Արյունակից ազգականներ. հայ գիտնականի գյուտը կարող է թեթևացնել շաքարախտով հիվանդների վիճակը

Շաքարախտով հիվանդների գլյուկոզի քանակությունը չափելու և վերահսկելու նոր, հեղափոխական սարքը պատրաստ կլինի հաջորդ տարի, և նրա հայ հեղինակը հույս ունի, որ այն լայն կիրառում կգտնի Հայաստանում, որտեղ շաքարախտը տարածված հիվանդություն է:

Գլյուկոբանդը ամերիկյան «Կալիստո մեդիքալ» ընկերության վերջին մշակումներից է:

Ընկերության տնօրեն և հիմնադիր Վահրամ Մուրադյանը, որը գլյուկոբանդի հիմնական հեղինակն է, ասում է, որ այս սարքն արյան գլյուկոզայի առաջին չթափանցող չափիչն է: Եթե փորձարկումները դրական արդյունք տան, ապա գլյուկոբանդը հնարավորություն կտա չափելու որոշ նյութերի պարունակությունն արյան մեջ առանց արյուն վերցնելու:

«Սարքը կծառայի հիվանդներին, բուժանձնակազմին և, ընդհանրապես, ցանկացած մարդու` չափելու գլյուկոզի քանակն ու նրա փոփոխություններն օրգանիզմում և արյան մեջ»,- ասում է Մուրադյանը:

Գլյուկոբանդը ձեռքի ժամացույց հիշեցնող դյուրակիր էլեկտրոնային սարք է` հպէկրանով, ներդրված միկրոպրոցեսորով, հիշողության բլոկով և ժամացույցով: Մուրադյանի հավաստմամբ` պահանջարկի դեպքում ընկերությունը պատրաստ է արտադրելու նաև հատուկ ձևավորմամբ գլյուկոբանդներ (ադամանդներով և այլն):

«Դա մի զարմանալի սարք է, որը տալիս է մի շարք տվյալներ, այդ թվում` նաև գլյուկոզի քանակի վերաբերյալ»,- ասում է Մուրադյանը` ավելացնելով, որ դիզայներները նաև ձգտել են սարքը հնարավորինս փոքր դարձնել:

«Ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ այն կրողը շաքարախտ ունի»,- ասում է նա:

Գյուտարարը նաև հույս ունի, որ սարքը, որը դեռ պետք է անցնի առողջապահության նախարարության փորձաքննությունը և վաճառքի արտոնագիր ստանա, Հայաստանում վաճառքի կհանվի հաջորդ տարի:

Նախատեսվում է, որ նոր սարքը նաև կկրճատի հիվանդի ծախսերը: Մուրադյանը դեռևս չի ցանկանում խոսել սարքի գնի մասին, սակայն ասում է, որ այն չպետք է գերազանցի մի քանի հարյուր դոլարը (ըստ Մուրադյանի տվյալների` ԱՄՆ-ում շաքարախտով միջին հիվանդը գլյուկոզի պարունակությունը չափելու վրա տարեկան ծախսում է մոտ 2500 դոլար):

«Հավանաբար սարքը կտնտեսի տարեկան ծախսերի մոտ 75 տոկոսը»,- հաշվում է Մուրադյանը:

Այսօր գլյուկոզի («արյան շաքարի») քանակը չափելու համար մարդիկ պետք է ծակեն իրենց մատը, արյունը կաթեցնեն հատուկ շերտաձողի վրա, ապա դնեն որոշակի քիմիական անալիզներ անող մոնիտորի մեջ: Ներկայումս օգտագործվող մոնիտորներն արժեն մոտ 100 դոլար, և, հաշվի առնելով, որ նման թեստեր հիվանդը կարող է անել օրական 4-18 անգամ (տարբեր մեկանգամյա պարագաներով, ինչպես օրինակ` մեկ դոլարանոց շերտաձողով), դա դառնում է բավական թանկ գործողություն:

Ի հակադրություն` գլյուկոբանդին արյան ոչ մ ի կաթիլ պետք չէ, քանի որ այն հաշված րոպեների ընթացքում անհրաժեշտ տվյալներ է տալիս մարմնին հպած երկու էլեկտրոդի միջոցով:

Մուրադյանի հավաստմամբ` գլյուկոբանդը եզակի է նաև նրանով, որ նախատեսված է շարունակական մոնիտորինգի համար և արձանագրում է գլյուկոզի պարունակության փոփոխությունները, ինչը կարող է օգտակար լինել շաքարախտով հիվանդի բժշկի համար:

Մուրադյանն ասում է, որ գլյուկոբանդից կարող են օգտվել առանց բացառության բոլորը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շաքարախտը, որից մահացությունն աշխարհում երրորդ տեղում է քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից հետո, վերջին տասնամյակում կայուն աճ է արձանագրում Հայաստանում: Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում կա մոտ 16000 շաքարախտով հիվանդ, սակայն համարվում է, որ իրական թիվը մի քանի անգամ մեծ է:

Մուրադյանն ասում է, որ ընկերության հետաքրքրությունները Հայաստանում հիմնականում անձնական բնույթի են, քանի որ Հայաստանի շուկան դժվար թե առևտրական տեսանկյունից գրավիչ լինի: Սակայն գլյուկոբանդի աշխատանքային խմբի հինգ անդամից չորսը հայ են և անձամբ շահագրգռված են, որ հայերի պատրաստած սարքը հաջողության հասնի Հայաստանում: (Մուրադյանն ինքը կիսում է իր ժամանակը Տեխասում գտնվող իր տան և Հայաստանի միջև):

«Որպես շուկա` Հայաստանը պարզապես մի չնչին մասն է այնպիսի երկրի, ինչպիսին, ասենք, Չինաստանն է: Ամբողջ Հայաստանը կարծես Շանհայի մի մասը լինի: Սակայն Հայաստանն ունի որոշակի ներուժ, բավականաչափ ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել գիտական հետազոտությունների և մշակումների մեջ, արտադրության կազմակերպման և ապահովման համար»,- ասում է Մուրադյանը` ավելացնելով, որ կա փոքր հավանականություն, որ սարքի հավաքումը և թեստավորումն արվեն Հայաստանում:

«Այս սարքը չի դառնա հայկական, բայց Հայաստանը, իհարկե, ԱՄՆ-ից դուրս թիվ մեկն է հետազոտական աշխատանքների և, ինչո՞ւ չէ, նաև տարածաշրջանի մարքեթինգի առումով»:

Մուրադյանն ասում է, որ իդեալում ամեն ընտանիք պետք է ունենա գլյուկոբանդ` ջերմաչափի կամ տոնոմետրի (արյան ճնշման չափիչի) նման:

200՞ թվականին Մուրադյանի ընկերությունը ներկայացրել է գլյուկոբանդը Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) բժշկական ցուցահանդեսում: Նրա հավաստմամբ` իրենց ստեղծած սարքն արդեն լայն արձագանք է ստացել, և ամեն օր իրենք հարյուրավոր էլնամակներ են ստանում, ինչը, նրա կարծիքով, միայն հաստատում է գլյուկոզի քանակության հարմար ու արդյունավետ չափիչի պահանջարկը:

Մուրադյանը 1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որտեղ և թեկնածուական թեզ է պաշտպանել էլեկտրոնային ինժեներիա և համակարգչային գիտություն մասնագիտությամբ:

Թեև նա բժշկական կրթություն չի ստացել, սակայն ինտենսիվորեն աշխատել է բժշկական խմբերի հետ, այդ թվում` նաև Հայաստանում, և հիմա էլ շարունակում է իր կապերը բժիշկների հետ: Մոտ երկուսուկես տարի նա զբաղվում է «ինքնակրթությամբ» շաքարախտի էնդոկրինոլոգիայի ասպարեզում:

Մուրադյանը հիմնել է «Կալիստո մեդիքալ» ընկերությունը 2003 թվականին, և այն սկսել է գործել 2004 թվականի սկզբից:

«Սա այն լավ օրինակներից է, երբ համատեղվում են գործունեության տարբեր բնագավառներ,- ասում է Մուրադյանը: - Ամբողջ գաղափարը բժշկության և ճարտարագիտության ու էլեկտրոնիկայի գիտելիքներն ու առաջընթացի արդյունքները համադրելն էր»: