Այստեղից` Սինգապո՞ւր. «Հայաստան-2020» ծրագիրը շարունակում է իր բանավեճերը Հայաստանի մոտ ապագայի մասին

Տասնհինգ տարի հետո Հայաստանի կենսամակարդակը համեմատելի կլինի այսօրվա Սինգապուրի մակարդակի հետ:

Միգուցե:

Կամ էլ` 2020 թվականին Հայաստանը դժվար թե ավելի լավ վիճակում լինի, քան այսօր` բնակչության մեկ շնչին ընկնող մոտ 5000 դոլար գնողունակության ցուցանիշով:

Սրանք «Հայաստան-2020» ծրագրի ընթացքում հաշվարկված ծայրահեղ տեսակետներն են, որոնք քննարկվեցին չորեքշաբթի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Հայաստանի կայուն զարգացման ռազմավարություն. արտադրողականության և մրցունակութան աճ» խորագիրը կրող համաժողովում:

Համաժողովը հավաքել էր մոտ 350 մասնակից, այդ թվում` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Համաժողովին ողջույնի ուղերձ էր ուղարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանը` կարևորելով հետազոտական-վերլուծական կենտրոնի դերը «Հայաստանի տնտեսական քաղաքականության ճշտման գործում»: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, առողջապահությունը, ոսկերչությունը, ադամանդագործությունը և այլն:

Վերջին երեք ու կես տարվա ընթացքում «Հայաստան-2020» ծրագիրը փորձել է պատասխանել այն հիմնական հարցին, որի հետ առնչվում է նրա անվանումը. «Որտե՞ղ կլինի Հայաստանը 2020 թվականին»:

«Սինգապուրը» հնարավոր պատասխաններից մեկն է, որտեղ միջին քաղաքացու գնողունակության ցուցանիշը մոտ 12000 դոլար է (այս ցուցանիշը հաշվարկվում է ըստ տարադրամի արժեքի և կենսամակարդակի: Ներկայումս Հայաստանի գնողունակության ցուցանիշը մոտ 5000 դոլար է, մինչդեռ մեկ շնչին ընկնող փաստացի եկամուտը` մոտ 1300 դոլար):

Սակայն եթե անգամ Հայաստանը զարգանա այս կամ այլ սցենարով, ծրագրի անդամներն ասում են, որ իրենց նպատակը ոչ թե ապագայի գուշակությամբ զբաղվելն է, այլ այնպիսի տվյալների հավաքումն ու վերլուծությունը, որոնք կարող են երկրին օգտակար լիներ ապագայում:

«Մեր առաջին քայլն էր փորձել հասկանալ, թե ինչ ուղիով կարող է զարգանալ Հայաստանը, որն է Հայաստանի զարգացման այն ծրագիրը, որը կներկայացնեն ոչ միայն «Հայաստան-2020» ծրագրի համակարգող խորհրդի անդամները, այլև կառավարությունը, հասարակությունը, Հայաստանում ապրող մարդիկ,- ասաց «Հայաստան-2020» ծրագրի համակարգող խորհրդի անդամ, ռուսական «Տրոյկա դիալոգ» խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: - Իսկ դրանից հետո հնարավոր կլինի ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը Հայաստան կբերի հայկական և ոչ հայկական գումարներ, որոնք կաշխատեն հանուն Հայաստանի զարգացման»:

Սփյուռքահայ գործարար և «Հայաստան-2020» ծրագրի համակարգող խորհրդի անդամ Նուբար Աֆեյանն ասաց, որ ծրագրի երկրորդ փուլի նպատակն է մրցունակության ազգային տրաստային կառույցի ստեղծումը, որը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Այս առնչությամբ Վարդանյանն ասաց, որ իրենք կարող են ապահովել ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրումներ` առաջիկա մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանի տնտեսական աճն ու զարգացումն ապահովելու համար:

(Սկզբնական շրջանում տրաստին անհրաժեշտ է 300 միլիոն դոլար, և խորհրդի անդամների հավաստմամբ` նրանք կարող են ապահովել այդ գումարը):

Միևնույն ժամանակ Վարդանյանն ասում է. «Մեր կարծիքով` տրաստի գաղափարը կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե լինի ռազմավարական ծրագիր, թե ո՞ր ուղղությամբ է շարժվում Հայաստանը, ի՞նչ ծրագրով է առաջնորդվում առաջիկա 15 տարվա ընթացքում: Այդ դեպքում տրաստի ստեղծումը հիմնավորված կլինի, քանի որ պարզ կլինի, թե որ ուղղություններում կարելի է ներդրում անել»:

«Հայաստան-2020» ծրագրի տնօրեն Արտաշես Կազախեցյանն ասաց, որ համաժողովի մասնակիցներն օգտակար գործնական հանդիպումներ ու քննարկումներ ունեցան ինչպես համաժողովի շրջանակներում, այնպես էլ դրանցից դուրս:

«Հիմնական թեման վերաբերում էր տարբեր ոլորտներում Հայաստանի մրցունակության ապահովման ուղիներին,- ասաց Կազախեցյանը: - Մենք նաև քննարկեցինք Հայաստանի մրցունակության տրաստային կառույց ստեղծելու գաղափարը և տնտեսական աճի «երկրորդ ալիքի» ամրապնդման հետ կապված բոլոր հարցերը»:

2001 թվականին հիմնադրված «Հայաստան-2020» ծրագիրը մշակում է Հայաստանի զարգացման մոդելներ և օգնում է դրանք կոնկրետ սցենարների վերածելու (այդօրինակ ծրագրերը լավ արդյունքներ են տվել Ռուսաստանում, Պորտուգալիայում և Բելգիայում):

Ծրագիրը ֆինանսավորում են հայկական ծագում ունեցող գործարարներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Մինչ այսօր ծրագիրը ծախսել է մոտ 2 միլիոն դոլար` մշակելով սցենարներ, որոնք կարող են ապագայում Հայաստանին օգտակար լինել: