ԴիջիԹեք-2015. մասնակից ընկերությունների թվով և աշխարհագրությամբ բացառիկ ցուցահանդես

Արդեն 11 տարի անցկացվող ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի բացառիկ է մասնակից ընկերությունների թվով և աշխարհագրությամբ:

10 երկրից Հայաստանում հավաքված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 170 ընկերություններն ու ակնկալվող 40 հազար այցելուները ԴիջիԹեք եռօրյա միջազգային ցուցահանդեսը «տոն են դարձնելու տեխնոլոգիական հայության համար»՝ համոզված են կազմակերպիչները:

«Հպարտությամբ արդեն կարող եմ արձանագրել, որ ԴիջիԹեքի հանդեպ հետաքրքրությունը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է: Ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն աճել է շուրջ 70 տոկոսով, այսինքն` առաջիկա 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական հայությունը բացառիկ հնարավորություն ունի ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին և առաջարկներին»,- ցուցահանդեսին նախորդած հինգշաբթի կայացած ասուլիսում նշել է կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա առանձնակի գոհունակությամբ շեշտել է, որ Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը համախմբել է համայն հայությանն ու տեխնոլոգիական առաջատարներին. «Տեխնոլոգիական հայության մի մասը կհանդիսանա նաև ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայերի պատվիրակությունը»:

Ցուցահանդեսին մասնակցելու են վերջին տարիներին հաջողություն գրանցած հայկական ու միջազգային ընկերություններ՝ PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա ստուդիո», Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն:

Վարդանյանի տվյալներով՝ ցուցահանդեսին տեղական ու միջազգային ընկերություններից բացի կմասնակցեն մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից. «Այս տարի մենք լուրջ միջազգային մասնակցություն ենք ունենալու, որը հնարավոր դարձավ նաև մեր գործընկեր «Յուքոմի» շնորհիվ, քանի որ այդ ընկերությունների մեծ մասը նրանց գործընկերներն են, որոնք սիրահոժար ցանկանում են մասնակցել»:

ԴիջիԹեքի հովանավոր «Յուքոմ» ընկերությունը վերջին տարիներին արձանագրել է ցուցահանդեսի գրանցած հաջողությունները:

«2009 թվականից մասնակցում ենք ԴիջիԹեքին ու տարեցտարի տեսնում ենք, թե ինչպես են փոխվում տաղավարները, ընկերությունների ներկայացվածությունը, այն լուծումները, որ առաջարկում են հայկական ընկերությունները»,- ասուլիսում ասել է «Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԹեքի մասնակից աշխարհահռչակ Ericsson ընկերության Հյուսիսային Եվրոպայում և Կենտրոնակա Ասիայում բիզնեսի զարգացման տնօրեն Կիրիլ Մորոզովը նշել է, որ հայկական հեռահաղորդակցության շուկան իրենց ընկերության համար ռազմավարական նշանակություն ունի:

«Հայաստանի շուկան մեզ համար կարևոր է, քանի որ այն բավական նորարար է տարածաշրջանում առկա այլ շուկաների համեմատ: Հայկական շուկայում մենք ներկայացված ենք ավելի քան 5 տարի, աշխատում ենք բջջային օպերատորների հետ:

Կարծում ենք, որ շուկան շատ դինամիկ է, բջջային կապի տարածվածության մակարդակը շատ բարձր է, տեսնում ենք նաև մեծ ներուժ նոր տեխնոլոգիաների ներդրման առումով»,- հինգշաբթի ընդգծել է Մորոզովը:

ԴիջիԹեք 2015-ը անցկացվում է «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մինչև հոկտեմբերի 4-ը: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է հայ անվանի գրոսմայստերների ու համակարգչային շախմատային ծրագրի մրցաշար:

Ծրագիրը ստեղծել է ազգությամբ հայ ծրագրավորող, ու այն չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին: ԴիջիԹեքի ընթացքում տեղի կունենան նաև RoboFest փառատոն, խաղային հեքեթոն, ԴիջիԼայֆ սեմինարներ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ: