Հայկական ՏՀՏ ընկերությունները «Դիջիթեքից» հետո մեկնել են «Եվրոպական ավտոարշավ»

Նոր` «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի շրջանակներում պատվիրակությունը, որի ընթացքում Եվրոպայում ներկայացվելու է Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ձեռքբերումներն ու ներուժը, սկսել է իր ուղևորությունը հոկտեմբերի 4-ին` Երևանում կայացած «Դիջիթեք էքսպո» տեխնոլոգիական մեծ ցուցահանդեսի պաշտոնական փակումից հետո:

Ավտոբուսի պաշտոնական ուղևորմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար էմիլ Տարասյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մասնակից 26 ՏՀՏ ընկերություններ 32 օրվա ընթացքում կայցելեն 15 եվրոպական երկրներ, որտեղ կմասնակցեն մի շարք միջոցառումների և գործարար հանդիպումների:

«Նյու թեքնոլոջի էդուքեյշն ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 20 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը` որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք` դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը:

Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչ կայցելի 20 եվրոպական երկիր, կմասնակցի ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող մի շարք միջոցառումների, այդ թվում` Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների, տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների, հայկական Hi-Tech անկյան ներկայացմանը և միջազգային մի շարք միջոցառումների:

Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջոցառումների:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության` ի դեմս էկոնոմիկայի, սփյուռքի արտաքին գործերի նախարարությունների, ԼՂՀ Կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ: