Համաշխարհային ներդրման համար… Կասպերսկին Հայաստան է այցելել ՏՏ մրցանակը ստանալու համար

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, լինելով երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացի գերակա ուղղություններից մեկը, պետական մեծ աջակցություն է ստանում, ինչը բավականին հաճելի է` նոյեմբերի 16-ին լրագրղների հետ հանդիպմանն ասել է «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին:

Կասպերսկին եռօրյա այցով Հայաստան է ժամանել` ստանալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ մրցանակը` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար:

«Անչափ շնորհակալ եմ Հայաստանի նախագահի հեղինակավոր մրցանակի համար, մեծ պատիվ է համալրել նախորդ տարիների մրցանակակիր տեխնոլոգիաների հսկաների շարքը»,- ասել է նա:

Եվգենի Կասպերսկին մրցանակը կստանա այսօր` ՀՀ նախագահի նստավայրում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակը հիմնվել է վեց տարի առաջ: Այն ամեն տարի շնորհվում է հեղինակավոր անձի, ում ներդրումները համաշխարհային ՏՏ ոլորտում դրականորեն են անդրադառնում պատմության ընթացքի վրա:

Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական, ֆինանսական:

Համաշխարհային ՏՏ մրցանակի դափնեկիրներն են` «Ինտել» կորպորացիայի նախկին գործադիր տնօրեն Քրեյգ Բարրեթը, Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, «Սինափթիքս» (Synaptics) ընկերության պատվավոր նախագահ, իտալացի ֆիզիկոս, էլեկտրատեխնիկ դոկտոր Ֆեդերիկո Ֆաջին, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: Անցյալ տարի մրցանակը տրվել է «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլային:

Հատկանշական է, որ նման հեղինակավոր անձանց այցը Հայաստան նպաստում է ինչպես ՏՏ ոլորտի զարգացմանը երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում բարձրացնում է Հայաստանի իմիջը` որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկրի:

Նախորդ օրը լրագրողների հետ հանդիպմանը հաջորդել է նրա `«Վտանգների ինտերնետը» խորագրով դասախոսությունը՝ տեղեկատվության և հաղորդակցության տեխոլոգիաների համայնքի ներկայացուցիչների համար, ապա Կասպերսկին այցելել էր նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այսօր նա դասախոսություն է կարդացել ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար:

ՏՏ ոլորտի հսկայի այցը Հայաստան կեզրափակվի նոյեմբերի 18-ին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցով և ՀՀ վարչապետի հետ հանդիպմամբ: