Միավորում հանուն տեղեկատվության. գիտաժողովում ներկայացվեց հայկական գերհամակարգչային համակարգը

Այս շաբաթ Երևանը հինգ օրով հյուրընկալել էր 12 երկրներից ժամանած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետների, որոնք մտքեր փոխանակեցին ոլորտի զարգացումների մասին և կարդացին 135 զեկույց, որից մոտ 40-ը` հայ մասնագետները:

Վերջերս ավարտված գենետիկների համաժողովի նման, որին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր արտերկրից, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) անցկացված այս գիտաժողովը նույնպես բարեբեր ամբիոն էր դարձել ՏՏ միջազգային հետազոտությունների արդյունքների փոխանակման և Հայաստանում այս ոլորտի զարգացման հետ առնչվող խնդիրների քննարկման համար:

Ավանդաբար զարգացող կիրառական հետազոտություններին վերաբերող զեկուցումներից զատ, գիտաժողովի մեկ օրը հատկացվեց Հայաստանում վերջերս իրականացված բարձրարտադրողական «Արմկլաստեր» համակարգչային համակարգի ստեղծման ծրագրին:

Գիտաժողովում հայտարարվեց, որ Հայաստանն արդեն ունի հզոր գերհամակարգչային կենտրոն, որը 2006 թ. հունվարից հիմք կհանդիսանա հանրապետությունում գիտության և կրթության ոլորտի մասնագետների համար հաշվողական ընդհանուր ենթակառուցվածք ստեղծելու գործում:

«Արմկլաստերը» կլինի հաշվողական մեծ ռեսուրսներով հագեցած եզակի համակարգ, որը հնարավորություն կտա Հայաստանում բարդ հաշվարկներ կատարելու գիտության տարբեր ոլորտներում»,- ասում է Հայաստանի ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) գիտաշխատող Հրաչյա Ասցատրյանը:

«Նման բարդ խնդիրները հնարավոր չէ լուծել առանձին համակարգիչների միջոցով, որի պատճառով էլ հայ գիտնականները մինչև այժմ իրենց գիտական խնդիրների լուծումը փնտրում էին այլ երկրներում: Այժմ դրա կարիքը չկա»,- ասում է գիտնականը:

Բարձրարտադրողական «Արմկլաստեր» հաշվողական համակարգը բաղկացած է իրար միացված 1 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ 64 համակարգիչներից`128 պրոցեսորներով, որոնցից յուրաքանչյուրն ունի 3,06 գիգահերց հզորություն:

Ներկայումս 483,6 գիգաֆլոպս հզորությամբ հայկական կլաստերը (վայրկյանում միլիարդ գործողությունների հոսք) ամենահզոր գերհամակարգիչն է Կովկասում:

ԱՊՀ երկրներում իր հզորությամբ այն հինգերորդն է, ընդ որում, առաջին տեղում ռուս-բելառուսական հաշվողական համակարգն է, իսկ հաջորդ երեք տեղում` ռուսականները:

Համակարգը ստեղծվել է ԻԱՊԻ-ում` հիմնվելով Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳԿ) ծրագրի վրա, որին մասնակցել են Հայաստանի յոթ ինստիտուտներ, ինչպես նաև Թբիլիսիի պետական համալսարանը:

ՄԳԿ ֆինանսավորած երկուսուկես տարի տևողությամբ դրամաշնորհային ծրագրի արժեքը 270000 դոլար էր: Ըստ ծրագրի իրականացնողների` այն համարվել է ՄԳԿ առավել հաջողված ծրագրերից մեկը:

«Այսպիսով հայ գիտնականների հետազոտությունների դաշտն ընդլայնվում է: Համակարգը հնարավորություն կտա առավել խոշոր և նոր տիպի խնդիրներ հաշվարկելու»,- ասում է ծրագրի ղեկավար, ԻԱՊԻ փոխտնօրեն Վլադիմիր Սահակյանը:

Ըստ նրա` հմուտ ծրագրավորողն այս համակարգի օգնությամբ կկարողանա լուծել ավելի բարդ խնդիրներ: «Իսկ մենք ունենք լավ ծրագրավորողներ և միշտ էլ հպարտացել ենք նրանց բարձր մակարդակով, և սա այն ոլորտն է, որտեղ նրանք պետք է ցույց տան իրենց մակարդակը:

Իսկ «Արմկլաստերի» հնարավորություններն այնքան մեծ են, որ այն կարող է աշխատել միանգամից մի քանի խնդիրների լուծման վրա»,- ասում է Սահակյանը:

Բարձր հաշվողական համակարգի ծառայություններից հնարավոր է օգտվել նաև ինտերնետից` նախապես գրանցվելով www.armcluster.am պաշտոնական կայքում:

Ըստ Սահակյանի` հայկական կլաստերի հիման վրա Հայաստանում մի խումբ գիտնականներ արդեն թեզ են պաշտպանել, ինչպես նաև կատարվել են արտակարգ իրավիճակների, սեյսմիկայի, կենսաբանության, կիրառական և այլ խնդիրների հաշվարկներ:

Սահակյանի հավաստմամբ` Հայաստանի պետական նպատակային ծրագիրը կենտրոնական կլաստերի և ցանկացած հայաստանյան ինստիտուտի միջև համապատասխան ծրագրային փաթեթների հիման վրա ընդհանուր համակարգի ստեղծումն է, որը գիտնականների համար կհանդիսանա միասնական հաշվողական կենտրոն:

Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի պետական համալսարանները կենտրոնական կլաստերին միանալու շարքում առաջինն են: