Արտադրողի հպարտությամբ. Սյունիքը ցուցադրում է իր ներուժը

Անցյալ շաբաթ Գորիսում բացված «Սյունիքպրոդէքսպո-2005» ցուցահանդեսին մասնակցում էին 50-ից ավելի ձեռնարկություն ու անհատ ձեռներեց: Ցուցահանդեսը կոչված էր նպաստելու Սյունիքի մարզի գյուղատնտեսական ներուժի զարգացմանը:

Վանիկ Քարամյանը ներկայացնում է Մեղրու «Լիաննա» չոր մրգերի ընկերությունը: Նրա տաղավարի մոտ անգամ հերթ է գոյացել: Համտեսում են, գնում, հարցնում թզի, դեղձի, արքայանարնջի չրերի պատրաստման ձևերը:

«Հասուն մրգի թարմության համն ու որակը պահպանելու ավանդական գաղտնիքը մեր ընտանիքում փոխանցվել է սերնդե սերունդ,- ասում է Քարամյանը հետաքրքրվողներին: - Չորացնում ենք արևի տակ, բնական եղանակով: Մեղրու մրգի համն ուրիշ է»:

Քարամյանը մասնակցում է նման ցուցահանդեսների 2001 թվականից և տարիների ընթացքում լայն կապեր է հաստատել: Անցյալ տարվա ցուցահանդեսից հետո նրա ձեռնարկության սպառումն ավելացել է 10-15 տոկոսով:

Նրա կողքին «Էլոլա» ընկերությունն է, որը ներկայացնում է պանրի 5 տեսակ: Ընկերության գործադիր կառավարիչ Նարինե Առաքելյանն ասում է, որ այսպիսի միջոցառումները նպաստում են ընկերության հեղինակության բարձրացմանը: Անցյալ տարվա ցուցահանդեսից հետո կապեր հաստատվեցին Կապանի հետ, և այսօր արդեն Կապանը, Մեղրին ու Ագարակը պանրի իրացման իրենց լավագույն շուկան են, որտեղ մեկ ամսում իրացնում են 40 տ պանիր:

«Սյունիքպրոդէքսպո-2005» ցուցահանդեսը կազմակերպել էր Գորիսի բիզնեսի աջակցության կենտրոնը Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի, «Դի-Էյ-Այ» կազմակերպության Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) շուկայի զարգացման ծրագրի հետ: Ծրագրի գործադիր տնօրեն Հարրի Դին Քիլմերն ասում է. «Ցուցահանդեսը նոր եռանդ է հաղորդում գործարարներին ու ընկերություններին: Սկսեցինք քչից, բայց արդեն հիանալի արդյունքների ենք հասել»:

Ըստ Քիլմերի`Հայաստանի գործարարներն արագ են զարգանում: Իսկ իրենց նպատակն է ցույց տալ տեղացի ձեռներեցներին` ինչպես հասնել միջազգային չափանիշների, և շատերն արդեն հասել են դրանց: Այսօր շատ ձեռնարկություններ արտահանում են իրենց արտադրանքն արտերկիր, հատկապես` ԱՊՀ երկրներ: Հիմնականում արտահանվում է խմելու շշալցված ջուր, պահածոներ, տրիկոտաժ, պանիր և չոր մրգեր:

Ցուցահանդեսը նաև հնարավորություն է տալիս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ծանոթանալու արտադրատեսակներին: Նա խոստանում է աջակցել գործարարներին:

«Միջոցառումը հաստատում է, որ կյանքը մարզում օրեցօր աշխուժանում է, կա առաջընթաց: Նաև հուսադրում է Սյունիքի ժողովրդին, որ ամուր կանգնեն իրենց հողին: Պատրաստ ենք ցանկացած ձեռներեցի օգնելու, կանգնելու նրա կողքին, միայն լավ ծրագիր ներկայացնեն»:

Ըստ մարզպետի` Սյունիքում գործազրկությունը կազմում է 60 տոկոս, բայց ձեռներեցների շնորհիվ այն կրճատվում է, բացվում են նոր աշխատատեղեր: Սակայն մարզի ամենացավոտ հարցը մնում է Կապան քաղաքը:

«Կապանի 13 հզոր գործարանները փակվեցին: Այստեղ գյուղատնտեսություն չկա, Գորիսում, Սիսիանում, Մեղրիում այն զարգացած է: Պետք է զարգացնենք ֆերմերային տնտեսությունները, քարի արտադրությունը և ստեղծենք աշխատատեղեր հատկապես կանանց համար` ընդլայնելով տեքստիլ արտադրությունը»,- ասում է նա:

Հայաստանի ՓՄՁ-ի շուկայի զարգացման ծրագրի բիզնես խորհրդատու Սամվել Շահբազյանը նշում է, որ Սյունիքում ձեռներեցությունը թերզարգացած է, սակայն մարզը մեծ ներուժ ունի և աստիճանաբար կհայտնվի ուշադրության կենտրոնում:

«Երևանին մոտ գտնվող մարզերը քիչ թե շատ օգտվում են ամենի ինչից, իսկ հեռու գտնվողներն ավելի մեկուսացած են, քիչ են շփումները: Սյունիքի համար շատ կարևոր էին ճանապարհները, որոնք այսօր վերանորոգված են: Դա հնարավորություն է տալիս զարգացնելու գործարարությունը»,- ասում է նա:

Գորիսեցի Լյովա Մեջլումյանը ներկայացնում է «Գորիս Ալկո», «Գորիս գրուպ ՍՊԸ» և «Գորիսի սննդի կոմբինատ» ԲԲԸ-ները: Մի քանի ամիս է սկսել է արտադրել «Ակներ» խմելու ջուրը և արդեն համագործակցության լավ առաջարկներ է ստացել:

«ՓՄՁ-ում ստացած խորհրդատվությունն ամենակարճ ճանապարհն է դեպի հաջողություն: Մինչ այդ թվում էր, թե շատ բան գիտեինք, բայց հիմա ենք հասկանում, որ ոչինչ էլ չենք իմացել»,- բացատրում է Մեջլումյանը:

Գորիսի բիզնեսի աջակցության կենտրոնի տնօրեն Նաիրի Շալունցը կարևորում է այն հանգամանքը, որ ցուցահանդեսն ամրապնդում ու խորացնում է տարածաշրջանի բիզնես-կենտրոնների միջև եղած կապերը: Բարձրանում է նրանց հեղինակությունը, ճանաչում են ձեռք բերում, մարդիկ սկսում են դիմել նրանց:

«Սյունիքի մարզը, անշուշտ, ուներ այս ցուցահանդեսի կարիքը, և կարելի էր ավելի մեծը կազմակերպել: Հաջորդ տարի այդպես էլ կանենք»,- ասում է Շալունցը: