Իրականացված խոստում. նվիրում Աստծուն և Հայաստանին

74-ամյա Թագուհի Չիլյանն սկսեց արտասվել, երբ “Զատիկ” մանկատան երեխաները, ի նշան երախտագիտության, սկսեցին նրա համար երգել իրենց սիրած երգը.

Եկեք այս օրը լավ սկսենք,
Եկեք իրար խոսքեր լավ ասենք,
Եկեք իրար չնեղացնենք,
Միմյանց հանդեպ բարի լինենք:
Խաղաղություն թող միշտ լինի
Եվ ամենուր ծիծաղ թող հնչի,
Լինենք ուրախ ու երջանիկ,
Դառնանք բարի, բարի մարդիկ:

Այս տարի տիկին Թագուհին Միացյալ Նահանգներից եկել էր Հայաստան, որպեսզի ներկա լիներ մանկատան սաների մկրտությանը, իսկ հետո խնջույք կազմակերպեր ու նվերներ մատուցեր:

Թագուհի Չիլյանն արդեն 15 տարի իր ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ում, բայց ծնվել ու մեծացել է Հայաստանում և հեռավոր երկրում էլ չի մոռացել իր հայրենիքը: Արդեն 30 տարի նա զբաղվում է բարեգործությամբ:

Տիկին Թագուհու բարեգործությունն սկսել է ողբերգությունից:

1974 թվականին պարբերական հիվանդությունից մահացել է նրա ամուսնու 15-ամյա զարմիկը` Ավետիսը:

“Ավետիսը հիվանդ էր: Մահվան օրը ես էլ էի նրա կողքին,- հիշում է տիկին Թագուհին, որը 2-3 տարին մեկ գալիս է Հայաստան: - Երեխան հոգեվարքի մեջ զառանցում էր, ասում էր, թե իրեն տանջում են, մեխեր են մեխում մարմնի մեջ: Ես էլ շտապ վերցրի Աստվածաշունչը, աղոթեցի ու դրեցի նրա բարձի տակ: Միանգամից հանգստացավ ու սկսեց հաշվել: Հաշվեց մինչև 72-ը, լռեց ու ասաց, թե դա Հիսուսի առաքյալների թիվն է:

Հետո խնդրեց մորը, որ գնա` աղոթի: Եղբորն էլ ասաց, որ մի թղթի վրա գրի, թե աշխարհում անշահախնդիր սեր չկա: Ասաց ու մահացավ: Էդ պահին ես ինքս ինձ խոստացա, որ անշահախնդիր կերպով պիտի ծառայեմ Աստծուն, սիրեմ մարդկանց, աղոթեմ նրանց համար ու բարեգործություն անեմ”:

Երեխայի մահվան քառասունքը չլրացած Թագուհին երազում երկնքում կախված մի եկեղեցի է տեսնում: Հետո Վայոց ձորի Մարտիրոս գյուղում պատահաբար տեսնում ու ճանաչում է երազում տեսած եկեղեցին` կիսավեր վիճակում: Մաքրում է այն, կարգի բերում ու մոմ վառում:

“Այդ գիշեր երազումս հայտնվեց սուրբը, ձեռքը դրեց գլխիս ու հանձնարարեց, որ մատաղ անեմ, հետո էլ եկեղեցին վերակառուցեմ: Այդպես էլ արեցի: Երազիս եկեղեցին վերականգնեցի: Ստեղծեցի ճեմարան` 72 աշակերտով, ճիշտ այնքան, որքան Հիսուս ուներ և որքան թվարկում էր մահամերձ Ավետիսը: Ու այդպես սկսեցի բարեգործությամբ զբաղվել”,- պատմում է տիկին Թագուհին:

Տարիներ շարունակ Թագուհի մայրիկն օգնել է աղքատներին, նրանց հագուստ ու սնունդ բաժանել: ԱՄՆ-ից ավելի քան 1000 ծանրոց է ուղարկել Հայաստան: Քանի որ չի աշխատել, չի կարողացել գումար կուտակել: Բայց կարողացել է գտնել մարդիկ, ովքեր պատրաստ են եղել այդ գործի համար ներդրում անել: Մշտական աջակիցները եղել են զավակները, ովքեր իրենց աշխատավարձից բաժին են հատկացրել մոր բարեգործությանը:

Այդ ամենը երկրից հեռու կազմակերպելու և նվիրատվությունները տեղ հասցնելու գործում Թագուհուն օգնել է զարմիկը` Հակոբ Հակոբյանը: Նա բնակվում է Երևանում ու այստեղ փորձում է կյանքի կոչել հորաքրոջ ցանկությունները:

“Ես միշտ զարմացել եմ հորաքրոջս այդ աստիճան մարդասիրության վրա: Նա հարուստ չէ, ոչ էլ երեխաներն են հարուստ: Բայց միշտ գոհունակությամբ է խոսում իր կենսապայմանների մասին ու անկեղծորեն մտահոգվում հայաստանցիների կյանքով: Մեկ-մեկ տեսնում էի հորաքրոջս տխուր նստած: Երբ հարցնում էի` ի՞նչ է եղել, պատասխանում էր, թե սենց ո՞նց կլինի, էս մարդիկ ախր շատ ծանր վիճակում են ապրում, իսկ իմ արածն էլ մեծ բան չի, որ մի բան փոխվի”,- պատմում է Հակոբյանը:

Տիկին Թագուհու վերջին ամիսների ցանկությունը Հայաստանի մի քանի մանկատների երեխաներին մկրտելն ու նվիրատվություն կատարելն էր: Հակոբի օգնությամբ ընտրեցին “Զատիկ” ու Խարբերդի հատուկ մասնագիտացված մանկատները:

Այսօր “Զատիկ” մանկատանն ապրում է 133 երեխա Երևանից ու մարզերից: Իսկ Խարբերդի մանկատան 233 երեխաները մտավոր կամ ֆիզիկական արատ ունեն:

Վերջին այցելության ժամանակ տիկին Թագուհին եղավ “Զատիկում”: Երեխաներին քաղցրավենիք ու միրգ էր բերել: Ամեն անգամ, երբ Թագուհի մայրիկը կոնֆետ էր բերում, փոքրիկ Սուսաննան իր կոնֆետներից բաժին էր հանում նաև քրոջ`Մերիի համար: Տիկին Թագուհու վերջին այցի օրը ներկա էր նաև Մերին: Սուսաննան վազեց դեպի քույրը, գրկեց նրան, բոլորից թաքուն գրպանից հանեց կոնֆետն ու ծամոնը և դրեց նրա ափի մեջ: Մի քանի օր է` չէր տեսել քրոջը: Ավագ քույրն էլ, ժպիտը դեմքին, հոգատարությամբ վերցրեց կոնֆետն ու թաքուն դրեց քրոջ պահարանի մեջ:

Քույրերի հոգատարությունից հուզված Թագուհի մայրիկը դողացող ձայնով հրաժեշտտվեց երեխաներին.

“Աստված թող պահապան լինի ձեզ: Ես արդեն մեծ եմ, չգիտեմ` կկարողանա?մ էլի գալ Հայաստան: Բայց եթե անգամ չգամ, միշտ հետաքրքրվելու եմ ձեզնով: Ուզում եմ հետո լսել, որ դարձել եք ազնիվ, կրթված մարդիկ, որ մեր երկիրը հանել եք տիղմից: Սիրեք իրար, օգնեք իրար. Աստված կհատուցի ձեզ: Բարով մնաք”: