Մեկ ապրանքանշանի ներքո. «Օրանժ Արմենիան» ձեռք բերելուց հետո «Յուքոմը» խոստանում է փոփոխություններ միայն «դեպի լավը»

Մեկ ապրանքանշանի ներքո. «Օրանժ Արմենիան» ձեռք բերելուց հետո «Յուքոմը» խոստանում է փոփոխություններ միայն «դեպի լավը»

Ֆոտոլուր

2009 թվականից հայաստանյան շուկայում հայտնված «Օրանժ Արմենիայի» բրենդը միանալով «Յուքոմին»՝ մատուցած ծառայությունները կպահպանի գրեթե առանց փոփոխությունների, սակայն մեկ ապրանքանշանի ներքո՝ վստահեցնում են ներկայացուցիչները:

2015 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել «Օրանժ Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը, որի բաժանորդների թիվը կազմում է շուրջ 500 հազար: Այժմ «Յուքոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները մտել են բրենդի փոփոխման փուլ և շուտով կմիավորվեն մեկ միասնական՝ «Յուքոմ» բրենդի տակ:

«Յուքոմ» ընկերությունը դեռ 2009-ից կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց և մատուցել է ինտերնետի, հեռուստատեսության և հեռախոսակապի ծառայություններ:

2009-ին մտնելով Հայաստանի բջջային կապի շուկա` «Օրանժ Արմենիան» մեծ ներդրում է ունեցել Հայաստանում 3G կապի տարածման հարցում: «Այս երկու ընկերությունների միացումը հնարավորություն կտա բարելավելու ծառայությունների որակը, տրամադրելով 4 ծառայություն, որոնք կլինեն մեկ բրենդի ներքո»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ըստ նրա՝ կարևոր է պահպանել ու բարձրացնել և՛ «Յուքոմի», և՛ «Օրանժ Արմենիայի» նախկին ծառայությունների որակը, իսկ «Յուքոմը» կդառնա նրա լիիրավ իրավահաջորդը և կստանձնի բոլոր պարտավորությունները հաճախորդների նկատմամբ:

Ներկայացուցիչները վսահեցնում են, որ փոփոխությունների փուլը գրեթե աննկատ կանցնի «Օրանժ Արմենիայի» բաժանորդների համար, քանի որ առկա ծառայություններում ակնհայտ փոփոխություններ չեն կատարվել, իսկ փոփոխություններ սպասվում են ապագայում և միայն` դեպի լավը:

«Յուքոմ» ընկերության պնդմամբ՝ ոչ միայն կպահպանվի, այլ նաև կբարելավվի «Օրանժ Արմենիայի» ողջ ենթակառուցվածքը: Առաջին քայլն արդեն արվել է՝ «Յուքոմը» սկսել է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում, ինչը ապահովում է ավելի արագ և որակյալ ինտերնետ կապ:

«Ապրանքանշանի տեսանկյունից լուրջ փոփոխություններ չեն լինելու՝ «Յուքոմ» ապրանքանշանը, որը սիրվել է, կպահպանվի, բայց անակնկալներ են սպասվում: Ապրիլ ամսվա ընթացքում փոփոխություններ են իրականացվելու և շարժվելու ենք առաջ «Յուքոմ» ապրանքանշանի ներքո: Մենք հայկական ընկերություն ենք, բայց մեր ծառայություններն արդեն համապատասխանում են միջազգային չափանիշներին, և կշարունակենք զարգացնել այդ միտումը»,- եզրափակեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության հարցերով տնօրեն Տիգրան Սաֆարյանը: