«ԱրմԹեք». Հայաստանը հյուրընկալել է տեխնոլոգիական զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը

Անցած 6 տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 տոկոս աճ, ինչը, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պայմանավորված է նաև կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ: Սակայն ոլորտի որոշ ներկայացուցիչներ համոզված են` արդյունքներն ավելի լավը կարող էին լինել:

«ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը վարչապետը տեղեկացրել է, որ անցյալ տարի ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում ոլորտի նորաստեղծ, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ:

«Արդյունքում` ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր, որակյալ աշխատատեղեր»,- նշել է կառավարության ղեկավարը:

Աբրահամյանը կարևորել է նաև ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը և նշել, որ վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ։

Սակայն, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար Կարեն Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի պոտենցիալն ավելի մեծ է, սակայն ամբողջությամբ չի իրացվում, քանի որ բովանդակային գործունեություն չի ծավալվում:

Բերելով Բելառուսի օրինակը, որտեղ վերջին տարիներին անգամ մինչև 100 տոկոս տարեկան աճ (ՏՏ ոլորտում) է ապահովվել, Վարդանյանը մի քանի պատճառ է նշել, որոնք խանգարում են Հայաստանին նման արդյունքներ գրանցելու.

«Մենք մեր կրթական համակարգը հաջողությամբ վարի տվեցինք, մինչդեռ Բելառուսը չտարվեց Բոլոնյան գործընթացով, այլ որակյալ կրթությամբ շարունակեց ունենալ որակյալ մասնագետներ»:

«Երկրորդ հանգամանքը, որ օգնել է Բելառուսին, այն է, որ նրանք իրենց գիտահետազոտական ինստիտուտները չքանդեցին:

Մենք ծառը կտրեցինք ու սկսեցինք ճյուղերը մշակել, իսկ նրանք ծառերը պահեցին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Վարդանյանը:

«Ու թեպետ նրանց ենթակառուցվածքներն ու բիզնես դուրս գալը թույլ էին, ժամանակը ցույց տվեց, որ եթե կրթական համակարգ ունես, բիզնեսն ինքն է գալու քեզ մոտ: Ու դրանից հետ նրանք արդեն ենթակառուցվածքները զարգացրին, տեխնոպարկեր բացեցին, որոնցից առաջինի արտադրական ծավալները գերազանցում են ընդհանուր Հայաստանի ծավալները»,- հավելում է նա:

Մինչդեռ Հայաստանում, ըստ Վարդանյանի, ձևը փոխարինում է բովանդակությանը, գովքը փոխարինվում է գործով:

«Որպեսզի մենք լուրջ աճ ունենանք, պիտի մասնագետների աճ ունենանք ու մենք կառավարությանն ասել ենք՝ ինժեներական կրթության մի մասը տանենք դպրոցներ, ու սպասում ենք պատասխանին: ԻՏՁՄ-ն պարտավորություն է վերցրել, որ եթե կառավարությունը համաձայնի, մենք մարզերում մինչև 2019 թվականը 15 հազար հավելյալ աշխատուժ կտանք ու կապահովենք աշխատանքով 150 հազար դրամ աշխատավարձով (մոտ 315 դոլար)»,- ասում է նա:

«Սա քանակական աճի կբերի, իսկ որակականը կսկսվի, երբ նրանք սկսեն աշխատել, էլեկտրոնային կրթության համակարգ պիտի մտցնեն, որ աշխատելուն զուգահեռ կրթվեն: Կարևոր է, որ բոլոր ուժերը լարենք ու մասնագետ պատրաստենք: Քանի որ աշխարհում ՏՏ ոլորտի մասնագետների 2 մլն չբավարարված պահանջարկ կա, այսինքն` ինչքան աշխատող ունենանք, այնքան գործ կարող ենք անել»:

Այս տարի առաջին անգամ` հոկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով «ԱրմԹեք» համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաև Ստեփանակերտում: