:

Այդուհանդերձ, «Յուքոմը» բջջային կապի շուկայում ծառայություններ մատուցելու մտադրության մասին հայտնել էր դեռ 2014-ի կեսին ու այս գործարքով, կարծես, բավական հաջող մուտք է գործում շուկա, սակայն, բավական հզոր մրցակիցների դեմ դուրս գալով:

Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ, ըստ ընկերությունների ներկայացրած ֆինանսական հաշվետվությունների, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ունի ավելի քան 2 մլն բաժանորդ, «ԱրմենՏելը»՝ ավելի քան 790 հազար, իսկ «Օրանժը»՝ գրեթե 500 հազար: Հատկանշական է, որ առաջին երկու ընկերությունները պատկանում են ռուսական հեռահաղորդակցական ընկերությունների:

Մինչդեռ «Յուքոմ» ընկերությունը փոխկապված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, քանի որ ընկերության բաժնետոմսերի 41 տոկոսը պատկանում է նրա հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին:

Տեղական լրատվամիջոցների գնահատականներով` «Օրանժ Արմենիա» բջջային ցանցի շուկայական գինը կարող է լինել 80-120 միլիոն դոլար: