Երկու անգամ ահաբեկվածը. Վարդան Ջումշուդյանը հիշում է, թե ինչպես է փրկվել երկու արհավիրքներից

Վարդան Ջումշուդյանը եզակի կյանք է ապրել, որով չէր ուզենա անցնել ոչ ոք:

93-ամյա Վարդանը 20-րդ դարի երկու ցեղասպանության` 1915 թվականի հայերի և 1940-ականների հրեաների ցեղասպանության հազվագյուտ ականատեսներից է:

1915 թվականին, երբ Վարդանը 3 տարեկան էր, Սուրմալու նահանգի Բլուր գյուղում ապրող նրա ընտանիքը մյուսների նման բռնեց գաղթի ճամփան:

Սուրմալուի կենտրոն Իգդիրը Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա է: 1914 թվականին այն մոտ 10000 բնակիչ ուներ:

«Այսօրվա պես հիշում եմ,- ասում է Վարդանը: - Հայրս ներս վազեց ու ասաց մորս` Մարիամ, հավաքվիր, փախչում ենք, թուրքերը գալիս են: Մայրս մյուս կանանց հետ լավաշ էր թխում, ամեն ինչ թողեց ու սկսեց շտապ հավաքվել»:

Մարիամը վերցնում է միայն ամենաանհրաժեշտ բաներն իրենց վեց երեխաների համար, իսկ ոսկին թաքցնում է գոտու մեջ: Սակայն նա հղի էր և վերջին պահին վատ է զգում: Վարդանի հայրը` Սմբատը, որոշում է, որ իրենք կարող են ավելի ուշ դուրս գալ, բայց փոքր երեխաներին` Վարդանին և նրանից վեց տարի մեծ Երանուհուն, եղբոր`Տիգրանի ընտանիքի հետ ուղարկում է Շարիար (այժմ հայ-թուրքական սահմանին կից Նալբանդյան գյուղ):

Սմբատի ընտանիքի բոլոր անդամները` կինը և 4 ավագ երեխաները, բարեհաջող խուսափում են թուրքի յաթաղանից և հասնում Շարիար: Այնտեղ Սմբատը գտնում է Տիգրանին ու նրա ընտանիքը: Բայց Վարդանը և Երանուհին նրանց հետ չէին: Սմբատը շտապում է հետ` երեխաներին գտնելու:

«Հայրս մեզ գտավ գյուղերից մեկում: Մի քանի օր ոչինչ չէինք կերել ու շատ թույլ էինք,- հիշում է Վարդանը: - Երբ լսեցինք հորս ձայնը, ուզում էինք բղավել, բայց մեր ձայները շատ էին թուլացել: Ու հորս ձայնն էլ հազիվ ճանաչեցինք. խռպոտել էր, այնքան էր բղավել Շարիարից մինչև այդ գյուղ: Նա մեզ ուտելիք տվեց ու հետը տարավ…»:

Վարդանը շատ աղոտ է հիշում Բլուրի իրենց տունը: Միհարկանի մեծ տուն էր` գեղեցիկ այգիով: Հոր խոսքերով` իրենց ընտանիքը մեծ այգիներ ուներ հարևան չորս գյուղերում, նաև ջրաղաց ու չրեխ` բամբակի մշակման արհեստանոց:

8 հոգանոց ընտանիքը հիմնվում է Էջմիածնում: Սկզբում Սմբատը վաճառում է ունեցած արժեքավոր իրերը, մինչև աշխատանք է գտնում մի գյուղական տնտեսությունում: Հայրն ուղարկում է 12 տարեկան Վարդանին Երևան սովորելու: Դպրոցն ավարտելուց հետո սովորում է անասնաբուժական տեխնիկումում, որն ավարտելուց հետո 1940 թվականին նրան ուղարկում են Ազիզբեկով (այժմ` Վայք), որտեղ երկու տարի անասնաբույժ է աշխատում: Բայց իսկական փորձությունը Վարդանի համար դեռ առջևում էր…

1942 թվականին Վարդանը մեկնում է խորհրդային բանակ` կռվելու գերմանական ֆաշիստների դեմ: Սակայն ռազմաճակատում նա կռվում է ընդամենը վեց ամիս: Դեկտեմբերի 27-ին հյուսիսկովկասյան Մոզդոկ քաղաքի մոտ վիրավորվում և գերի է ընկնում:

«Երբ ուշքի եկա, գերմաներեն խոսակցություն լսեցի. հասկացա, որ գերի եմ ընկել»,- պատմում է Վարդանը:

Մյուս գերիների նման, Վարդանին ճամբարից ճամբար են տեղափոխում: Վերջինը Գերմանիայում էր` Մյունխենի մոտ, որտեղից էլ Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի երկրների այլ գերիների հետ, 1945 թվականի ապրիլին նրան ազատում են ամերիկյան զորքերը:

«Պայմանները ճամբարում դաժան էին,- ասում է Վարդանը: - Ուտելիքը քիչ էր, տաք հագուստ չկար, հիվանդներին դեղորայք չէին տալիս, ծանր աշխատանք էր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր:

Մեզ տեղափոխում էին փակ փայտե վագոններով, որոնք պատուհան չունեին, շնչելու օդ չկար,- հիշում է Վարդանը: - Հատակին նստելու տեղ համարյա չկար: Մի անկյունում փայտե տակառ էին դնում` որպես զուգարան գերիների համար: Ոմանք չէին դիմանում, մահանում էին, նրանց դիակները դարսում էին տակառի մոտ»:

Ճամբարում Վարդանի հետ մի հայ էր կար` Երվանդը: Վարդանը հիշում է, որ մի անգամ, երբ իրենց նորից գնացքով տեղափոխում էին, նրանք հաջողացնում են վագոնի պատի անցքից դուրս հանել մետաղյա կաթսայիկը, և երբ գնացքը կանգնում է, տարբեր լեզուներով ուտելիք են մուրում: Անցորդները մի քիչ հաց ու կարտոֆիլ են ստանում, որ հետո մյուս գերիներից թաքուն ուտում են:

«Մի ռուս գերի նկատեց, թե ինչ ենք անում ու ասաց` Համա թե ճարպիկն եք դուք` հայերդ: Նա փորձեց կրկնել մեր հնարքը, բայց ոչինչ չստացվեց: Մի կտոր հաց էր մնացել, կիսեցինք էդ ռուս տղայի հետ»:

Շուտով ծանր պայմաններից ու ցուրտ եղանակից Վարդանը հիվանդանում է տիֆով, ու նրան տեղափոխում են հատուկ բարաք` մյուս հիվանդ գերիների հետ: Հիվանդները պառկում էին իրար կպած, որպեսզի տաքանան, քանի որ բարաքում ոչ մի ջեռուցում չկար:

«Մի օր առավոտյան արթնացա ու զգացի, որ շատ ցուրտ է: Հանկարծ հասկացա, որ կողքիս երկու գերիները գիշերը մեռել են: Շատ չանցած պարզվեց, որ ամբողջ բարաքում մենակ ես եմ ողջ մնացել…»:

Վարդանին փրկում է մի ռուս աղջիկ` Լյուբան, որն աշխատում էր գերմանական զինվորների ճաշարանում: Լյուբան խնամում է Վարդանին, նրան գերմանացիներից թաքուն ուտելիք ու դեղորայք բերում:

«Որոշել էինք ամուսնանալ,- հիշում է Վարդանը: - Բայց մի օր արթնացանք, ու մեր ճամբարը տեղափոխեցին ուրիշ տեղ: Լյուբային այլևս չտեսա»:

«Որովհետև Աստված կամեցավ, որ հայ կնոջ հանդիպես »,- կատակում կինը` 77-ամյա Պարզիկը:

Վարդանն ու Պարզիկն ամուսնացան 1948 թվականին, երբ Վարդանը վերադարձավ Ազիզբեկով` շարունակելու անասնաբույժի իր աշխատանքը: Այժմ նրանք ունեն երեք զավակ և ութ թոռ: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ Վարդանն աշխատանք է գտնում Երևանի թռչնաբուծարանում և 46 տարի աշխատում այնտեղ: 90 տարեկանում նա դեռ աշխատում էր, մինչև անդամալուծվեց:

Վարդանը կարծում է, որ Աստված իրեն հատուկ առաքելություն է տվել` չթողնելով, որ մահանա այդքան արհավիրքների մեջ: Հայ գաղթականը, որն ապրել է ֆաշիստական ճամբարների մղձավանջը, կարող է ավելի լավ բացատրել աշխարհին, թե ինչու հայկական ցեղասպանությունը պետք է մտահոգի ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին:

«Գերության մեջ մտածում էի, թե ինչու են գերմանացիներն այդքան դաժան մյուս ազգերի նկատմամբ, ինչու են ուզում ոչնչացնել մի ամբողջ ազգ` հրեաներին: Այն ժամանակ պատասխան չէի գտնում: Հետո իմացա, թե ինչ է ասել Ադոլֆ Հիտլերը. «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածը»…,- Վարդանը խոր շունչ է քաշում: - Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավարական կոչել, քանի դեռ ճշմարտությունը քաղաքականությունից վեր չի դասում…»: