Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնում է 14 տարեկան. սեպտեմբերի 2-ը պատմական օր է ԼՂՀ-ի համար

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Անկախության հռչակագիրն ընդունվեց օգոստոսի 30-ին «Պետական ինքնիշխանության մասին» Ադրբեջանի ընդունած հռչակագրից երեք օր անց և փաստորեն պատասխան էր Բաքվի իշխանություններին:

Հետագա 14 տարիների ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեցին երկու տասնյակից ավելի նոր պետություններ` ՄԱԿ-ի անդամներ, սակայն այդ ցուցակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այդպես էլ իր տեղը չգտավ: Սակայն այդ հանգամանքը ոչ մի կերպ չանդրադարձավ ԼՂՀ ժողովրդի դիրքորոշման վրա, որի մտքով անգամ չի անցնում իր գոյության հնարավորությունը Ադրբեջանի Հանրապետության կազմում:

“Մենք նվաճել ենք մեր անկախությունն արյան գնով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում,- ասում է 67-ամյա հադրութցի գյուղացի Ավետիս Հակոբյանը: - Ներկայումս ԽՍՀՄ նախկին շատ հանրապետությունների բնակչությունը կարոտով է հիշում անցյալը, որը նրա գիտակցության մեջ զուգորդվում է ապահով կյանքի և սոցիալական ապահովության հետ: Ես չեմ ուզում վիճել դրա հետ, մանավանդ որ իմ հասակակիցներից շատերը նույնիսկ Հայաստանում նույնպես հիշում են միայն “լավ անցյալը”: Սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այդպիսի կարոտ չի զգում, քանի որ անցյալը նրա հիշողության մեջ առաջ է բերում հակառակ զուգորդություններ` վտանգված ու ճնշված վիճակ Խորհրդային Ադրբեջանի կազմում, տնտեսական ու ժողովրդագրական խտրականություն: «Վերևից» ազատություն ստացած և «ներքևից» այն նվաճած ժողովուրդների միջև հիմնական տարբերությունն այն է, որ առաջինները դեռ ապրում են անցյալով, իսկ վերջինները` ապագայով”:

“14 տարվա ընթացքում ԼՂՀ-ում ծնվել է անկախ քաղաքացիների սերունդ, որն այսօր սովորում է հայկական դպրոցների բարձր դասարաններում և չի պատկերացնում իր գոյությունն Ադրբեջանի կազմում,- ասում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: - Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճել է իր ինքնիշխան զարգացման իրավունքը ոչ միայն ադրբեջանական ռազմական ագրեսիայի բովում, այլ նաև միջազգային իրավական նորմերին համապատասխան”:

Երեք տարի Ղարաբաղը և Ադրբեջանը պատերազմում էին: 11 տարի “հրադադար” է տիրում: Եվ այդ բոլոր 14 տարիների ընթացքում Ադրբեջանի կազմից Ղարաբաղի դուրս գալու հարցը քաղաքական քննարկումների ու բանավեճերի նյութ է եղել:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին” Ստեփանակերտի ընդունած հռչակագիրը հատուկ կետով հղում է անում “ԽՍՀՄ կազմից խորհրդային հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին” 1990 թվականի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին, որը կանոնակարգում է նաև արդեն իր անկախությունը հռչակած միութենական հանրապետության կազմից ինքնավար կազմավորման դուրս գալու կարգը: Հենց այդ օրենքով է, որ 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու մասին:

“Տվյալ դեպքում մենք գործ ունենք կրկնակի ստանդարտների հետ, քանի որ միևնույն օրենքը տարբեր ձևով է կիրառվում,- այս առնչությամբ նշում է Լեռնային Ղարաբաղի հարցով հայ փորձագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: - Լեռնային Ղարաբաղը հետևողականորեն իրականացրել է բոլոր անհրաժեշտ նորմերը, այդ թվում` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին պատերազմի պայմաններում անկախ դիտորդների ներկայությամբ անցկացրել է հանրաքվե”:

Կա ևս մեկ հանգամանք, որի վրա ուշադրություն է հրավիրում փորձագետը: 1991 թվականի օգոստոսի 30-ին “Պետական ինքնիշխանության մասին” Ադրբեջանի ընդունած հռչակագրում արձանագրված է, որ Բաքուն հրաժարվում է խորհրդային քաղաքական ժառանգությունից և հանդիսանում է 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

“Սակայն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմել միայն խորհրդային շրջանում, հետևաբար ԽՍՀՄ քաղաքական ժառանգությունից Բաքվի պաշտոնական հրաժարումն ինքնաբերաբար զրկում է Ադրբեջանին այդ տարածքի նկատմամբ որևէ իրավունքից,- նշում է քաղաքական վերլուծաբանը: - Դեռ ավելին, հռչակելով իրեն Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ` Բաքուն նույնպես կորցնում է Ղարաբաղին տիրելու որևէ իրավունք, քանի որ այս հայկական հողը երբեք չի եղել 1918-1920 թվականների Ադրբեջանի կազմում: Ազգերի լիգան չի ճանաչել այդ պետությունը հենց նրա ագրեսիվ բնույթի և Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների պատճառով: Նշեմ, որ 1918-1920 թվականների Հայաստանի առաջին հանրապետությունը ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և դեսպանություններ է ունեցել ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա”:

Որոշ հայ քաղաքագետներ այն կարծիքին են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկման հարց չպետք է դառնա: Այդպես է կարծում, մասնավորապես, ՀՀ կառավարությանը կից փախստականների և միգրացիայի հարցերով վարչության փորձագետ Վիկտոր Սոլախյանը:

“Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը միջազգային նորմերին համապատասխան, և հենց միջազգային ատյաններն էլ պետք է լուծեն այս խնդիրը միջազգային հանրության կողմից ճանաչված իրավական նորմերին ԼՂՀ ժողովրդի ընտրության համապատասխանության մասին,- նշում է Վիկտոր Սոլախյանը: - Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները կարող են քննարկել միայն հայկական և ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող ԼՂՀ շրջակա տարածքների ապագայի հետ կապված հարցերը: Այստեղ կարող են լինել փոխզիջումներ, սակայն դրանք չի կարելի կապել ԼՂՀ կարգավիճակի հարցի հետ: Հակառակ դեպքում կստեղծվի փակուղային վիճակ, ինչի ականատեսն ենք վերջին 10 տարվա ընթացքում”:

2005 թվականի սեպտեմբերի 2-ին Ղարաբաղի Ազոխ գյուղի բնակիչ Արամ Պետրոսյանը կտոնի իր 14-ամյակը: Նա պատկերացում չունի, թե ինչ է բանակցային գործընթացը և թե ովքեր են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նա բանից անտեղյակ է, թե հիմնահարցի խաղաղ կարգավորման քանի¯ տարբերակ են առաջարկել միջնորդները, և դրանք ինչ բովանդակություն են ունեցել: Նա միայն գիտե ընտանեկան լեգենդն այն մասին, որ ինքը` դեռ չորսամսյա կրծքի երեխա, գնդակների տակ ծնողների հետ այցելել է ինչ-որ ընտրական տեղամաս, որպեսզի մեծահասակները կարողանան քվեարկել անկախության հանրաքվեում: Ու նաև գիտե, որ իր ծննդյան օրը նշում է ոչ միայն իր ընտանիքը, այլև ամբողջ Ղարաբաղը: