«Հայ Ձմեռ պապ» ծրագրի ամփոփում. սեզոնային ծրագիրը վերածվում է ամբողջ տարին գործող ծրագրի

Խմբագրի կողմից` Հավատարիմ մեր խոստմանը` պատմելու մեր ընթերցողներին, թե ինչպես են տնօրինվում բարեգործական հիմնադրամին նրանց արված նվիրատվությունները, ներկայացնում ենք այս հաշվետվությունը: «ԱրմենիաՆաուն» և հատկապես մեր շահառուները շնորհակալություն են հայտնում մեր առատաձեռն ընթերցողներին և սպասում են հետագա ձեռնարկումների:

Պատրաստվելով ուշ աշնանն սկսվող իր հաջորդ բարեգործական արշավին` «ԱրմենիաՆաուի» «Հայ Ձմեռ պապ» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր նվիրատուներին, որ անցած ութ ամիսների ընթացքում 15 ընտանիք օգնություն է ստացել` դեղորայքից, ներքնակ-վերմակից մինչև անասուն, համակարգիչ ու հեռուստացույց: Ցույց տված օգնության ընդհանուր գումարը կազմում է 12365 դոլար (չհաշված ղարաբաղյան պատերազմի ժամանակ տուժած Մերի Մեժլումյանին անվճար ցույց տրված բժշկական օգնությունը):

Մերին նաև շարունակական օգնություն է ստացել «ԱրմենիաՆաուի» աշխատակազմից և բարեգործներից, որոնք սիրահոժար և առատաձեռնորեն արձագանքել են արտասահմանից և, որ ամենակարևորն է, Հայաստանից:

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասում է, որ հիմնադրամի գործունեության նպատակը չպետք է լինի սոսկ առաջնային կարիքների (սնունդ, հագուստ, վառելիք) բավարարումը, այլ այդ ընտանիքների համար վստահության ու վերականգնման մթնոլորտի, արժանապատիվ վերաբերմունքի և նրանց հետ շարունակվող բարեկամության հաստատումը:

Երբ անցյալ դեկտեմբերին «ԱրմենիաՆաուն» հայտարարեց իր «Հայ Ձմեռ պապ» երկրորդ ծրագրի մասին, առաջին նվիրատուն Դոննա Էվանսն էր` Հայաստանում ԱՄՆ դեսպանի կինը:

Իսկ վերջերս ամբողջ տարին գործող ծրագիր դարձած «Հայ Ձմեռ պապին» աջակցություն ցույց տվեց Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը:

Տիկին Քոչարյանի օժանդակության շնորհիվ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռմբակոծությունից տուժած կապանցի Մերի Մեժլումյանը (առաջին «Հայ Ձմեռ պապ» ծրագրից) նոր ոտք ու ձեռքեր կստանա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժտեխնիկական հանձնաժողովը Մերիին անվճար ապահովում է պրոթեզներով:

Բժիշկ Մկրտիչ Գինոսյանի հսկողությամբ պատրաստվեց Մերիի սրունքի պրոթեզը, իսկ հոկտեմբերին կպատրաստվեն նաև ձեռքերի պրոթեզները: Բացի այդ, նախատեսվում է, համագործակցելով ՀՀ Կարմիր խաչ կազմակերպության նախագահ Մխիթար Մնացականյանի հետ, ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել ֆոտոլրագրող Գերման Ավագյանի առաջարկը` պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած երեխաներին (Հայաստանում և Ղարաբաղում ընդհանուր թվով` 50) պատերազմի հաշմանդամ համարելու և համապատասխանաբար թոշակավորելու մասին:

Պետրոսյանը կարևորում է նաև համագործակցությունը Հայ առաքելական եկեղեցու, մասնավորապես` Սբ. Հովհաննես եկեղեցու քահանա տեր Դանիելի հետ (տես «ԱրմենիաՆաուի» 2005 թ. հունիսի 10-ի թողարկումը): Ամռանը մկրտվեցին Փափազյանների («Հայ Ձմեռ պապ» վերջին ծրագրից) չորս երեխաները:

«Ուզում էի տեր Դանիելի հետ խորհրդակցել»,- այս խոսքերով 39-ամյա այրի Քնարիկ Գասպարյանը, որը խնամքի տակ երեք երեխա ունի և գործազուրկ է (տես` հարակից հոդվածը), հաճախ երեխաների հետ Սբ. Հովհաննես է գնում կարևոր որոշումներ կայացնելուց առաջ:

Պետրոսյանի խոսքով` «Հայ Ձմեռ պապի» լավագույն դաշնակիցներից է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան գրասենյակի միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամը:

Արձագանքելով «ԱրմենիաՆաուի»` Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղի անմխիթար վիճակը նկարագրող հոդվածին և նպատակ ունենալով խթանել տեղի երիտասարդության հետաքրքրությունները գյուղում` «Կլոր սեղան» հիմնադրամը «Հայ Ձմեռ պապի» խնդրանքով երկուական համակարգիչ հատկացրեց Բարեկամավան և հարևան Բերքաբեր գյուղերին:

Պետրոսյանի հավաստմամբ` արդյունքները գերազանցեցին ակնկալիքները: Մասնավորապես, Բերքաբերում, համակարգչային հրահանգիչ Վլադիմիր Ղազինյանի արդյունավետ աշխատանքի շնորհիվ, աշակերտներն արդեն աշխատում են Word, Excel և Photoshop ծրագրերով:

Վլադիմիրը մտադիր է յուրացնել այլ ծրագրեր ևս ու սովորեցնել աշակերտներին: Այդ նպատակով «Հայ Ձմեռ պապը» ձեռք է բերել «AutoCAD» ինքնուսույցի 5 օրինակ Հայաստանի ամերիկյան համալսարանի արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետից: Իսկ իր տպավորիչ աշխատանքի համար Վլադիմիրը ինքնուսույցի հեղինակ Սարգիս Զեյթունյանից նվեր ստացավ ծրագրի ցուցադրական տարբերակի աշխատասկավառակը:

«Ընդամենը 4 ամսվա ընթացքում Վլադիմիրի կատարած անձնվեր աշխատանքը վկայում է, որ ճշտորեն կատարված ներդրումները կարող են հրաշալի արդյունքների հասցնել,- ասում է Պետրոսյանը: - Բացի այդ, Բերքաբերի հուսադրող օրինակը դարձավ «Հայ Ձմեռ պապի» և «Կլոր սեղանի» հետագա համագործակցության հուսալի գրավականը»:

Պետրոսյանի վկայությամբ` «Հայ Ձմեռ պապի» շատ նախաձեռնություններ անհնար կլիներ իրականացնել առանց ինստիտուցիոնալ այլ կառույցների հետ համագործակցության:

Մասնավորապես` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը և նրա նախագահ Մարգարիտ Հովհաննիսյանը սիրահոժար տրանսպորտ տրամադրեցին օգնության զգալի մասը տեղ հասցնելու համար: Հիմնադրամը նաև առաջարկել է փորձված անասնաբույժ Զորիկ Փամբուխչյանի ծառայությունները, որն օգնել է «Հայ Ձմեռ պապին» անասուն գնել գյուղացիների համար:

«Մենք սիրով ենք օգնել «ԱրմենիաՆաուին» և «Հայ Ձմեռ պապին»,- ասաց Հովհաննիսյանը: - Մի բան, որ կարելի էր ավելի լավ անել, որոշ դեպքերում ընտանիքներին ցույց տրվող օգնության ընտրությունն է: Իմ կարծիքով` «ԱրմենիաՆաուի» հոդվածների որոշ ընտանիքներ այլ կարգի օգնության կարիք ունեին` ոչ այնքան նյութական, ֆինանսական, որքան հոգեբանական: Այդպիսի օգնություն կարելի է տրամադրել, թերևս, սոցիալական աշխատողների միջոցով: Բայց ես համոզված եմ, որ դա փորձի հետ կգա»:

Խորհրդատվական օգնություն է ցույց տվել նաև «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը: Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության փորձը հաճախ ուղենիշ է հանդիսացել «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի համար: Տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանի խորհուրդները նույնպես նպաստել են ճիշտ որոշումներ կայացնելուն:

Ըստ հիմնադրամի համակարգողի` ծրագրի լավագույն արդյունքներից է շարունակական համագործակցությունը սփյուռքահայ որոշ ներդրողների հետ: Նյույորքաբնակ մի կին ծանոթացել է էջմիածնեցի Հարոյան ընտանիքի հետ (տես`Էդիկ ու Յուրա), և այդ ծանոթությունը վաղուց վերածվել է բարեկամության: Պետրոսյանի կարծիքով` հատկապես գնահատելի է սփյուռքահայերի հետևողական ուշադրությունը:

Ֆրանսիահայ Անահիտ Սարգիսյանը Գասպարյաններին այցելելուց և ընտանիքի անդամների հետ ծանոթանալուց հետո գործնական առաջարկություն արեց. իր մանկապարտեզի սաների համար նա Քնարիկին ձեռագործ խաղալիքներ պատվիրեց: Քնարիկի համար արժանապատիվ վաստակի այս հնարավորությունը Ամանորի նախօրեին կվերածվի Հայաստանից ուղարկված հրաշալի նվերների ֆրանսիահայ փոքրիկների համար:

Այսօրինակ համագործակցության ծրագիր է իրականացվել նաև եգիպտահայ Հրայր Ջըղալյանի հետ, որը պատրաստակամորեն արձագանքեց հաշմանդամ երեխաների օգնության «Փրկություն» բարեգործական միության խնդրանքով անցկացված բարեգործական ակցիային: Հրայրի նյութական ներդրումով հնարավոր դարձավ մի փոքրիկի աչք վիրահատել, որի համար ՀԿ-ն փորձում էր միջոցներ հայթայթել:

«Հայ Ձմեռ պապն» այսպիսով կամուրջ դարձավ իր սփյուռքահայ ընթերցողի և հայաստանյան ՀԿ-ի միջև»,- ասում է Պետրոսյանը:

Իր օգնությունն է առաջարկել նաև «Օգնություն Հայաստանին» կազմակերպության նախագահ և «Հայաստանի բարեկամներ» կազմակերպության գործադիր հոգաբարձու, բրիտանահայ Ռուբեն Գալիչյանը:

«Մենք պատրաստ ենք օգնելու «Հայ Ձմեռ պապին»: Մեր մոտեցումը բոլոր ծրագրերում միանշանակ է. օգնում ենք մարդկանց վաստակելու սեփական ապրուստը: Ձուկ տալու փոխարեն կարթ ենք առաջարկում»,- ասում է Գալիչյանը` ավելացնելով, որ իրենք գերադասում են օգնել համայնքներին և ոչ թե անհատներին:

Սակայն ծրագրի ամենակարևոր ձեռքբերումը Պետրոսյանը համարում է համագործակցությունը հայաստանյան ընթերցողների և հեռուստադիտողների հետ:

«ԱրմենիաՆաուի» ընթերցողների և «Շողակաթի» հեռուստադիտողների արձագանքները գնահատելի են հատկապես իրենց գործնական բնույթով:

Թոշակառու տիկին Կարինեն շարունակում է այցելել Գասպարյանների, Երվանդյանների և Ավետիս Խաչատրյանի (Բռադյագա) ընտանիքներ, զանգահարում ու մշտական կապ է պահպանում նրանց հետ: «Հայ Ձմեռ պապի» հետ համագործակցության փորձից ոգևորված` նա այժմ փորձում է իր գործընկերներին համախմբել բարեգործության գաղափարի շուրջ և ստեղծել գործունեության սեփական ոլորտ:

«Իմ ընկերուհիները, որոնք նախկինում հիանալի մասնագետներ էին և թոշակի անցնելուց հետո իրենց մասնագիտական կարողությունները ներդնելու ապարեզ չեն ունեցել, հիմա հասկանում են, որ կարելի է մարդկանց պիտանի լինել` համախմբվելով և ի մի բերելով ուժերը: «Հայ Ձմեռ պապի» հետ աշխատելու ընթացքում ես շատ բան եմ սովորել, և այդ ամենը կօգտագործեմ մեր նոր կազմակերպության գործունեության ընթացքում»,- ասաց նա:

Ընդօրինակման է արժանի Գալաջյանների ընտանիքի հովանավոր գործարար Մեսրոպ Սարոյանի հետևողականությունը: Չբավարարվելով նյութական օժանդակությամբ` նա Համլետին աշխատանքի է տեղավորել իր ձեռնարկությունում, օգնել է նրան կարգի բերելու ավերված տունը:

Հուսադրող է նաև ուսանողության հետաքրքրությունը. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Կարինե Մուրադյանի նախաձեռնությամբ ուսանողների հետ տեղի ունեցած հանդիպմանը «Հայ Ձմեռ պապ» ֆիլմի դիտումից հետո խոսակցություն ծավալվեց հիմնադրամի աշխատանքի արդյունավետության ուղիների շուրջ: Երիտասարդների առաջարկությունները հետաքրքրական և արդիական էին:

Բացի «ԱրմենիաՆաուի» հոդվածներում ներկայացված 12 ընտանիքներից, օգնություն է տրամադրվել ևս երեք ընտանիքի:

(«ԱրմենիաՆաուի»  «Հայ Ձմեռ պապ-2005» ծրագիրը այժմ գտնվում է նախապատրաստական փուլում, սակայն մենք ուրախությամբ կընդունենք ձեր նվիրատվությունները: Սեղմեք այստեղ)