Նախագահի 2015 թ. ՏՏ մրցանակ. Սարգսյանը հավատում է «հետադիմության և տգիտության» դեմ հակավիրուսին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հայտարարել է, որ արդի աշխարհն ի վերջո գտնելու է հետադիմության և տգիտության դեմ պայքարի «հակավիրուսը»` իր ամենամյա ՏՏ մրցանակը հանձնելով Եվգենի Կասպերսկուն` տեղեկատվական անվտանգության ռուս առաջատար մասնագետին, որը հայտնի է ողջ աշխարհին իր հակավիրուսային ծրագրային ապահովման համար:

«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհով մեկ գլուխ բարձրացնում հետադիմական ուժերը, որոնք փորձում են խեղդել ժամանակակից աշխարհն ու արդիականացման գաղափարախոսությունը»,- ասել է Սարգսյանը նախագահի նստավայրում հանձնման արարողության ժամանակ:

«Չգիտեմ՝ արդյոք պարոն Կասպերսկին գիտի՞, թե ինչ հակավիրուս է մեզ անհրաժեշտ այդ չարիքի դեմ պայքարելու համար:

Սակայն վստահ եմ, որ արդի աշխարհն այնքան ճկուն և խոհեմ է լինելու, որ ի վերջո գտնելու է նաև այդ չարիքից պաշտպանվելու հակավիրուսը»,- ասել է Հայաստանի ղեկավարը` ակնհայտորեն նկատի ունենալով անցյալ շաբաթ Ֆրանսիայում իրականացված աննախադեպ ահաբեկչական գործողությունները:

Նոյեմբերի 14-ին Փարիզում «Իսլամական պետության» հետ կապված խմբերի իրականացրած սերիական պայթյուններից և կրակոցներից հետո Սարգսյանը իր ձայնն էր միացրել հարձակումների միջազգային դատապարտմանը, որոնց հետևանքով առնվազն 129 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել: Հայաստանի ղեկավարը շաբաթ երեկոյան նաև ներկա է գտնվել նաև Երևանի կենտրոնում ի հիշատակ Փարիզի հարձակումների զոհերի մոմավառությանը:

Նախորդ երեկոյան իր ելույթում Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ չարի դեմ լինելու է «արդիականության և արդիականացման հաղթական պատասխանը»:

Արարողության ընթացքում արժևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Մոսկվայում հիմնված ՏՏ անվտանգության ընկերության` «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն 50-ամյա Կասպերսկու համաշխարհային ներդրումը` Սարգսյանը խոսել է նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա վիճակի և նրա զարգացմանն ուղղված կառավարության հատուկ ուշադրություն մասին:

«Համադրելով պետական և մասնավոր հատվածների ջանքերը՝ մեզ հաջողվել է այս ոլորտը դարձնել իսկապես ռազմավարական: Եվ այստեղ, իհարկե, ամենաուրախալին մեր երիտասարդների շարունակական ներգրավումն է այս բնագավառում»,- ասել է Հայաստանի նախագահը:

Կասպերսկին, որի լաբորատորիայի մշակած հակավիրուսային ծրագրային ապահովումից օգտվում են նախկին խորհրդային երկրների և նրա սահմաններից դուրս համակարգչից օգտվող գրեթե յուրաքանչյուր մարդ, երեքշաբթի ավելի վաղ Երևանում դասախոսություն է կարդացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար, որի ընթացքում խոսել է նաև կիբերանվտանգության արդյունաբերությունում ժամանակակից միտումների մասին:

Պարգևատրման արարողության ժամանակ իր խոսքում Կասպերսկին խոստացել է շարունակել աշխարհում տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված իր աշխատանքը և դա «էլ ավելի լավ» անել: Նա ասել է, որ Հայաստանի նախագահի մրցանակը դրա համար «լուրջ խթան» կլինի:

«Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլև՝ ողջ աշխարհը, որովհետև հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի և կիբեր տարածության մեջ»,- ասել է հակավիրուսային հսկան:

Հայաստանի նախագահի ՏՏ մրցանակը, որ հիմնվել է 2010 թ., շնորհվում է այս ոլորտում համաշխարհային ներդրում ունեցող անձանց:

Առաջինն այս մրցանակին է արժանացել էր «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և նախկին գործադիր տնօրեն Քրեյգ Բարրեթը, ապա` Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, երրորդը «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ, իտալացի ֆիզիկոս, էլեկտրատեխնիկ դոկտոր Ֆեդերիկո Ֆաջին էր, չորրորդը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն և վերջինը` «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան:

Մրցանակի նպատակներից մեկն է Հայաստան բերել ՏՏ ոլորտի առաջատար դեմքերին` դրանով իսկ բարձրացնելով երկրի վարկանիշը և ճանաչումը ՏՏ արդյունաբերության աշխարհում: