Սահմանամերձ գյուղ. այցելություն Ներքին Կարմիրաղբյուր

Սահմանամերձ գյուղ. այցելություն Ներքին Կարմիրաղբյուր

Photo: Gohar Abrahamyan/ArmeniaNow.com

Երևանից շուրջ 200 կմ հեռավորության վրա է գտնվում Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը, սակայն շատ ավելի մոտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև չարչրկված սահմանին:


Տավուշի մարզի և Ադրբեջանի միջև 352 կմ ձգվող սահմանի 9 կմ-ն անցնում է Ներքին Կարմիրաղբյուրով, որը սահմանից ուղիղ գծով բաժանվում է 800 մետրով, որտեղ հնչող հրազենային կրակոցների ձայները սովորական են դարձել:

Ռմբակոծված տները, քարուքանդ ճանապարհները հիշեցնում են այն ռազմական գործողությունների և դեռևս չլուծված տարաձայնությունների մասին, որոնք սկիզբ են առել այն վատ ժամանակներին`1990-1994 թթ., երբ մարզը Ադրբեջանի մշտական թիրախն էր:

«Մեր գյուղը ցածր դիրքում է գտնվում, իսկ հարևան պետության պաշտպանական դիրքերը բարձր են, դրա համար գյուղը մշտական նշանառության տակ է, իսկ պատերազմի տարիներին (1990-1994 թվականներ) Հայաստանի ամենաշատ ռմբակոծված գյուղն է»,- ասում է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

1994 թ. հրադադարից հետո կրակոցների սարսափելի ձայնը լսվեց անցած սեպտեմբերին:

«Զինադադարից հետո ամենասարսափելի կրակոցները լսվեցին անցյալ տարվա սեպտեմբերին: Մեզ նույնիսկ թվաց, որ պատերազմ է սկսվել, հավաքեցինք ամենաանհրաժեշտ իրերն ու իջանք ապաստարան, բայց հիմա կարծես հանդարտվել է»,- ասում է գյուղի բնակիչ Զինաիդա Իսրայելյանը:

Գյուղի բնակիչները պատմում են, որ վերջին ժամանակներում բավականին քիչ են լսվում, արդեն սովորական դարձած, հարևան երկրից եկող կրակոցների ձայները: 18- ամյա Վահագն Միրզոյանի համար, որը ծնվել է պատերազմի ամենաթեժ տարում (1993 թ.) և ծնված պահից լսում է հրազենի ձայնը, անսովոր է կրակոցների ձայներ չլսելը:

«Վերջին մեկ-երկու ամիսներին գրեթե չեն կրակում, երբեմն անհանգստանում եմ, որ կրակոց չի լինում»,- կատակում է Միրզոյանը:

13-ամյա Մարիամ Իսրայելյանը գյուղի բոլոր երեխաների պես կոփված է կրակոցների ձայներից, նույնիսկ գիտի` ոնց պաշտպանվել կրակոցների ժամանակ:

«Տան բոլոր լույսերն անջատում եմ, որպեսզի հեռվից չերևա տունը, մի կտոր հաց ու պանիր, ջուր եմ դնում պայուսակի մեջ` շտապ փախչելու համար ու կիսաձայն աղոթում եմ Աստծուն` աղերսելով խաղաղություն»,- ասում է Մարիամը:

Գյուղում բնակվող 1180 բնակիչների համար այսօր աշխատատեղ են ապահովում գյուղի դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանն ու բուժկետը:

Գյուղացիները հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, սակայն հող մշակելն էլ այստեղ կենաց-մահու պայքար է:

«Մարդիկ արյան գնով են մշակում իրենց հողը, քանի որ մշակվող հողերը սահմանից ուղիղ գծով բաժանվում են 100 մետրով, և ամեն տարի խաղողաքաղի ժամանակ մեր հարևանները կրակում են խաղող հավաքողների ուղղությամբ: Դրա համար վիրավորներից և զոհերից խուսափելու համար խաղողաքաղը հիմնականում կազմակերպվում է գիշերը: Բարեբախտաբար, դեռևս զոհեր և վիրավորներ չեն եղել»,-ասում է Կամենդատյանը:

Գյուղի հիմնական կառույցը դպրոցն է, որտեղ այսօր սովորում է 122 աշակերտ: Այն ունի 29 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 70.000 դրամ (մոտ 192 դոլար):

«Թեև գյուղից արտահոսքն այնքան էլ մեծ չէ, բայց սոցիալական ոչ այնքան բարվոք վիճակը չի նպաստում ծնելիությանը: Գուցե դա է պատճառը, որ այս տարի ունեինք ընդամենը 12 շրջանավարտ և 10 առաջին դասարանցի: Աշակերտների սակավության պատճառով նույնիսկ ստիպված էինք երկու դասարան միացնել իրար»,- ասում է դպրոցի տնօրեն Իվան Ադամյանը:

Նա հավաստիացնում է, որ նույնիսկ պատերազմի տարիներին դպրոցն աշխատել է բնականոն ընթացքով:
«Ամբողջ գիշեր կրակում էին, առավոտյան 6-ին կրակոցները դադարում էին, ժամը 8-ին սկսում էինք դասերը»,- ասում է Ադամյանը:

Սալոմե Ադամյանը 1992-94 թթ. դասավանդել է գյուղի դպրոցի տարրական դասարաններում և պատմում է, որ նույնիսկ այդ տարիներին դպրոցն աշխատում էր նույն ծանրաբեռնվածությամբ, ինչպես նախկինում:

«Գյուղը դպրոցով է գյուղ, և դա լավ հասկանալով մենք ուսուցիչներով աշխատում էինք ամեն գնով ապահովել դպրոցի բնականոն աշխատանքը: Եղել են օրեր, երբ դասի ժամանակ սկսել են կրակել, երեխաներին տանում էինք դպրոցի ապաստարան ու այնտեղ էինք շարունակում դասերը»,- ասում է Ադամյանը:

Պատերազմից հետո գյուղի ամենամեծ ձեռքբերումը գյուղացիները համարում են խմելու ջրի առկայությունն ու գազիֆիկացումը:

«Խորհրդային տարիներին ունեինք ընդամենը երեք աղբյուր, որը հազիվ էր բավարարում գյուղի բնակչությանը, այսօր արդեն գրեթե բոլորիս տներն ապահովված են խմելու ջրով»,- ասում է 60-ամյա Գայանե Փայտյանն ու դույլերի մեջ առատորեն լցնում սառնորակ աղբյուրներից հոսող ջուրը:

11-ամյա Լուիզա Չոբանյանն էլ երազում է իրենց գյուղում մշակույթի տուն ունենալ:

«Մեր գյուղն այն քիչ գյուղերից է, որ չունի մշակույթի տուն: Ես շատ եմ ուզում, որ մեր գյուղում էլ լինի մի տեղ, որտեղ կարող ենք հաճախել տարբեր խմբակներ, ներկայացումներ դիտել, ինքներս միջոցառումներ կազմակերպել»,- ասում է Լուիզան և հույսով սպասում, որ շուտով հաճախելու է նաև մշակույթի տուն:

Այն սերունդը, որը ծնվել է ապաստարաններում, խոնավ և ցուրտ նկուղներում, մոմի լույսի տակ, որոնց դժվարությունները սկսվել են ավելի քան 20 տարի առաջ, այսօր ձգտում է ավելի պայծառ ապագայի…