Ապագայի ընտրություն. ծրագիրը հնարավորություն է տալիս հայաստանցիներին ղեկավարելու պետության նավը

Սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 500 երևանցի կանգնել էր 4 դռան առջև ու ընտրում էր իր երկրի ապագան: Դռները տանում էին դեպի Ռուսաստան, Եվրոպա, Հայաստան և Ոչ մի տեղ (հոռետեսության դուռը):

Ներկաները մասնակցում էին «Հայաստան-2020» ծրագրի մշակած` առաջիկա 15 տարում Հայաստանի զարգացման 4 սցենարների քննարկմանն ու ընտրությանը` «Գոյատևումից` բարեկեցություն», «Սիրով` Ռուսաստանից», «Հայաստանը և  Եվրամիությունը. վերադարձ տուն» և «Հայաստան` 30 տարի նամակագրության իրավունքով»:

2001 թվականին հիմնված «Հայաստան-2020»  ծրագրի առաջնային նպատակն էր մշակել մինչև 2020 թվականը ՀՀ-ի համար այլընտրանքային զարգացման մոդելներ և վերածել դրանք հստակ սցենարների (նման ծրագրերը լավ արդյունք են տվել Ռուսաստանում, Պորտուգալիայում և Բելգիայում):

Ծրագիրը հովանավորում են հայ գործարարներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Ապագա պետական քաղաքականության համար օգտակար հայեցակարգեր մշակելու վրա ծրագիրը ցայսօր ծախսել է շուրջ 2 մլն դոլար:

«Մեր հովանավորներն այն մարդիկ են, ովքեր առանց որևէ ֆինանսական շահ ակնկալելու ներդրումներ են անում` իրենց հայրենիքը բարեկեցիկ դարձնելու ճանապարհներ գտնելու համար,- ասում է «Հայաստան-2020» ծրագրի տնօրեն Արտաշես Կազախեթյանը: - Ծրագիրը  կառավարությունից, միջազգային որևէ կառույցից կամ կազմակերպությունից ֆինանսական աջակցություն չի ստացել: Դա նշանակում է, որ մենք լրիվ անկախ ենք: Իսկ ծրագրի գերնպատակն է` հանրային քննարկման ու քվեարկության միջոցով  գտնել Հայաստանի զարգացման հնարավոր ուղիների առավել ընդունելի մոդելներ»:

Հավաքվածների գրեթե կեսը` 210 մարդ, նախապատվությունը տվեց «Գոյատևումից` բարեկեցություն» սցենարին:

Սցենարի բովանդակությունը հետևյալն է. «Արտադրողականության աճ` զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման միջոցով: Մինչև 2020 թվականը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը հասցնել 11200 ԱՄՆ դոլարի: Դրա համար անհրաժեշտ է միայն ճիշտ քաղաքականություն վարել մակրոտնտեսական, միկրոտնտեսական, քաղաքական, իրավական և սոցիալական ոլորտներում»:

Զարգացման սցենարը բաժանվում է երեք հիմնական փուլի: Առաջին փուլում (2004-2008 թթ.) կարևորվում է արտադրողականության աճը, տարածաշրջանային առևտրի ակտիվացումը, ինչպես նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն ուղղված միջոցառումները, որոնց մեծապես նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարը, թղթաբանության կրճատումն ու էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը: Վերջին` 3-րդ փուլը (2013-2020 թթ.) գլոբալացման շրջանն է: Առևտրի շրջանակներն ընդլայնվում են մինչև Եվրոպա և ԱՄՆ:

Սցենարների քննարկման մասնակիցները ներկայացնում էին տարբեր տարիքային խմբեր: Երիտասարդները նախապատվություն էին տալիս այն սցենարներին, որոնք տանում էին Հայաստանի ինտեգրմանը գլոբալացման գործընթացներին: Համեմատաբար տարեցներն ավելի հակված էին «Սիրով` Ռուսաստանից» տարբերակին:

«Կարծում եմ` հայերի անցած ուղին ցույց է տալիս, որ մեր անցյալը սերտորեն կապված է եղել Ռուսաստանի հետ, և դրանից մենք միայն շահել ենք: Ինչո՞ւ այսօր էլ չշարունակենք ամրապնդել մեր բարեկամական , պետական ու տնտեսական կապերն այդ երկրի հետ»,- հարցնում է  55-ամյա մանկավարժ Մարիետա Սահակյանը:

Ի հակակշիռ նախորդ  սերնդի ներկայացուցչի` 25-ամյա տնտեսագետ Հայկ Գալստյանի կարծիքով` Հայաստանը պետք է տնտեսական կախում չունենա Ռուսաստանից:

«Թեև գաղութատիրության դարաշրջանն ավարտվել է, ակնհայտ է, որ հզոր տերությունները շարունակում են գաղութատիրական քաղաքականությունը` տնտեսական կախվածության մեջ գցելով փոքր պետություններին: Ուզում եմ ասել, որ այդ վիճակում կհայտնվի նաև Հայաստանը, եթե կրկին դառնա Ռուսաստանի արբանյակը»,- ասում է Գալստյանը:

Բացի Երևանից, սցենարների քննարկումներ են կազմակերպվել նաև Հայաստանի այլ քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում: Առաջիկա օրերին կընդգրկվի նաև Սյունիքի մարզը:

«Մինչև այժմ նախապատվություն է տրվել «Գոյատևումից` բարեկեցություն» սցենարին, այն է`հիմնական շեշտադրումը դնել Հայաստանի ներուժի վրա, փորձել հասկանալ, թե ինչ է հարկավոր անել ավելի նպատակասլաց զարգացման համար,- ասում է Կազախեթյանը: - Մեր ստացած արդյունքներից կարող ենք հստակ եզրակացնել, որ մարդիկ շատ են ուզում, որ Հայաստանը զարգանա որպես անկախ, հզոր պետություն, և պատրաստ են ակտիվորեն մասնակցելու երկրի կառուցմանը»:

Սեպտեմբերի 19-20-ը «Հայաստան-2020» ծրագիրը  Երևանում կամփոփի իր եռամյա գործունեությունը: Երկօրյա համաժողովին կմասնակցեն ավելի քան 300 հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ ու գործարարներ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ  Հայաստանի բարեկեցիկ ապագայի ստեղծման գործում:

«Համաժողովի ժամանակ «Հայաստան-2020»-ը կհրապարակի բոլոր քննարկումների արդյունքները: Կնախանշվեն մեր հետագա քայլերը: Եվ, որ ամենակարևորն է, կկարողանանք մեր իշխանություններին հստակ կողմնորոշել, թե այսօրվա Հայաստանի հանրությունն ինչ ուղիներով է ցանկանում զարգացնել երկիրը»,- ասում է Կազախեթյանը: