Կամուրջներ. վերապրողը հիշում է հոր լավ գործն ու թուրք այգեպանի բարությունը

Ծերունու ձեռքում կարմիր ու սպիտակ խաղողը ոլորվում է ու սահում թասի մեջ: Անդրանիկ Տաճիկյանն սկսում է ընտրել քաղցրահամ խաղողի ողկույզները` մի մասն ուտելու, մյուսը` գինու համար:

Դեռ փոքր երեխա էր, որ խաղողի վազերը առնում էր ձեռքերի մեջ, ճզմում, ուրախանում:

Անդրանիկի ընտանիքը ճանաչված էր Թուրքիայի Տրիպոլի քաղաքում (այժմ` Լիբանանում):

Անդրանիկն ասում է, որ ծնողներն ու նախնիները մեծահարուստ ու անվանի մարդիկ էին, ունեին մեծ այգի, դեղատուն, ցորենի ու ծխախոտի անսահման արտեր ու առանձնատուն, որոնք մի օրում կորցրին, երբ սկսվեց հայերի զանգվածային բնաջնջումը:

«Հայրս հոլանդացի էր, անունը Պիեռ վան Մոորսել էր, ճանաչված մարդ էր, բժիշկ ու ինժեներ, մի քանի կամուրջ էր կառուցել,- պատմում է Անդրանիկը` թղթերի տրցակից հանելով հոր այցեքարտը: - Մայրս հայուհի էր, անունը` Արշալույս: Բարի կին էր: Կոտորածի ժամանակ կորցրեց գրեթե ամեն ինչ ու միայնակ տարավ ամբողջ ցավն ու հոգսը»:

«Երբ կամուրջը պատրաստ էր լինում, ամբողջ ընտանիքով նստում էինք նոր սարքած կամուրջի տակ, ու վրայով բեռնված կառքեր էին անցնում,- հիշում է Անդրանիկը: - Կարգն էդպես էր, ու կամուրջ սարքողն էլ գիտեր, որ վատ կամուրջ սարքելով` առաջին հերթին իր ընտանիքի կյանքն է վտանգում: Բայց, դե, հորս կառուցած ամուր կամուրջների մասին բոլորը գիտեին: Մենք վստահ էինք, որ մեզ ոչինչ չի պատահի, սակայն ոչ նրա համբավը, ոչ էլ ազգությունը չօգնեցին նրան փրկվելու»:

Հաստ ապակիներով ակնոցն ուղղելով` Անդրանիկ պապը կարգի է բերում զինվորական կանաչ համազգեստն ու փողկապը և սկսում է քրքրել փաստաթղթերը:

55 տարի զինկոմիսարիատում աշխատած ծերունին փորձում է ամեն մի ասածը հիմնավորել, փաստարկել` ցույց տալով արդեն դեղնած փաստաթղթերն ու լուսանկարները:

«Էս կոտորածի ժամանակվա միակ նկարն ա,- պատմում է նա: - Մեր հարստությունից, էն տարիներից ու կյանքից էս մնաց»:

Արշալույս մայրիկը մեջտեղում է, իսկ աջ ու ձախ կողմերում ինքն ու Մարիամ քույրն են:

Խունացած լուսանկարները նույնքան հին են, որքան Անդրանիկի արդեն խամրող հիշողությունը, մանկության հուշերն ու կոտորածի ժամանակ կրած դժվարությունները:

«Փոքր էի, թվեր ու մի քանի անուններ միտս չեն, բայց մի քանի բան շատ լավ եմ հիշում,- պատմում է Անդրանիկը: - Թուրքերը` ձիերով, թրերը քաշած ժողովրդին որին կոտորում էին, որին` գետը լցնում: Սարսափելի տեսարան էր: Չնայած հայրս հոլանդացի էր, բայց հորս ու մեծ եղբորս որպես հայ սպանեցին: Ահ ու սարսափի մեջ էինք: Չգիտեինք` առանց հայր ո՞ւր գնանք, ի՞նչ անենք: Տուն, տեղ, անուն, հարստություն թողած` սոված ու տկլոր բռնեցինք գաղթի ճամփան»:

Անդրանիկը հիշում է, որ դժվարին պահին օգնության է հասնում թուրք այգեպանը և «թրից փրկում» իրենց:

«Մեր թուրք այգեպանը շատ նվիված էր հորս ու մեր ընտանիքին, քանի որ շատ լավ էինք վերաբերվում բոլորին: Հենց կոտորածն սկսվեց, իր կյանքը վտանգելով փրկեց մեզ` ինձ, մորս ու քրոջս փախցրեց ու թաքցրեց հորս կառուցած կամրջի տակ,- ասում է նա: - Ամեն ինչ խառնվել էր իրար, մարդիկ չէին կարում իրենց էրեխեքին թուրքի թրից փրկեն, մենք էլ չէինք փրկվի, եթե այգեպանը չօգներ»:

Ծերունին հիշում է, որ կամրջի տակ բարձր խոտ կար, և այգեպանն իրենց թաքցրեց այնտեղ:

«Մի որոշ ժամանակ մնացինք այնտեղ: Ամեն օր այգեպանը մեզ համար թաքուն արևածաղիկ կամ էլ պնդուկի քուսպ էր բերում, և մենք դրանով էինք սնվում, մինչև Տրիպոլի մտան ամերիկացիները,- ասում է նա: - Հետո ամերիկացիները գտան մեզ ու նավով ուղարկեցին Հունաստան»:

Անդրանիկն ասում է, որ հիշում է նավի մոտ հավաքված բազմաթիվ որբերին ու հալումաշ եղած ժողովրդին:

«Նավի մոտ բոլորը լաց էին լինում, չէին հավատում, որ վերջապես փրկվել են: Մայրս էլ էր լաց լինում, սեղմել էր մեզ կրծքին ու բարձրաձայն լաց էր լինում,- հիշում է նա: - Հետո նավը մեզ տարավ Հունաստան: Հունաստանից էլ եկանք Հայաստան»:

Տաճիկյանն ասում է, որ Հայաստանում սկզբում շատ դժվարություններ տեսան:

«Տրիպոլիում մենք հրաշալի մեծ տուն ունեինք ու ապրում էինք փառահեղ պայմաններում: Երբ եկանք Հայաստան, մեզ տեղավորեցին մի քաղաքամերձ սովխոզի գոմում:

Բայց մենք ուրախ էինք, որ փրկվել ենք»,- ավելացնում է նա:

«Չնայած մայրս երբեք չմոռացավ մեր տունը, հորս ու եղբորս, սակայն տարիների հետ կյանքը փոխվեց, մենք էլ ամեն ինչ նորից սկսեցինք: Աշխատեցինք, տուն ու տեղ դրեցինք, ամուսնացանք ու փորձեցինք ապրել ու շարունակել մեր կյանքը հայրենիքում»: