Բալթյան “յան”-ներ. Լատվիայի հայերի մոտ

Խմբագրի կողմից` “ԱրմենիաՆաուի” թղթակից Սուրեն Մուսայելյանը վերջերս այցելել էր ազգականներին Լատվիայում, որտեղ շփվել է տեղի փոքր, բայց աշխույժ հայ համայնքի հետ…

“Անի”, “Արարատ”, “Արցախ”, “Էրեբունի”, “Կերտ”` ռեստորանների այս հայկական անվանումները պատեհ կլինեին աշխարհի այնպիսի հայաշատ քաղաքներում, ինչպիսիք են Գլենդեյլը, Թեհրանը, Մոնրեալը…, բայց Ռիգայո՞ւմ:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որտեղ բնակվում է մոտ 2500 հայ (ամբողջ երկրում` մոտ 3000), գործում է մոտ երկու տասնյակ հայկական ռեստորան` մոտավորապես մեկն ամեն 100 լատվիահայի համար:

Ըստ համայնքի ավագագույն անդամներից մեկի` Կարլոս Շեկոյանի` այս փաստը միայն ընդգծում է, որ “Լատվիայում հայ համայնքը, թեկուզև սակավաթիվ, բայց բազմաշերտ է”:

84-ամյա Շեկոյանը, ում ճակատագիրը Ռիգա է բերել 1949 թվականին, ասում է, որ համայնքի անդամները փորձում են համախմբվել եկեղեցու շուրջը:

“Մենք բոլորս էլ ընտանիք ունենք`երեխաներ, թոռներ, սակայն հոգևոր շփում մեզ ապահովում են եկեղեցում կազմակերպված հանդիպումները, որոնք մեզ մերձեցնում մեր պատմական հայրենիքին”,- ասում է Շեկոյանը:

Հայ առաքելական եկեղեցու “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի” կրոնական կազմակերպությունը Ռիգայում գործում է 1993 թվականից: Իսկ եկեղեցու կառուցումը սկսվել է 1997 թվականին (այն գտնվում է Կայուսալասի 6 հասցեում): Շինարարությունը դեռ չի ավարտվել, սակայն պատարագ արդեն մատուցում են: Եկեղեցին կառուցվել է բացառապես ծխականների նվիրատվություններով:

Հայր Մարկոսը (աշխարհիկ անունը` Հրաչյա Հովհաննիսյան) նույնպես կարևորում է եկեղեցու դերը պատմական հայրենիքից հազարավոր կիլոմետր հեռու գտնվող համայնքի կյանքում:

“Եկեղեցին մեր միասնության առանցքն է: Այսպիսի փոքր համայնքի համար եկեղեցի կառուցելու համար այսպիսի մեծ տարածք ձեռք բերելն իսկական հերոսություն է”,- ասում է Հայր Մարկոսը, որը 2002 թվականի նոյեմբերին եկել է Ռիգա և նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ քահանա:

Ըստ Հայր Մարկոսի` հայերը Լատվիայում ընդգրկված են գրեթե բոլոր բնագավառներում, բայց հատկապես շատ են արվեստի և մշակույթի ոլորտում:

Նրա հավաստմամբ` հայերը բնակվել են Լատվիայում դեռ 1940 թվականի խորհրդայնացումից առաջ, սակայն փոքրաթիվ ու անկազմակերպ են եղել: Այսօր Լատվիայում բնակվող հայերը հիմնականում եկել են խորհրդային տարիներին` 1946 թվականից հետո:

Առաջին հասարակական կազմակերպությունը` Լատվիա-հայկական մշակութային ընկերությունը, հիմնվել է այստեղ 1988 թվականին:

Ռիգայի հայ համայնքը հիմնադրվել է 2001 թվականին Լատվիա-հայկական մշակութային ընկերության հիմքի վրա: Համայնքը անդամակցում է Լատվիայի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ”Համագործակցություն” միությանը և պետությունից ֆինանսավորում ստանում:

Կազմակերպության նախագահ Արթուր Իսախանովը Ռիգայում բնակվում է 1979 թվականից: Նա ասում է, որ համայնքն ունի բազմաթիվ խնդիրներ ինքնությունը պահպանելու գործում, ներառյալ` տարաձայնություններ համայնքի ներսում, սակայն նշում է, որ առկա ձեռքբերումները լավատեսություն են ներշնչում ապագայի հանդեպ:

“Հիսուն տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ հայ համայնքը Մերձբալթյան պետություններից մեկում կարողացավ հողատարածք ձեռք բերել և եկեղեցի կառուցել: Նման բան այստեղ հազվադեպ է պատահում, գործնականում` երբեք, - ասում է Իսախանովը: - Մենք արդեն այս տարածքի սեփականաշնորհման թույլտվություն ենք ստացել և շուտով այն կպատկանի Սուրբ Էջմիածնին”:

Ռիգայում գտնվող եկեղեցին տարածաշրջանում կառուցված միակ հայկական եկեղեցին է:

Իսախանովն ասում է, որ իրենց համար կարևոր է տեսնել համայնքը միավորված եկեղեցու շուրջը: Տեղի հայերը նաև որոշել են եկեղեցու մոտ մշակութային կենտրոն և դպրոց կառուցել:

Լատվիայի հայ համայնքը փորձում է հետ չմնալ այլ սփյուռքահայ համայնքներից: Այսօր այն ունի սեփական թերթ` “Արարատ” (հրատարակվում է 2500 օրինակ տպաքանակով), սերտ կապեր է հաստատել հարևան Էստոնիայի և Լիտվայի հայ համայնքների հետ և մասնակցում է տարբեր միջազգային համահայկական համաժողովների:

Ըստ Իսախանովի` Լատվիայի խորհրդարանում գործում է հայկական լոբբի, և հայկական լոբբիստների շրջանում կան անգամ ծայրահեղ աջ պատգամավորներ, մասնավորապես` Լատվիայի խորհրդարանի` Սեյմի նախագահ տիկին Ինգրիդա Ուդրեն:

Գարնանը, երբ ողջ աշխարհում հայերը ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը, Լատվիայի հայ համայնքը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ` նվիրված այս տարելիցին, այդ թվում նաև` ցեղասպանության թեմայով ցուցահանդես Լատվիայի Սեյմում:

Չնայած գարնանը հայկական լոբբին չկարողացավ ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունն անցկացնել Լատվիայի Սեյմում (100 պատգամավորից միայն 15-ը սատարեց հայտարարությանը` (11 աջ լատվիացի և 4 ձախ ռուս պատգամավոր), նրանք մտադիր են բարձրացնել այս հարցը հաջորդ տարի: Իսախանովն ասում է, որ շարունակելու են աշխատել այս ուղղությամբ նաև ապագայում:

“Լատվիայի նախագահը վերջերս հանդիպել է մեր դեսպանի հետ և ասել. “Գուցե դուք չպետք է հիշեք անցյալը, այլ նայեք դեպի ապագան”,- որին Հայաստանի դեսպանը պատասխանել է. “Այս դեպքում ինչո՞ւ դուք չեք ուզում մոռանալ անցյալի ձեր խնդիրները Ռուսաստանի հետ”,- պատմում է Իսախանովը` որակելով դա կրկնակի ստանդարտների քաղաքականություն:

Ռիգայի հենց կենտրոնում կա մի խաչքար, որը կանգնեցվել է հայ համայնքի նախաձեռնությամբ 1989 թվանանին` ի հիշատակ Մեծ եղեռնի և Սպիտակի երկրաշարժի զոհերի: 2001 թվականին Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ խաչքարը վերանորոգվել է և վերաօրհնվել քաղաքային իշխանությունների և տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ:

Լատվիայում հայերը, անկախ այն բանից, քաղաքացու անձնագիր ունեն, թե ոչ, հիմնականում հավաքվում են եկեղեցական ժողովներում և հայ համայնքի կողմից կազմակերպված այլ միջոցառումներում:

Անահիտ Սարգսյանը վերջերս հայրենակիցների հետ եկեղեցու բակում նշել է իր 80-ամյակը: Ծագումով թիֆլիսեցի տիկին Անահիտը բնակվում է Լատվիայում 1953 թվականից:

“Իմ բոլոր ընկերներն այստեղ արդեն մահացել են: Այստեղ` համայնքում, ես նոր ընկերներ ձեռք բերեցի: Շատ տխրում եմ, երբ անգամ մեկ կիրակնօրյա պատարագ եմ բաց թողնում”,- ասում է նա:

Լեզվի պահպանումը մեկ այլ խնդիր է, հատկապես Լատվիայում բնակվող հայ երիտասարդ սերնդի համար:

29-ամյա Տիգրան Բոգոյանը ծնվել և մեծացել է Ռիգայում: Ավարտել է Լատվիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և հիմա ղեկավարում է մի հաշվապահական ընկերություն: Նա ասում է, որ հաճախ է այցելում Երևան, որտեղ բարեկամներ ունի: Տիգրանը մի քիչ խոսում է հայերեն:

“Ես աշխատում եմ հայերեն խոսել բոլոր նրանց հետ, ովքեր խոսում են հայերեն: Չնայած ծնվել և ողջ կյանքս անցկացրել եմ Լատվիայում` ես ինձ ավելի լավ եմ զգում Հայաստանում”,- ասում է Տիգրանը:

Ռիգայում գործում է կիրակնօրյա դպրոց այն հայերի համար, որոնք ուզում են սովորել լեզուն: Դպրոցը հիմնադրվել է 1989 թվականին, բայց, ըստ Իսախանովի, այս դպրոցն առավել ուշադրության կարիք է զգում ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ համայնքի անդամների կողմից հետաքրքրության տեսանկյունից:

Ռիգայի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլզա Միրզոյանն ասում է, որ բացի հայոց լեզվից, դպրոցում դասավանդում են նաև հայոց պատմություն և մշակույթ: Սակայն նա նշում է, որ ավելի քիչ աշակերտ ունեն, քան կուզենային:

“Երեխաներն ավելի ու ավելի քիչ են հայերեն խոսում: Ծնողները տիրապետում են լեզվին, գոնե խոսակցական, իսկ երեխաները` ոչ: Դժբախտաբար, այս միտումը նկատվում է ողջ սփյուռքում”,- ասում է Միրզոյանը:

Հայ երեխաները, որոնք հաճախում են այս դպրոց, մասնակցում են նաև տարբեր դպրոցական մրցումների, որոնք անցկացվում են Լատվիայի ազգային փոքրամասնությունների միջև: Դպրոցի տնօրենն ասում է, որ հանդես գալով հայոց եռագույնի ներքո, երեխաները զգում են, որ իրենց հին պատմական հայրենիքն իրենց թիկունքին է:

“Ես վստահ եմ, որ մեր երեխաներն իսկական հայրենասեր կմեծանան”,- եզրափակում է Միրզոյանը: