Քաղցր Վան. Եղեռնի վերապրողն ապավինում է մոր հիշողություններին

Ահարոն Մանուկյանի աչքերը ժպտում են, երբ մանկական հիշողությունները նրան տանում են հետ` Վանի իրենց տուն, հետո Ալեքսանդրապոլի մանկատուն ու հոգաբարձու մըսթր Յարոյի կլոր ու մեծ շոկոլադե կոնֆետները:

Մանկատունը դառնում է տղայի տունը, երբ նա հազարավոր հայերի նման 1915 թվականին դառնում է գաղթական: 90 տարի անց եղեռնի վերապրողներ շատ չեն մնացել: Ահարոնն ընդամենը 1 տարեկան էր, երբ նրա ընտանիքը բռնեց գաղթի ճամփան: Գաղթի նրա հիշողությունները հիմնված են մորից լսած պատմությունների վրա:

Ահարոնի 91-ամյա դեմքը միանգամից ծերանում է, երբ նա վերապատմում է մոր հիշողությունները...

Վանեցիները, որոնց օգնում էին ռուսական ուժերը, կատաղի դիմադրություն են ցույց տալիս թուրքական բանակին: Սակայն երբ ռուսական զորքը նահանջում է, նրանց հետ քաղաքի 200000 հայ բնակչությունը գալիս է Արևելյան Հայաստան: Ահարոնի հայրը զոհվում է Վանի հերոսամարտում:

«Գաղթի ճամփեն մերս անցավ ինձ շալակած, Մելիքսեթին ու Վահրամին` փեշից կախ,- վերհիշում է Ահարոնը: - Գետն անցնելիս այն կաս-կարմիր էր, ու ջանդակներ էր, որ ջուրը բերում էր…»:

Ահարոնի մայրը` Մարիամը, ընտանիքի ողջ հարստությունը թաքցնում է Վանում` հոր տապանաքարի տակ, ու երեք որդիների հետ Վանից ոտքով հասնում Էջմիածին: Այնտեղ որդիներին կերակրելու համար հաց է մուրում: Սակայն շուտով երեխաներին հանձնում է Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) մանկատուն ու գալիս Երևան` աշխատանք փնտրելու:

Ահարոնը հիշում է մանկատանն անցկացրած տարիները:

«Որբանոցը պատկանում էր մի ամերիկացի զույգի: Մսթըր Յարոն ամուսինն էր, իսկ միսս Լիմինը` նրա կինը,- Ահարոնը հոգաբարձուների անուններն արտասանում է հինգ տարեկան երեխայի նման` աղավաղելով: - Շատ բարի մարդիկ էին: Կորցրել էին իրենց միակ զավակին և իրենց ողջ սերը նվիրում էին մանկատան որբերին»:

Այնպես է թվարկում մանկատան ուտելիքները, ասես այդքան տասնամյակ չի անցել. կաթնապուր, գաթա, հալվա, չրեր: Սովի միջով անցած մանկանը մանկատունը դրախտ էր թվում:

«Դպրոցից մի անգամ եմ բացակայել: Կոկորդս ցավում էր ու քեֆս տեղը չէր, չէի ուզում դպրոց գնալ: Մի ամերիկացի կար, անունը Միշե: Որ երեխեքը դասի չէին գնում, մայրապետ Սանդուխտը կանչում էր մանկատան վերակացուին` Միշեին: Միշեն եկավ, հանեց շալվարս ու գոտիով դաղելով մերկ ոտքերիս ձյան միջով քշեց մինչև դպրոցի դուռը,- Ահարոնը ժպտում է: - էդ էր ու էդ` էլ դպրոցից չեմ բացակայել»:

Ամերիկացի զույգը որդեգրում է Ահարոնին ու նրա եղբայրներին ու մտադրվում իրենց հետ տանել Միացյալ Նահանգներ: Սակայն Ահարոնի մայրն իմանում է այդ մասին ու շտապում Ալեքսանդրապոլ: Նա արդեն աշխատանք էր գտել ու երեխաներին կարող էր իր հետ Երևան տանել:

«Մերս Երևանի լվացքատան տեղկոմն էր, մեզ առնում-բերում է Երևան: Կարճ ժամանակ անց գալիս է միսս Լիմինը: Լաց է լինում: Մորս քառասուն ոսկի է առաջարկում ու խնդրում, որ ինձ իրեն տա: Ասում է, որ ես շատ նման եմ մահացած որդուն, բայց մերս չի համաձայնում,- Ահարոնը չարաճճի ծիծաղում է: - Հիմա մեծահարուստ մարդ կլինեի: Ասում են` մըսթր Յարոն Ամերիկայում մի 200 հիմնարկ ուներ»:

Ահարոնի հիշողությունները մոր մասին պայծառ են: Ողջ կյանքում Մարիամը չդադարեց որդիներին պատմել հայրենի Վան քաղաքի մասին` Այգեստան ու Քաղաքամեջ հայկական թաղամասերի, եկեղեցիների, բերդի, հայկական մշակույթի ու սովորությունների մասին:

«Մերս պատմում էր,- հիշում է Ահարոնը,- որ քամու ժամանակ Վանա լճի ջուրը բարձրանում էր, ու ձկները խփվում էին ափին, հետո առուներով շարժվում դեպի քաղաք: Ժողովուրդը հեշտությամբ բռնում էր: Շատ համեղ ձուկ էր Վանա տառեխը: Իսկ քաղաքին մոտ գտնվող Արտամետ գյուղում աճում էր «բագյուրմասի» շատ քաղցր խնձորը, որի մի հատը մեկ կիլոգրամից ավելի էր կշռում»:

«Հայրս առիթը բաց չի թողում Վանի մասին խոսելու,- ժպտում է Ահարոնի դուստր 47-ամյա Ռուզանը: - Օրինակ` երբ ձուկ ենք ուտում, ասում է` բա որ Վանա տառեխ ուտեիք: Մենք էլ գիտենք, որ նա չի կերել, բայց հասկանում ենք, որ Վանի մասին խոսելը նրա համար շատ կարևոր է. դա մի տեսակ տուրք է իր ծննդավայրին ու տատիս հիշատակին»:

Ահարոնը հայացքը հառել է անորոշությանն ու ժպտում է. նա հիմա սենյակում չէ, այլ մտովի հեռացել է դեպի անցյալ, ու նրա աչքի առաջ կինոժապավենի նման պտտվում են մերթ իր կյանքից դրվագներ, մերթ մոր պատկերը...

«Տիրամոր եկեղեցու տակից տաք աղբյուր էր բխում,- բարձրաձայն կրկնում է Ահարոնը մոր ասածը: - Ինչքան հիվանդ կար` գալիս լողանում էր էդ ջրում ու առողջանում: Մարդիկ ջրի մեջ ոսկի էին գցում` ի երախտագիտություն իրենց հրաշագործ ապաքինման:

Մայրս, թեև անուս, սակայն անսահման իմաստուն ու բարի կին էր,- ասում է Ահարոնը: - Ամբողջ կյանքում կարդացել ու սովորել եմ, սակայն կյանքում առաջնորդվել եմ մորիցս ժառանգած արժեքներով. բարեկրթություն, ազնվություն, բարություն. դա եմ ավանդել նաև չորս զավակներիս»: Մոր պատմածներից ու ընտանիքի ճակատագրից ոգեշնչված` Ահարոնը 1945 թ. ավարտում է Երևանի Մոլոտովի անվան պետական համալսարանի պատմական ֆակուլտետը: Ու երբեք չի մոռանում, որ վանեցի է:

Այժմ Ահարոնն իրեն մասամբ բավարարված է զգում, քանի որ այս տարիներին եվրոպական մի շարք երկրներ ընդունեցին հայոց ցեղասպանության իրողությունը: Նա երազում է այն օրը, երբ Թուրքիան պատասխանատվության կենթարկվի հայերի նկատմամբ գործած ոճրագործությունների համար:

Նրա հայացքը նորից հեռացել է դեպի անցյալը, ու նա մերթ ժպտում է քաղցր հուշերի գրկում, մերթ մռայլվում` տխուր պատկերներից ազդված: