«Վիրտուալ իրականության մարտահրավեր». ՏՏ ոլորտի մրցույթը կոչված է խրախուսելու հավելվածներ ստեղծել

Հայաստանում առաջին անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում անցկացվող մրցույթը նպատակ ունի խրախուսելու սկսնակ գիտնականներին և ծրագրավորողներին` ստեղծելու յուրահատուկ վիրտուալ իրականության ծրագրեր ու հավելվածներ ժամանակակից սարքավորումների օգնությամբ:

«Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթի նախաձեռնող և ֆինանսավորող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մրցույթի նպատակը Հայաստանում ապրող և աշխատող այն մասնագետների բացահայտումն է, որոնք գիտակցում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի ապագան են:

«Մենք ցանկանում ենք ներգրավել նրանց Հայաստանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերում»,- ասաց նա:

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրենը նաև նշեց, որ մրցույթը յուրահատուկ է ժյուրիի անդամների աշխարհագրական ընդգրկվածությամբ:

«Մասնակիցների աշխատանքները կգնահատեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակնառու ներկայացուցիչներ Մասաչուսեթսի, Սթենֆորդի, Հարվարդի, Ջորջ Վաշինգտոնի և Հարավային Կարոլինայի համալսարաններից»,- ասաց նա, հավելելով, որ եթե մեր գիտնականների աշխատանքները հետաքրքրեն նրանց, հետագայում մեծ հնարավորություններ կստեղծվեն կապեր և ֆինանսավորում ստանալու Սիլիկոնային հովտից:

Առանձնակի ուշադրություն է դարձվելու կրթության, առողջապահության, ռազմական ոլորտներում, արտակարգ իրավիճակներում վիրտուալ իրականության կիրառությանն ուղղված հավելվածների մշակմանը:

2015 թ. դեկտեմբերի 18-ից 2016 թ. սեպտեմբերի 19-ը անցկացվող մրցույթի բյուջեն կազմում է 8 միլիոն դրամ:

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ը («ԹիԷսԴի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: «ԹիԷսԴի»-ն առավելապես հայտնի է առաջին հայկական պլանշետի` «Արմթաբի» ստեղծմամբ: