Ցանում են ապագա առաջընթացի սերմերը. ԱՏԳ-ն առատ բերք է խոստանում հայ ֆերմերներին

Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Հովակիմյանը պատմում է իր ցորենի դաշտերի և այն դժվարությունների մասին, որոնց միջով անցել են վերջին տարիներին:

{ai107901.jpg|left} «Խորհրդային Միության փլուզումից և արցախյան պատերազմից հետո մեր մարզը մեկուսացվել էր և հետ էր մնում երկրի մյուս շրջաններում գյուղատնտեսության բնագավառում նկատվող առաջընթացից: Հողի սեփականաշնորհումից հետո մենք մնացել էինք մենակ հողի խնդիրների հետ»:

Իսկ հիմա Հովակիմյանը` նայելով իր առատ բերքին, գոհունակությամբ ասում է.

«Սակայն այդ ամենը մնաց հետևում, երբ հանդիպեցինք «Հայ տեխնոլոգիական խումբ» (ԱՏԳ) ՀԿ-ին»:

Հովակիմյանն ասում է, որ չկային սերմացու, պարարտանյութ, հողը մշակռլեւ համար անհրաժեշտ պարագաներ: Տեղական սերմերի որակն ընկել էր: Պատահական մարդիկ բերում ցորենի սերմացու էին վաճառում, և արդյունքում լավ բերք չէին ստանում:

«Մինչև ԱՏԳ-ի հայտնվելը չգիտեինք` ում վստահել, բայց հիմա հիանալի արդյունք ենք ստանում»,- ասում է նա:

ԱՏԳ-ն ստեղծվել է 1989 թվականին ամերիկահայ անասնաբույժ Անդրանիկ Հազարապետյանի ջանքերով: Այդ տարիներին մի քանի մասնագետների հետ (գյուղատնտեսներ, անասնաբույժներ) այցելում են Հայաստան:

«Երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, գործազրկություն, խարխլված գյուղատնտեսություն: Այս ամենը տեսնելուց հետո որոշեցինք նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը` շեշտը դնելով գյուղատնտեսության վրա,- ասում է ԱՏԳ-ի գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը: - Սկսեցինք հացահատիկի սերմեր ներկրել. այն ժամանակ Հայաստանի հացահատիկի սերմացուի 80 տոկոսը գալիս էր արտասահմանից»:

ԱՄՆ կառավարության օժանդակությամբ կազմակերպությունն սկսեց սերմեր ներկրել: Սերմերը բաժանելուց առաջ կազմակերպում էին դասընթացներ և բացատրում գյուղացիներին, թե ինչպես պետք է դրանք ցանքից առաջ մշակվեն:

«Դասընթացներ էինք կազմակերպում նաև ցանքից հետո, ընդհանուր առմամբ` տարեկան երեք անգամ: Գյուղացիներին ընտրում էինք ըստ կարողության ու պահանջի: ԱՄՆ-ից բերեցինք հինգ մասնագետ, որոնք մեկնեցին Հայաստանի տարբեր մարզեր` Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ, Արմավիր և Շիրակ: Նպատակը գյուղացու հետ կողք կողքի ապրելն ու նրան օգնել էր: Այս տարիների ընթացքում վերապատրաստում է անցել 100000-ից ավելի գյուղացի»,- ասում Տեր-Սիմոնյանը:

Սկսած 1995 թվականից ԱՏԳ-ն որոշում է սերմնարտադրությունը կազմակերպել Հայաստանում: Սկսում են համագործակցել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես`«Ցորենի և եգիպտացորենի մշակման միջազգային կենտրոնի» հետ:

Տեր-Սիմոնյանի հավաստմամբ` Հայաստանում փորձարկել են ցորենի 250-ից ավելի տեսակներ: ԱՏԳ-ի աշխատանքների շնորհիվ Հայաստանում ցորենի սերմնարտադրությունն ավելացել է 30 տոկոսով: Հայաստանի «Սելեկցիոն նվաճումների փորձարարական, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոնն» արտոնագիր է տվել ԱՏԳ-ին ցորենի յոթ տեսակի համար:

1998 թվականին ԱՏԳ հիմնադրամն ստեղծում է «Սերմարտադրողների աջակցության միություն» ՀԿ-ն, որպեսզի տեղական ֆերմերներն իրենց ուժերով շարունակեն այս աշխատանքը:

Այսօր միությանն անդամագրված է շուրջ 100 գյուղացիական տնտեսություն հանրապետության ինը մարզերից: Այդ տնտեսությունները հիմնականում զբաղվում են հացահատիկային, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի սերմնարտադրությամբ:

Հովակիմյանն ասում է, որ միության օգնությունն ագարակատերերին անգնահատելի է: «ԱՏԳ-ի մասնագիտական խորհուրդները, ցորենի նոր որակյալ սերմերը և նոր տեխնոլոգիաները մեզ այսօր մրցունակ են դարձրել տեղական շուկայում»,- ասում է նա:

Այս ամենից բացի, արդեն երեք անգամ ԱՏԳ-ն կազմակերպում է հեծանվամարաթոններ, իսկ ստացված հասույթն օգտագործում իրենց գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար:

Տեր-Սիմոնյանն ասում է, որ սփյուռքահայերի համար Հայաստանը չպետք է սահմանափակվի միայն Երևանով: Իսկ հեծանվամարաթոնը մարդկանց բերում է Երևան, ապա տանում երկրի տարբեր շրջաններ: «Մենք նպաստում ենք արկածային տուրիզմի զարգացմանը` դրանից ստացված շահույթը ներդնելով գյուղատնտեսության մեջ»,- ասում է նա:

1999-ի առաջին հեծանվամարաթոնի գումարներով Ղարաբաղում հիմնում են խաղողի տնկարան: Սահմանամերձ Խրամորթ գյուղում մեկ ու կես հեկտար հողատարածքում հիմնված տնկարանն այսօր արդեն 8 հա տարածք ունի: Այստեղ խաղողի տեղական տեսակները պատվաստում են ֆիլոքսերա հիվանդության դեմ, որն ախտահարում է խաղողի արմատները:

{ai107902.jpg|right} Երկրորդ մարաթոնի գումարներով ձեռք բերեցին կաթի սառեցման 4 բաք, որոնք տեղադրվեցին հանրապետության չորս մարզերում:

Այս տարվա հեծանվամարաթոնի գումարները կհատկացվեն ախտորոշիչ լաբորատորիայի ստեղծմանը, ինչը կնպաստի անասնաբուծության զարգացմանը:

«Հայաստանը նման լաբորատորիա չունի: Նախկինից մնացածն ախտորոշում է երկու հիվանդություն, իսկ նորը հնարավորություն կտա ախտորոշելու միանգամից 6-ը,- ասում է Տեր-Սիմոնյանը: - Եթե կենդանիներն առողջ են, ապա չի տուժում գյուղացու տնտեսությունը, չի վտանգվում մարդկանց առողջությունը, և, վերջապես, Հայաստանն իր գյուղատնտեսական արտադրանքը կարող է ազատ միջազգային շուկա արտահանել»:

Գյուղատնտեսության նախարարությունում այսօր հանրապետության անասնաբույժները հատուկ քննություններ են հանձնում ապագա կենտրոնում աշխատելու համար: Շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա վերջին: Պահանջվող 5 մլն դոլարից 1 միլիոնը կներդնի Հայաստանի կառավարությունը, մնացածը` ԱՄՆ կառավարությունը և ԱՏԳ հիմնադրամը:

Ըստ գործադիր տնօրենի` հաջորդ տարվա հեծանվամարաթոնին մասնակցելու համար արդեն 14 հայտ է ներկայացվել:

«Հեծանվամարաթոնի մասնակիցների աջակցությունը մեր ծրագրերին անգնահատելի է: Դա նաև հրաշալի առիթ է լինելու Հայաստանի գյուղական շրջաններում և փոքրիկ լումա ներդնելու գյուղերի տնտեսական զարգացման մեջ»,- ասում է Տեր-Սիմոնյանը: