Վերնիսաժ` հին վայր, նոր տեսք. Երևանի զբոսաշրջիկների սիրված վայրը ենթարկվում է քաղաքապետարանի բարեփոխումներին

Վերնիսաժ` հին վայր, նոր տեսք. Երևանի զբոսաշրջիկների սիրված վայրը ենթարկվում է քաղաքապետարանի բարեփոխումներին

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից բացօթյա առևտրի արգելքը, ինչպես նաև կանաչապատ տարածքների վերականգնման աշխատանքները հասան նաև քաղաքի կենտրոնում գտնվող շուկան, որը հայտնի է որպես Վերնիսաժ:


Արդեն 15 տարուց ավելի շուրջ 1000 մարդ ամեն շաբաթավերջին Վերնիսաժում վաճառքի է հանում ժամանակակից հայ գեղանկարիչների գործեր, ավանդական ձեռագործ աշխատանքներ, գորգեր, ազգային երաժշտական նվագարաններ, ինչպես նաև պերճանքի առարկաներ, հուշանվերներ, գրքեր և բազմաթիվ այլ հնաոճ իրեր:

Երևանի կենտրոնում գտնվող բացօթյա շուկան հայտնի է թե´ տեղացիների և թե´ զբոսաշրջիկների ու այցելուների շրջանում, որոնք գալիս են այստեղ գնելու կամ պարզապես նայելու ցուցադրվող ապրանքները:

Օրեր առաջ Վերնիսաժ այցելած Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը թեև դժգոհել էր տիրող սանիտարական վիճակից, սակայն հավաստիացրել էր, որ շուկան չի փակվի, ավելին` խոստացել էր, որ այն կդառնա մաքուր և գեղեցիկ տարածք:

«Վերնիսաժն ունի զբոսաշրջային նշանակություն: Համանման շուկաներ կան նաև աշխարհի շատ այլ քաղաքներում: Մեր առաջադրած հիմնական խնդիրը կանաչ գոտու պահպանությունն է ու սանիտարական նորմալ վիճակի ստեղծումը»,- ասել է քաղաքապետը` վկայակոչելով աշխարհի խոշոր զբոսաշրջային երկրներում գոյություն ունեցող նման շուկաները:

Տարածքն ուսումնասիրելու եկած քաղաքապետի հետ էր նաև Հարություն Նավասարդյանը, որը քաղաքապետարանից վարձակալում է տարածքը, ապա հանձնում առևտրականներին: Նա իր հերթին հայտարարել էր, որ շուտով 300-500 նոր ու բարեկարգ վաճառասեղաններ կտեղադրվեն:

«Արդեն պատվիրել ենք, շուտով կստանանք»,- ասել է Նավասարդյանը` չնշելով մոտավոր ժամկետներ, սակայն հավաստիացնելով, որ նոր տաղավարների համար վաճառողներից գանձվող գումարները չեն ավելացվի (ներկայումս Վերնիսաժում վաճառասեղան ունենալու համար վաճառողները 1 քմ-ի համար օրական վճարում են 200-500 դրամ (0,5-1,3 դոլար):

Քաղաքապետի պահանջից հետո Վերնիսաժի սկզբնամասում տեղադրվեցին նոր տաղավարներ նոր հովանոցներով, որոնց համար յուրաքանչյուր վաճառողից գանձվել է 2000-ական դրամ (5,4 դոլար): Սակայն մինչև միջին և ավելի խոր հատվածների համար պատվիրված վաճառասեղաններն ու հովանոցները տեղ կհասնեն և կծառայեն իրենց նպատակին, այնտեղի աշխատողներին արգելել են նաև նախկինում օգտագործվող մեծ հովանոցները, որոնք պաշտպանում էին արևից ու անձրևից:

«Թույլ չեն տալիս մեծ հովանոց ամրացնենք, անձրևի տակ մի կերպ կանգնում ենք, մինչև տեսնենք, թե զոնտիկների ցիվիլիզացիան մեզ ե՞րբ կհասնի: Ընտանիքիս միակ կերակրողը ես եմ, ուզեմ-չուզեմ ամեն շաբաթ-կիրակի մի կերպ պետք ա դիմանամ, ուրիշ ճար չկա»,- փոքր հովանոցի տակ հորդառատ անձրևից մի կերպ պատսպարվելով` ասում է Վերնիսաժի վաճառողուհի, մասնագիտությամբ մոդելյոր, 55-ամյա Անահիտը:

Վերնիսաժում ամիսներ առաջ առևտուր էր իրականացվում նույնիսկ կանաչ տարածքների համար նախատեսված հատվածում, սակայն այսօր արդեն վերականգնվում են այդ կանաչ տարածքները, որոնք պահպանելու համար կապել են լարեր, որոնցից այն կողմ անցնողները կտուգանվեն 15.000 դրամի (15,8 դոլար) չափով:

Արգելվել է նաև Հանրապետության փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածում առևտուր անելը, որտեղ վաճառվում էին տարբեր պահեստամասեր, որի հետևանքով անգործ է մնացել շուրջ 500 մարդ:

Վերնիսաժում արդեն մի քանի տարվա «աշխատանքային ստաժ» ունեցող վաճառողներից ոմանք, թեև դժգոհելով, սակայն փորձում են հասկանալ քաղաքապետի նման որոշումը, որի շնորհիվ տարածքը համեմատաբար ավելի մաքուր է և հարմարավետ, քան առաջ:

«Լավ ա սենց, համ մաքուր ա, համ էլ լույսը լավ ա ընկնում, ես չեմ բողոքում»,- ասում է Վերնիսաժի սկզբնամասում տեղադրված նոր տաղավարի վաճառող Իվետան:

Վերնիսաժում մշակութային արժեք ներկայացնող իրերից փոքր-ինչ հեռու վաճառքի են հանված օգտագործված սպասք, կենցաղային պարագաներ, հագուստ, կոշկեղեն:

Սակայն վաճառողները մտավախություն ունեն, որ արգելվելու է նման ապրանքների վաճառքը, և Վերնիսաժում վաճառքում մնալու են միայն մշակութային արժեք ներկայացնող իրերը:

«Ես թոշակառու եմ, ստիպված արդեն 10 տարի ա գալիս եմ էստեղ, հիմա որ էս էլ արգելեն, ինչո՞վ կապրենք: Հասկանում եմ, որ վաճառած ապրանքս, մեղմ ասած, չի համապատասխանում Վերնիսաժի բուն բնույթի հետ, բայց, դե, ի՞նչ անեմ»,- գետնի վրա շուրջ 2 մ երկարությամբ և 50 սմ լայնությամբ փռված հագուստեղենին ու ապակեղենին հայացք գցելով` ասում է նախկին տնտեսագետ տիկին Աննան: Իսկ նրա հարևան վաճառող 40-ամյա Նաիրան էլ հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ է լինելու:

«Ոնց էլ լինի, մի բան կանեն էլի… Կապրենք, կտեսնենք»: