Լավաշ տիկինը. առավոտը Լուսիկի թոնրատանը

Լավաշ տիկինը. առավոտը Լուսիկի թոնրատանը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Լուսիկի ծովի պես կապույտ աչքերում թոնրում վառվող կրակի կարմիր արտացոլանքն է: Թոնրապատերին խփած սպիտակ լավաշները տեղ-տեղ ուռչում են, գունափոխվում: Կրակի ջերմությանը սովոր կնոջ ճերմակ ու նուրբ ձեռքերը վարպետորեն թոնրից դուրս են բերում թխած լավաշները, որոնցից նա օրը մոտ 330 հատ պատրաստում է:

«Ծաղիկ հացերս…»` ասում է Լուսիկը և լավաշները քնքշորեն փռում գետնին փռված հատուկ շորերին:

Արդեն 20 տարի ամեն առավոտ ժամը հինգին, երբ գյուղն անուշ քնի մեջ է, Լուսիկենց թոնրատան երդիկից ծուխ է բարձրանում, քիչ հետո տարածվում է լավաշի անուշ բույրը:

«Մենակ թամբալ մարդը կասի` գործ չկա ու կնստի, բայց էդպես չէ: Մեր գյուղում, կոպիտ ասած, մարդիկ կան, որ օրվա հացի կարոտ են, բայց իրենց նեղություն չեն տալիս»,- ասում է 46-ամյա Լուսիկ Գրիգորյանը:

Լուսիկենց ընտանիքն ապրում է Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կոտայքի մարզի Գողթ գյուղում: 90-ականներին, երբ երկրում ամեն ինչ խառնվում է իրար, տնտեսական նոր ձևավորված հարաբերություններում ընտանիքը որոշում է հաց թխել ու վաճառել:

«Սկզբում թխում էինք հաստոցի վրա, հետո մի օր հոսանքի լարերը կտրվեցին, ամուսինս ասեց` ա´յ կնիկ, չե՞ս կարա թոնրի մեջ թխես: Դե, ես էլ ասեցի`փորձեմ: Այդ փորձելուց արդեն 20 տարի է անցել»,- ասում է նա:

Սկզբում Լուսիկն ինքն էր լավաշը տանում ու վաճառում ԳՈՒՄ-ի շուկայում, բայց երբ հաճախորդները շատացան, սկսեց հանձնել վերավաճառողի, որպեսզի հասցնի ավելի շատ հաց թխել:

Տնտեսագիտական տեսանկյունից վերլուծելով անցած տարիները` հացթուխ կինն ասում է. «Սկզբում վաճառում էինք հատը 40 դրամով (մոտ 10 սենթ), այսօր արդեն վերավաճառողին հանձնում ենք 100 դրամով (մոտ 3 սենթ), նրանք էլ`120-ով (մոտ 4 սենթ): Կամաց-կամաց ալյուրը թանկացավ, ցախը թանկացավ: Լավաշը ցույց է տալիս մեր կյանքի տնտեսական վատ վիճակը»:

Լսվում է գրտնակի մեղմ սահոցը: Խմորի գունդը բացվում է գրտնակի համաչափ ճնշումների ներքո: Գրտնակ անողը Լուսիկի քույրն է` Գայանեն: Նա հմտորեն պահպանում է բացված խմորի հավասարությունն ու բարակությունը, ինչը համեղ լավաշի գրավականն է:

Բացված խմորը Լուսիկի ձեռքերում հաճույքով պար է գալիս, որից հետո Լուսիկն այն փռում է ռաֆադայի (թոնրի պատին լավաշի խմորը խփելու հարմարանք) վրա, հավասարեցնում ծայրերը, մի քանի տեղ ջուր կաթեցնում, մի քանի տեղ էլ ալյուր ցանում և ուղիղ տանում ջերմությունից ճաք տվող թոնիրը:

Երբ ջերմությունը սկսում է պակասել, թոնրի բերանը ինչ-որ մեկը պետք է բացի ու փակի, իսկ հետո հատուկ թոնրի համար նախատեսված երկաթե ձողով, որի մի ծայրը կեռ է, հանի թխած լավաշները:

Սովորաբար դա Լուսիկի ամուսնու`Թորգոմի գործն է, բայց նրան այսօր փոխարինում է մայրը`73-ամյա Թերեզ տատը:

«Հաց թխելու մեջ էլ հաշիվ կա, հո հմեն մարդ ըսենց հաց չի թխա: Մարդու շնորհքից ա, ձեռից ա, մարդ կա` կենա փշուր, չկարնան ուտին`կտան հավերին»,- ասում է Լուսիկի սկեսուրը:

Կիրակին Լուսիկի շուկայի օրն է: Առավոտյան ժամը ութին արդեն շուկայում է, երկու ժամ հետո հաց չի ունենում: Վաճառում է հատը 100 դրամով (մոտ 3 սենթ), վեց հատ լավաշը 1 կգ է:

«Հայկական ընտանիքներում լավաշը միշտ էլ կանայք են թխել, բայց մեկ է` ծանր աշխատանք է կնոջ համար` սկսած խմոր անելուց, գնդելուց, թխելուց: Ուղղակի ինձ համար այն ապրուստի միջոց է»,- ասում է Լուսիկը:

Շաբաթը 2000 հատ լավաշ թխող կինը խոստովանում է, որ հատուկ գաղտնիք չունի, պարզապես ամեն ինչ տեղը-տեղին է անում:

«Գովալ չլինի, բայց շուկայում առաջին հացը իմն ա, որովհետև բոլորն էլ ասում են` ի՞նչ ես անում, որ ըտենց հաց ա լինում`հա´մ համով, հա´մ տեսքով: Գաղտնիք չունեմ` խմորը նորմալ հունցում եմ, գնդում, տանջվում, ու արդյունքում էլ` լավ հաց ունենում»,- ասում է նա:

Թոնրի կրակը նստում է: Լուսիկն այն նորից է վառում: Չոր ցախերը լցնելով թոնրի մեջ` ասոմ է, որ չորս տարին մեկ փոխում են թոնիրը, որը կավից է`ամեն անգամ վճարելով 30.000 դրամ (մոտ 90 դոլար): Սա նրա չորրորդ թոնիրն է:

Ծանր աշխատանքի հետ մեկտեղ Լուսիկը հետևում է երկրի անցուդարձին, խորհում քաղաքական վերջին նորություններից մեկի` Երևանի քաղաքապետի փոփոխության մասին: Գարնանը սպասվող ընտրությունների մասին չի էլ ուզում լսել:

«Մեկ ա` ես էլի իմ լավաշն եմ թխելու: Դժվարությամբ, բայց հասցնում ենք, ու էլի գոհ եմ, որ կարողանում եմ օգնել երեխեքիս: Որ դժգոհ լինեի, այսքան տարի էս դաժան աշխատանքը չէի անի»,- ասում է Լուսիկը` հերթական ծաղիկ հացը թոնրից հանելով: