Երևանին` սիրով. Սասունցի Դավթին վայել հարգանքի տուրք ռուս ցարին

Երբ ռուս թագավոր Պետրոս Առաջինը 1703 թվականին Նևա գետի ափին քաղաք կառուցեց և դարձրեց այն Ռուսաստանի նոր մայրաքաղաքը` անվանելով Պետերբուրգ, նա արդեն մի քանի տարի սերտ կապեր էր հաստատել հայերի հետ և նրանց արտոնություններ էր տվել Ռուսաստանում:

Երեք հարյուր տարի հետո Երևանը վարձահատույց է լինում նրա լավության դիմաց:

Սեպտեմբերի 13-14-ը Երևանում հայտարարվել էին Սանկտ Պետերբուրգի օրեր: Անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Պետերբուրգի պաշտոնական պատվիրակությունը` Լենինգրադի մարզի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ:

Պետերբուրգյան օրերն անցկացվում էին Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում: Կազմակերպվեցին ցուցահանդես, համերգ, պաշտոնական ընդունելություններ և ռուս-հայկական գործարար հանդիպումներ, որոնք վերահաստատեցին երեքհարյուրամյա բարեկամական կապերը ռուսաց կայսրի և հայերի միջև:

Նահանգապետ Մատվիենկոն և Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը համաձայնության եկան Երևանում բացել Սանկտ Պետերբուրգի, իսկ Պետերբուրգում`հայկական կենտրոն:

Սակայն բարեկամության հաստատման իսկական առհավատչյան կլինի Պետրոս Մեծի հինգուկես մետրանոց բրոնզե արձանի տեղադրումը Երևանի Արաբկիր համայնքի թաղապետարանի առջև:

Երկու մետրանոց պատվանդանի վրա կանգնած բրոնզե Պետրոս Առաջինը` ձեռքերը խաչած, հայացքը կհառի Արարատ սարին: Արձանի հետևում կլինի մոտ 12 մետրանոց կամարաձև քարե դարպաս և ստելա: Այսպիսով` հուշարձանն իր բարձրությամբ կհավասարվի հայ էպոսի հերոս Սասունցի Դավթին, որը հանգրվանել է Երևանի կայարանամերձ հրապարակում:

«Հուշարձանը կլինի մոտ չորս հարկանի շենքի բարձրության,- ոգևորված նշում է նախագծի համահեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը: - Պետրոսը, որ Պետերբուրգը կառուցելով, Ռուսաստանի համար «պատուհան բացեց դեպի Եվրոպա», մեզ մոտ կներկայանա «դարպասով դեպի հարավ»:

Ալեքսանյանից բացի, նախագծի իրականացմանը մասնակցել են ռուսաստանցի քանդակագործ Վադիմ Ցերկովնիկովը (արձանի հեղինակ) և Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ըստ համաձայնագրի` բրոնզե արձանը կպատրաստվի Ռուսաստանում և կտեղափոխվի Հայաստան, իսկ հայկական կողմը կապահովի քանդակին կից հուշարձանի կառուցումը և այգու բարեկարգումը:

Ալեքսանյանի հավաստմամբ` նախագիծն իրականացնելու համար կպահանջվի առնվազն վեց ամիս:

«Պետրոս կայսեր` Երևան գալստյան մասին» վերջերս արտահոսք եղավ ինտերնետ: «Հայաստան» պորտալի (http://forum.hayastan.com/index.php?showtopic=17924&st=0) ֆորումներից մեկում այն արժանացավ բուռն քննարկման հետևյալ հարցադրմամբ.

«Երևանում ուզում են կանգնեցնել Պետրոս Առաջինի արձանը: Որպես ի՞նչ, գրողը տանի»:

Հարցը բավական տեղին է հնչում` հաշվի առնելով, որ Երևանը դեռ չունի սեփական Մեծի` Տիգրան Բ-ի արձանը:

Հարցին փորձում է պատասխանել պաշտոնական պատվիրակության կազմում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Պրոխորենկոն:

«Արձանը խորհրդանիշ է և ոչ ավելին,- «ԱրմենիաՆաուի» թղթակցին ասաց Պրոխորենկոն: - Սակայն այստեղ որոշակի տրամաբանություն կա, քանի որ հենց Պետրոսի օրոք Ռուսաստանում ստեղծվեց առաջին հայկական համայնքը, որն ակտիվորեն մասնակցեց Պետերբուրգի կառուցման աշխատանքներին: Այսպիսով կարելի է արձանագրել, որ Պետրոսը ռուս առաջին թագավորներից էր, որը «փոխպատվաստեց» հայերին ռուսական տերության մեջ»:

1701 թվականին Պետրոս Առաջինի հետ հանդիպելու համար Մոսկվա էր եկել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրին: Նա ցարին է ներկայացրել Հայաստանի ազատագրության իր, այսպես կոչված, «Մոսկովյան ծրագիրը», որը Պետրոսը համաձայնել է իրականացնել Շվեդիայի հետ Ռուսաստանի պատերազմից հետո: Այս պայմանավորվածության հիման վրա ռուսական կառավարությունը մշակել էր հայ-վրացական միացյալ քրիստոնեական բուֆերային պետություն ստեղծելու ծրագիրը:

Սակայն 1720 թվականին` ի վիճակի չլինելով աջակցելու Արցախի և Սյունիքի մելիքությունների հայ ապստամբներին, կայսր Պետրոսը հայերին հուսադրելու նպատակով ուղարկում է իր պատգամաբերին: Մահից մեկ տարի առաջ` 1724 թ. նոյեմբերին, ռուս կայսրը հրապարակում է հրովարտակ` հայ ժողովրդին իր հովանու տակ վերցնելու մասին:

Ճարտարապետ Ալեքսանյանի հավաստմամբ`հուշարձանի վրա կփորագրվեն Հայաստանի մասին Պետրոսի արտահայտած մտքերը, ինչը, թերևս, կբացատրի Հայաստանի մայրաքաղաքում ռուսաց կայսեր հայտնվելու տրամաբանությունը:

«Այդպիսի մտքեր կան,- հավատացնում է Ալեքսանյանը: - Պարզապես, դրանք պետք է հավաքել...»: