«Ֆուտբոլային դիվանագիտություն», Հայաստան-Թուրքիա. «Արարատի» հաղթանակից մինչև Ջորկաեֆի գոլը

«Ֆուտբոլային դիվանագիտություն», Հայաստան-Թուրքիա. «Արարատի» հաղթանակից մինչև Ջորկաեֆի գոլը


1973 թ. ԽՍՀՄ գավաթակիր Երևանի «Արարատը»

Յուրի Ջորկաեֆ՝ ճանաչված ֆուտբոլիստ և Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով
Այսօր հաճախ են խոսում «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, որը 2008 թ. նախաձեռնել էր Հայաստանի նախագահը` փաստորեն նպաստելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացմանը:

Սակայն պետք է նշել, որ «ֆուտբոլային դիվանագիտության» գործոնը, ըստ էության, վաղուց գոյություն ունի, իհարկե` այլ ձևերով: Այլ խոսքով` հայ-թուրքական հարաբերություններում սպորտի գործոնն օգտագործվել է որպես դիվանագիտական զենք:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:

Հետաքրքիր զուգադիպությամբ` հենց հոկտեմբերի 10-ին, սակայն 1973 թ., Երևանի «Արարատ» թիմը նվաճեց Խորհրդային Միության գավաթը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից և ստալինյան հալածանքներից հետո, որոնք, ինչպես և ցեղասպանության ժամանակ, բազում հայի կյանքեր խլեցին, թվում էր, թե դեռ երկար պետք էր սպասել ազգային պահանջներին համարժեք վերարտադրության հասնելու: Մանավանդ հասարակությանը համախմբող զանգվածային միջոցառումները, ինչպիսին էին խորհրդային ժամանակաշրջանում պարտադիր շքերթները, զանազան հանդիսությունները և սոցիալիստական զբոսախնջույքները (մայովկա) ավելի շատ ծառայում էին միջազգային, քան ազգային համախմբմանը:

Հենց այդ ճակատագրական պատմական ժամանակահատվածում հայ ժողովրդի հասարակական կյանքում շատերի համար անսպասելիորեն ասպարեզ եկավ սպորտը, որն առավել օրինական ճանապարհ էր արտահայտելու սոցիալիստական մամլիչի տակ խլացված հայրենասիրական զգացմունքները:

Պատահական չէր, որ 1963 թ. Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը վերանվանվեց «Արարատ»:

Ազգային զարթոնքի ժամանակաշրջանն իր պայմաններն էր թելադրում. նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի ֆինանսավորմամբ ապագա չեմպիոնի համար կառուցվեց «Հրազդան» մարզադաշտը:

70 000 երկրպագուների միահամուռ «Արարատ» վանկարկումը «Հրազդան» մարզադաշտում` գերված ազգային խորհրդանիշից հաշված կիլոմետրի վրա, քաղաքական ցույցից ավելի ցնցող էր:

1973 թ. Երևանի «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, իսկ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի «Լուժնիկի» լեփ-լեցուն մարզադաշտը հեղեղվեց «Արարատի» «լավայով». Կիևի աստղային թիմի` «Դինամոյի» հետ դրամատիկ եզրափակիչ մրցախաղում Երևանի «Արարատն» առաջին անգամ պետք է դառնար նաև ԽՍՀՄ գավաթակիր:

«Արարատի» հաղթանակից քսան տարի անց Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացող Յուրի Ջորկաեֆը Մոնակոյի կազմում ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարում գոլ խփեց: Խաղից հետո Ջորկաեֆը, որը ազգությամբ հայ է և աչքի ընկավ Թուրքիայի «Գալաթասարայի» (Ստամբուլի ֆուտբոլային թիմ) դարպասի գրավմամբ, ասաց. «Սա իմ առաջին պատասխանն է Հայոց ցեղասպանությանը»:

Այդ գոլը վճռորոշ չէր, սակայն միայն այս արտահայտությունը բավական էր, որ Ջորկաեֆը Թուրքիայում հայտարարվի անցանկալի անձ:

1998 թ. օգոստոսին Անկարան հայտարարեց, որ անընդունելի է աշխարհի հավաքականի կազմում ընդգրկված Ջորկաեֆի այցը Թուրքիա, որը պետք է մրցեր Թուրքիայի ազգային հավաքականի հետ: Այդ խաղը նվիրված էր Թուրքիայի Հանրապետության 75-ամյակին:

Ստամբուլ եկող աստղային թիմում Ջորկաեֆին ընդգրկելը ընդունվեց որպես «անձնական վիրավորանք»: Ի դեպ, այդ ժամանակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջատագով ֆուտբոլիստն ինքը հայտարարեց, որ բացարձակ ցանկություն չունի Ստամբուլ գնալու:

Նման մի բան եղավ նաև 2000 թ., երբ Ջորկաեֆը հրաժարվեց մասնակցել Թուրքիա-Ֆրանսիա ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը, որն անցկացվելու էր նոյեմբերի 15-ին: Ինչպես այն ժամանակ գրեց թուրքական Turkiye թերթը. «Հայերի` ցեղասպանության մասին անհիմն մեղադրանքներն սկսել են տարածվել մեծ սպորտի վրա»:

Երեք ամիս անց Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի աստղային թիմի մեկ այլ խաղացողի` աշխարհի չեմպիոն Ալեն Բողոսյանի հետ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակին` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար: