Արդարության կարոտ. դատապարտված զինվորն ասում է, որ հացադուլից բացի «այլ ճանապարհ չունի»

Ճաղապատ պատուհանով բանտախցում, որտեղ կանգնած հեղձուկ օդն ահավոր ծանր է, 19-ամյա բանտարկյալ Ռազմիկ Սարգսյանն արդեն 28-րդ օր է հացադուլ է հայտարարել. նա բողոքում է, որ իրեն դատապարտել են մի հանցագործության համար, որի հետ, ինչպես ինքն է այժմ ասում, ոչ մի կապ չունի:

Անցյալ տարվա ապրիլին, հնգօրյա հարցաքննությունից հետո, որի ժամանակ, երիտասարդի հավաստմամբ, նրան խոշտանգումների են ենթարկել, հայկական բանակի զորակոչիկը խոստովանել է 2003 թվականի դեկտեմբերին Ղարաբաղում իր երկու զինվոր ընկերների սպանությունը: Սարգսյանի խոստովանության հիման վրա դատապարտվել է ևս երկու զինվոր:

Յուրաքանչյուրը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Փաստաբանները և երեք դատապարտյալների ընտանիքների անդամները պնդում են, որ Սարգսյանը և մյուս երկու զինվորները քավության նոխազ են դարձել սպանության այս գործում, որի հետքերը, նրանց հավաստմամբ, տանում են դեպի զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանը: Գրիգորյանը այս գործով չի հարցաքննվել, մասամբ նաև այն պատճառով, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից է (սեղմիր այստեղ` «ԱրմենիաՆաուի» հարակից հոդվածները կարդալու համար):

Այս դեպքը մեկն է այն օրինակներից, որոնք ցույց են տալիս հայկական բանակում տիրող անմարդկային բարքերը, երբ զինվորներին պարբերաբար ծեծում են (հանցագործության զոհերին նախ տանջել են, ապա` սպանել), հաճախ վերադաս սպաների թողտվությամբ կամ ուղղակի հրամանով:

Այս գործը նաև գրավել է իրավապաշտպան կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ուշադրությունը, որոնք ասում են, որ Սարգսյանը բանակում տիրող համատարած կոռուպցիայի զոհերից է:

Սարգսյանի գործը վերաքննիչ դատարանում է, սակայն մեկուսարանի բժշկի վկայությամբ` Ռազմիկի առողջական վիճակն այնպիսին է, որ նա չի կարող մասնակցել վերաքննիչ դատարանում ընթացող դատական նիստերին:

Սարգսյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի հավաստմամբ` Ռազմիկը չի կարող քայլել և երիկամի լուրջ խնդիրներ ունի, որոնք առաջացել են ծեծի հետևանքով: Հացադուլից նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ: Եվ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ հացադուլի 14-րդ օրը:

Կալանավայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր: Նրանց պահանջը` ծանոթանալ կալանավորի բժշկական քարտին, մերժել է Նուբարաշենի մեկուսարանի պետ Արա Սարգսյանը:

Չնայած արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը պնդում է, որ պատշաճ գրություն ներկայացնելու դեպքում նրանք կստանային այդ տեղեկությունները, փաստաբանները պնդում են, որ այդ կապակցությամբ գրավոր երկու միջնորդություններն էլ մերժվել են:

Երբ Ռազմիկ Սարգսյանը վերաքննիչ դատարանին տեղեկացրեց, որ արդեն հինգերորդ օրն է հացադուլ է սկսել, նախագահողը նրան պատասխանեց. «Հացադուլ-մացադուլով միայն անարդար մարդիկ են զբաղվում...»

Երբ «ԱրմենիաՆաուի» թղթակիցն այցելեց Նուբարաշենի մեկուսարան, Ռազմիկը գունատ էր, հյուծված, խոսում էր հազիվ լսելի ձայնով: Նա պահանջում էր գործի վարույթից հեռացնել զինդատախազության ներկայացուցչին և ներգրավել գլխավոր դատախազության մեկ այլ ներկայացուցչի:

«Անմեղ տեղը 15 տարի են տվել, ծեծուջարդով ցուցմունք են կորզել, հացադուլից ո՞նց դուրս գամ»,- «ԱրմենիաՆաուի» թղթակցին ասաց նա:

«Ռազմիկ Սարգսյանը դիմել է այս ծայրահեղ քայլին, որովհետև չգիտե` ինչ միջոցներ ձեռնարկի իր անմեղությունն ապացուցելու և իրական հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար,- ասում է Փոստանջյանը: - Բացի այն, որ իրական հանցագործը ազատության մեջ է, գործի մեջ ներքաշել են նաև անմեղ մարդկանց»:

Մյուս երկու զինվորները`Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը, չեն ընդունել իրենց ներկայացված նույն մեղադրանքը:

Փոստանջյանն ասում է, որ զինդատախազությունն այս գործը դատարան է հանձնել` հիմնվելով միայն Սարգսյանի խոստովանական ցուցմունքների վրա, որոնք, ինչպես ենթադրվում է, կորզվել են բռնությամբ: Նա բնութագրում է իր պաշտպանյալին որպես զգայուն երիտասարդի, որը կարող է տեղի տալ ճնշման տակ:

«Նրանք հատկապես ընտրել էին Ռազմիկին, որովհետև նա ավելի խեղճ ու կրակ է, բանաստեղծություններ է գրում, երաժշտություն սիրում, ուրեմն ծեծուջարդի չէր դիմանա: Եվ իրոք չի դիմացելՔննիչը նրան կախել է բարձր տեղից և սպառնացել փայտով բռնաբարել… Եվ այս մասին Ռազմիկը ցուցմունք է տվել առաջին ատյանի դատարանում»,- ասում է փաստաբանը:

Մեկ ու կես տարվա ընթացքում երեք ամբաստանյալներն էլ տարբեր ժամանակ հացադուլ են հայտարարել: Ամենաերկարը Արայիկ Զալյանինն էր` 90 օր:

Իր արդեն քայքայված առողջության պատճառով Սարգսյանը, կարծես, ավելի ծանր վիճակում է:

Վերջերս այցելելով մեկուսարան` Ռազմիկի հայրը` Թորգոմ Սարգսյանը, ասում է, որ որդին չէր կարողանում քայլել, «ամբողջ դեմքն ուռած էր, ձեռքերը դողում էին, բերանը հազիվ էր բացում, էլի երիկամների սուր նոպա է ունեցել, արյուն է միզել»:

«Երեխայիս երկու տարով բանակ տարան` 15 տարի դառավ...»

Կարդացեք «ԱրմենիաՆաուի» հաջորդ շաբաթվա համարը` տեղեկանալու վերաքննիչ դատարանի նիստերի ընթացքին: