Առաջին զանգն ազդարարում է ծախսերի ժամանակը. հայ ծնողները ոչինչ չեն խնայում իրենց դպրոցականների համար

Այս տարի անգամ համաշխարհային ճգնաժամը չխանգարեց սեպտեմբերի 1-ին պատրաստվող ծնողներին 100-ավոր դոլարներ ծախսել իրենց դպրոցական զավակների համար հագուստ ու գրենական պիտույքներ գնելու ու ինչպես հարկն է դպրոց ճանապարհելու համար:

Միջին հաշվարկով` 100-150 դոլար է անհրաժեշտ դպրոցական մեկ երեխայի համար, ներառյալ` դասագրքերն ու հագուստը, իսկ ավագ դպրոցի աշակերտի համար այդքան գումար ծախսվում է միայն մեկ հագուստի համար:

Էջմիածնի (Արմավիրի մարզ) բնակիչ 37-ամյա Հասմիկ Մկրտչյանը, օրինակ` նման մայրերից է, որը նույնիսկ գումար (50000 դրամ` մոտ 135 դոլար) է պարտք վերցրել, որ դպրոցական երեք երեխաների համար հագուստ ու պայուսակ գնի:

«Տետր դեռ չեմ առել, քանի որ անցյալ տարի գնել էի, բայց պարզվեց, որ դպրոցում իրենց տետրերն են բաժանում, ու մենք ստիպված վճարեցինք նաև դպրոցի տետրերի համար,- ասում է տիկին Հասմիկը: - Գրենական պիտույքներն ընդամենը 3000 դրամի եմ առել` սկզբնական շրջանի համար»:

«Դպրոցներում նոր օրենք են հանել` պահանջում են միայն իրենց տետրերը: Թե էս ի՞նչ պետություն է, մի տետրը 350 դրամ (մոտ 0,95 դոլար) արժի»,- հավելում է նա:

Ընդհանրապես, ուսումնական տարվա սկզբին ընդառաջ աշխուժանում են նաև առևտրականներն ու թանկացնում գրենական պիտույքների գները: Այսպես, հասարակ տետրը 30 դրամից (մոտ 0,08 դոլար) սեպտեմբերի նախօրեին դարձել էր 45-50 դրամ (մոտ 0,12-0,13 դոլար), ընդհանուր տետրը` 200-ից 240-350 դրամ (մոտ 0,54-ից մինչև 0.64-0.94 դոլար)՝ կախված որակից:

«Բայց, դե, դրսում (դպրոցից դուրս) էլ էժան չեն վաճառում: Օրինակ` տղայիս օրագիրն անցյալ տարի մայիսին դրսից էի գնել` 450 դրամով (մոտ 1,21 դոլար), իսկ աղջիկներիս համար օգոստոսի կեսին խանութից եմ գնել, յուրաքանչյուրը` 800 դրամ (մոտ 2,16 դոլար)»,- ասում է Հասմիկը:

Վերջին մի քանի տարիներին հանրապետության բազմաթիվ դպրոցներում է սեփական տետրերը դպրոցականների վրա վաճառելու պրակտիկան կիրառվում: Իրականում դպրոցն այդ տետրերը չի արտադրում, պարզապես գնում են ու վերավաճառում դպրոցականների վրա` պատճառաբանելով, թե լավ որակի են ու հարմար գրելու հարմար:

Երևանի մի քանի դպրոցներում էլ մայիսին, երբ աշակերտները գնում են ամառային արձակուրդ, զգուշացրին, որ սեպտեմբերի համար տետր չգնեն:

Իրականում տետր ավելի մատչելի կարելի է գնել: Դպրոցներում, որտեղ իրենց տետրերը չեն պահանջում, օրինակ` Ավան համայնքի թիվ 171 դպրոցում, հնարամիտ ծնողները հաջողում են ավելի քիչ գումար ծախսել գրենական պիտույքների վրա:

32-ամյա Նադյա Մուրադյանը 7-րդ դասարանցի որդու համար տետր, պայուսակ ու գրենական պիտույքներ է գնել Երևանի մեծածախ շուկաներից մեկում` Սուրմալուում և ծախսել է ընդամենը 6000 դրամ (մոտ 16 դոլար):

«Այնտեղ 80 էջանոց 1 տետրը, օրինակ` 60 դրամով (մոտ 0,16 դոլար) ավելի թանկ է, քան մեզ մոտ` Ավանում: Ես 5 տետրի մեջ 300 դրամ եմ տնտեսել (մոտ 0,8 դոլար)»,- ասում է Նադյան, որը նաև հագուստի վրա է քիչ գումար ծախսել` 4000 դրամ (մոտ 11 դոլար):

«Տղաս կոշիկ ուներ, չեմ գնել: 5000 դրամ էլ (մոտ 13 դոլար) դասագրքերի վրա եմ ծախսել ու ընդհանուր առմամբ 15000 դրամ եմ (մոտ 40 դոլար) ծախսել»,- իր ծախսածի վերջնահաշվարկն է ներկայացնում մեկ դպրոցականի մայրը:

Դպրոցում տրվող յուրաքանչյուր դասագիրքը 330-400 դրամ է (մոտ 0,9-1 դոլար): Այս գումարը ծնողը վճարում է դասագիրքը մեկ տարի օգտագործելու համար: Իսկ այն դեպքում, երբ որոշ դասագրքեր գրադարանում չեն լինում, ու դրանք հարկավոր է գնել, յուրաքանչյուր գրքի վրա ծախսվում է առնվազն 1000 դրամ (մոտ 3 դոլար), ընդ որում` ծնողները գնում են առնվազն մեկ, իսկ երբեմն` 2-3 դասագիրք:

28-ամյա Լուսինե Ադամյանը տղային առաջին դասարան ուղարկելու համար արդեն իսկ ծախսել է ավելի քան 100000 դրամ (մոտ 270 դոլար):

«Անկեղծ ասած` չէի սպասում, որ այսքան գումար կծախսեմ,- ասում է Լուսինեն,- բայց առաջին երեխադ է, ուզում ես ամեն ինչից լավն առնել, գնում ես նորմալ խանութ: Պայուսակի համար վճարել եմ 18000 դրամ (մոտ 48 դոլար), գրենական պարագաների համար` 25000 (մոտ 67 դոլար): Կոշիկը գնել եմ 18000 դրամով (մոտ 48 դոլար), իսկ կոստյումը (դպրոցական համազգեստը) նվեր ենք ստացել, թե չէ, պատկերացնում եմ` մի կլորիկ գումար էլ դրա վրա կծախսվեր: Դպրոցի ուսման առաջին ամսվա վարձն էլ 30000 դրամ (մոտ 81 դոլար) է»: