Բողոքում են ընտրությունների ընթացքի դեմ. Մատենադարանի մոտ հանրահավաք է

Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցները այսօր հավաքվել են Մատենադարանի մոտ` պահանջելով, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները անվավեր ճանաչվեն:

Վանկարկելով «Սերժիկ, հեռացիր»` նրանք պահանջում էին նոր ընտրությունների անցկացում` «հանուն օրինական իշխանության հաստատման»:

Ընդդիմության ակտիվիստ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի մեջ նշել է, որ իրենք համաձայն չեն նույնիսկ երկրորդ փուլին, և պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունները, որոնց արդյունքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական արդյունքների` վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլով:

Ոստիկանության աշխատակիցները շրջապատել էին հավաքվածներին, որոնց շարքերը հասնում էին Մատենադարանից մինչև «Նաիրի» կինոթատրոն:

Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները նախապես պատրաստվում էին իրենց թեկնածուի համար 65 տոկոսով հաղթանակ ապահովել, որը, սակայն, նրանց չհաջողվեց: Ըստ նրա` փորձեր էին արվել խափանել մետրոյի և տրանսպորտի աշխատանքը` ԼՏՊ-ի համակիրների համար հանրահավաքին մասնակցելու դժվարություններ ստեղծելու նպատակով:

Դիմելով հավաքվածներին` առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ընտրությունները անվանեց խայտառակ: Նա հայտարարեց, որ քվեարկած ընտրողների թիվը չափազանց ուռճացվել է:

«Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ Հայաստանում ընտրողների թիվը 1,7 միլիոն է, և իրականում երեկ նրանցից քվեարկել է 1,1 միլիոնը»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

ԿԸՀ-ն հայտարարել է, թե ընտրություններին մասնակցել է 1,7 միլիոն մարդ (ընտրական իրավունք ունեցող 2,3 միլիոն քաղաքացիներից):

Հանրահավաքը շարունակվեց քայլերթով` Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, ապա` ԿԸՀ-ի շենք: